Ինչպես հիմա թրենդային է, օդն այնքան է մաքրվել, որ նախկին թիվ մեկ փեսայի մոտ ռեստավրացիա իրականացնելու հույսեր են ծնվել: Ամենայն հավանականությամբ իր խայտաբղետ լրատվականներից մեկում հակագիտական նյութ է կարդացել, որտեղ ինչ-որ մեկը պնդում է, որ կորոնավիրուսը առաջնահերթ վնասում է մարդկանց հիշողությունը: Ինքն էլ որոշել է՝ քանի մարդկանց հիշողությունը վնասված է, կարելի է արագ տարանջատվել նախկին բոլոր հանցակիցներից և հայրենասերի թիկնոցը հագնելով՝ շտապել փրկել հայրենիքը:
Առաջին լայվում մերկացրեց Վանեցյանին՝ նշելով, որ հասել է Հռոմ և անօրեն առաջարկ արել իրեն: Իհարկե, չանդրադառնալով, թե այդ դեպքում ինչո՞ւ են իր մեդիաներն առավոտից երեկո գովազդում այդ անօրենին: Ինչո՞ւ են փորձում ռեկետյորից քաղաքական դեմք կերտել: Ինչո՞ւ են փորձում սովորական տասովչիկից ստանալ ազգային անվտանգությամբ մտահոգվածի կերպար:
Երկրորդ լայվում արդեն թիրախավորվեց Սերժ Սարգսյանը: Մինչ ինքը եվրոպաներում անհավասար պայքար էր մղում թուրքերի ու ազերիների դեմ, աները երկիրը սարքել էր բալագան, որտեղ արտահայտվելու իրավունք ունեին միայն ինքը և Նիկոլ Փաշինյանը: Եվ թերևս այս պնդումը գոնե 1 տոկոս արժանահավատ լինելու շանս ունենար, եթե չլիներ մի կարևոր հանգամանք: Բալագանի ամբողջ պլատֆորմի ճարտարապետը հենց Մինասյանն էր՝ իր տարատեսակ բլոգնյուզերով ու ֆեյսբուքյան փղիկներով:
Միքայել Մինասյանը պետք է հասկանա, որ չի կարող թաքնվել դեսպանի կարգավիճակի ներքո: Հայաստանը մի երկիր է, որն ունեցել է իրապես խիզախ դիվանագետներ, որոնք տեսնելով Մինասյանի աներոջ և նրա ընկեր Քոչարյանի հանցագործությունները՝ վայր են դրել իրենց լիազորությունները և դատապարտել ընտրությունների կեղծումն ու ժողովրդի դեմ ուժի կիրառումը: Եվ հաստատ ինքը ավելին չի արել Հայաստանի համար և ավելի հայրենասեր չէ, քան օրինակ Ռուբեն Շուգարյանը կամ Արմեն Բայբուրդյանը:
Ամենայն հավանականությամբ հաջորդ լայվով կթիրախավորվեն Սաշիկը և նրա որդիները: Կպարզվի, որ ինքը միշտ փորձել է կանխել նրանց անօրինությունները: Նրանցից տուժած գործարարներին ու քաղաքացիներին օգնություն է առաջարկել, հորդորել է դիմել իրավապահ համակարգին, բայց դե Սերժի ու Նիկոլի ստեղծած համակարգում ինքը միայնակ էր: Եվ բացարձակ սուտ են այն տեղեկությունները, որ շատ ապօրինությունների հետևում հենց ինքը կանգնած լինելով՝ իր մեդիաների միջոցով լուրեր է գեներացրել, թե իբր այդ հանցագործությունների հետևում կանգնած են Սաշիկը և նրա որդիները:
Բայց ամենազդեցիկ լայվը կլինի, երբ կփորձի տարանջատվել Արա Մինասյանից: Կպարզվի, որ ինքը մանուկ հասակից դիսկոմֆորտ է ունեցել, որ հայրը կաշառք է վերցնում, իսկ երբ հասկացել է, որ նաև կոռուպցիոներ է, պարզապես նրան նզովել է և զրկել որդիական օրհնանքից: Անգամ կպատմի, որ հոր հանցագործությունների մասին պատմել է Հռոմի պապին և նրանից ապաշխարություն ստացել:
Բայց եթե հարյուր հատ լայվ էլ անի, երբեք չի անդրադառնա, թե ինչպես դարձավ մեդիամագնատ, ինչպես սեփականաշնորհեց Ձորագետի ՀԷԿ-ը և ինչպես գործարար Մանվել Տեր-Առաքելյանից խլեց Օպերայի տարածքում գտնվող սրճարանը:
Արիս Վաղարշակյան