Կորոնավիրուսը միֆեր է կոտրում ու կոտրում: Մինչև վերջերս հաճախ կարելի էր լսել տեսակետ, որ նախկին թիվ մեկ փեսան՝ Միքայել Մինասյանը, չափազանց խելացի տղա է, պարզապես նրա խոցելի կողմը Սերժ Սարգսյանն է և հանրապետական կուսակցությունը: Նա շատ խնամքով էր կառուցել իր պիառը, ի տարբերություն աներոջ ու մյուս հանրապետականների՝ երբեք հանապատրաստի և արդյունքում զավեշտալի ելույթներով ու հայտարարություններով հանդես չէր եկել, սփիչռայթերները հատուկ խնամքով էին գրում նրա ֆեյսբուքյան գրառումները:
Բայց, ինչպես հայտնի է, Մինասյանը շատ ավելի վաղուց է սկսել ինքնամեկուսացվել Վատիկանի պադվալներում, քան կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված, և արդյունքում ունենք հոգեբանական լուրջ խնդիրներ ունեցող և քաղաքական իրավիճակը սթափ չգնահատող նախկին դեսպան:
Վերջին երկու օրվա ընթացքում շատ քոչարյանականներ և հանրապետականներ ակնհայտ փոխել են մարտավարությունը: Հասկանալով, որ իրենց ցանկացած քննադատություն ժողովրդի կողմից ենթարկվում է պատասխան քննադատության և արձանագրման՝ պետության և ժողովրդի համար այս դժվար օրերին նրանք ցանկանում են պղտոր ջրում ձուկ որսալ, սկսել են հայտարարել, թե հիմա չկա իշխանություն և ընդդիմություն ու վարակի հաղթահարումից հետո միայն կարելի է վերադառնալ սխալների քննարկմանը:
Լրատվամիջոցների անգամ մակերեսային մոնիթորինգը ցույց է տալիս, որ Շարմազանովի և ընկերների նման գրառումներն արժանանում են օգտատերերի հավանությանը: Եթե նախկինում Շարմազանովի ցանկացած գրառման լրատվական հղումների ներքո 70 տոկոսից ավելին վրդովված հավանումներն էին, ապա նոր մոտեցումը չի առաջացնում ժողովրդի զայրույթը: Շարմազանովը և ընկերները հասկացել են, որ ավելի հեռանկարային է այս պահին ներկայանալ իբրև պետականամետ:
Այլ է Մինասյանի պարագան: Նա կորցրել է իրականության զգացումը և վերջին գրառման մեջ օգտագործում է այնպիսի մտքեր, որ հասկանալի է դառնում՝ երիտասարդը բացարձակ մտահոգված չէ քաղաքական հեռանկարով, պարզապես ի վիճակի չէ ներսում պահել սեփական մաղձը և ապագայի անորոշ վիճակի նկատմամբ անհանգստությունը:
Այս դիրքավորումը դեռ երկար է հիշեցվելու Մինասյանին:
Մնում է փաստել՝ կորոնավիրուսը վնասում է նաև ուղեղը;
Արիս Վաղարշակյան