...

100 դրամը ծիծաղելի թիվ է. փոխադրողների միության նախագահ

100 դրամը ծիծաղելի թիվ է. փոխադրողների միության նախագահ

Գործադուլ 

Այսօր մոտ 10 երթուղու 150 մեքենա դուրս չի եկել երթուղի։ Վարորդները գործադուլն են արել՝ պատճառաբանելով, որ վաստակած գումարն իրենց կատարած աշխատանքին հավասար չէ։

Նրանք բողոքում են, որ ուղևորափոխադրող ընկերության սեփականատերը որոշել է 1500 դրամով ավելացնել իրենց կողմից վճարվելիք գումարի չափը։

Բողոքի դուրս եկած վարորդները պահանջում են լուծել քաղաքում առկա խցանումների, գազի գնի, տուգանքների և այլ հարցեր: 

Քաղաքային տրանսպորտի վիճակն այնքան է վատացել, որ այսօր հասել ենք անդունդի եզրին: «ՉԻ»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը:

Նա չի մեղադրում երթուղու սեփականատիրոջը, որը օրավարձը բարձրացրել է, իսկ վարորդների բողոքներն էլ արդարացված է համարում: Ասում է՝ այս տարիների ընթացքում վարորդների կատարած ծախսերն ավելացել են, իսկ ուղեվճարի փոփոխություն տեղի չի ունեցել:

Փոխադրողների միության նախագահի կարծիքով՝ ուղեվարձի այսօրվա գինը ծիծաղելի թիվ է, այն սահմանվել է 1996 թվականին ու մինչև օրս նույնն է մնացել:

«Մարդիկ վաստակում են այնքան, ինչքան վաստակել են 1996-1997 թվականներին: Իրենց կատարած ծախսերի վճարները թանկացել են և սկսել են աղքատանալ: Աղքատացել են նաև ընկերությունների սեփականատերերը՝ գծատերերը»,- նկատեց նա:

Ասում է՝ քաղաքապետարանը փափուկ բարձ է դնում իրենց գլխին՝ հայտարարելով, որ նոր տրանսպորտային ցանց ենք ունենալու: Իսկ մինչև այդ, ըստ Եղիազարյանի, քաղաքը կարող է առանց տրանսպորտի մնալ:

«Մինչև առուն ջուր գա, գորտի աչքը դուրս կգա: Այսօր միկրոավտոբուսների սեփականատերերը ներդրումներ չեն անում, որովհետև գիտեն՝ ժամանակավոր են: Նորոգում են այն հանգույցները, որոնք ապահովում են երթևեկության անվտանգությունը, ուրիշ բանի վրա ծախս չի արվում: Մենք ունենք միկրոավտոբուսներ, որ ոտքդ դնում ես, խրվում ես պոլի մեջ, դռներ կան, որոնք չեն բացվում: Ղեկային սիստեմն են միայն վերանորոգում և մի քիչ էլ այլ կոսմետիկ նորոգումներ են անում, որ կարողանան աշխատել»,- նշեց նա:

Երթևեկությունը կաթվածահար չլինելու համար Հրանտ Եղիազարյանն առաջարկում է երկարաժամկետ խնդիրը լուծելու ճանապարհին նաև քայլեր ձեռնարկել կարճաժամկետի համար:

«Միկրոավտոբուսները ժամանակավոր են: Մենք միշտ ասում էինք, որ միկրոավտոբուսները քաղաքային տրանսպորտի տեսակ չեն, բայց մեր հարցին ուշադրություն չէին դարձնում: Բայց մինչև նոր տրանսպորտային ցանցը, բերենք այսօրվա երթուղայինների հարցը լուծենք, որ այսօրվա փոխադրողները կարողանան ապրել, հաց վաստակել և շարունակեն աշխատել»,- ասաց մեր զրուցակիցը:

Երթուղայիններին ազատել հարկերից

Ըստ Հրանտ Եղիազարյանի՝ այսօրվա գործող ուղևորափոխադրող ընկերություններին պետք է ազատել հարկերից:
«Մինչ նոր տրանսպորտը գա, միկրոավտոբուսները կգնան աղբանոց: Թող մեր լեգիտիմ ընտրած իշխանությունները մտնեն ԱԺ՝ կառավարության միջոցով և երթուղայիններին ազատեն հարկերից: Ասեն՝ հարգելի մեր ընտրյալներ, մենք այսօր ոչնչանում ենք: Տրանսպորտի նախարարությունը և քաղաքապետարանը պետք է դիմեն կառավարություն, կառավարության միջոցով մտնեն Աժ և լուծեն որոշակի ֆինանսական խնդիրներ, որ թեթևացնեն նրանց հոգսը»,- նշեց Եղիազարյանը:

Մինչև տրասնպորտային նոր ցանցի իրականություն դառնալը, Երևան քաղաքի տրանսպորտի վարչությունը վարորդներին խոստացել է 10 օրվա ընթացքում խնդիրը կարգավորել:

Մանյա Պողոսյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1989 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ