...

Ձախողվածը

Ձախողվածը

Չեք հավատա, բայց Սերժ Սարգսյանի փեսան, նույն ինքը՝ Միքայել Մինասյանը, որոշել է քննադատել մամուլի ներկա վիճակը և որպես դրա գլխավոր մեղավոր ներկայացնել վարչապետ Փաշինյանին: Ահա մեկ հատված նրա երկարաշունչ ֆեյսբուքյան գրառումից. «Ինչպես թերթի խմբագիր եղած ժամանակ, այնպես էլ հիմա Նիկոլ Փաշինյանը չի ցանկանում և չի պատրաստվում ո՛չ պատասխանատվություն վերցնել, ո՛չ էլ պատասխանատվություն կիսել։ Նրա գերխնդիրն է՝ պոպուլյար և պոպուլիստական արարքների մատակարարումը (նկատեք՝ ոչ որոշումների)։ Բայց դրաման այստեղ չի վերջանում. խնդիրն այն է, որ 24-ժամյա թերթային տրամաբանությամբ և տրամադրությամբ ապրում են ոչ միայն Նիկոլ Փաշինյանը, այլև ՀՀ քաղաքացիների զգալի մասը, ովքեր նույնպես Փաշինյանի հետ միասին չեն կիսում պատասխանատվություն, ապրում են փաշինյանական միֆականացված աշխարհում, առավոտյան կարդում են փաշինյանական բովանդակությունը, կողմնորոշվում՝ ում գովել, ում հայհոյել։ Այդպես մինչև հաջորդ առավոտ: Այս իշխանության մասին պետք է հիշել մեկ հիմնարար ճշմարտություն. Նիկոլ Փաշինյանը չունի անցյալ կամ ապագա։ Նա ապրում է միայն ներկայով»:

Միքայել Մինասյանն ասում է, որ Փաշինյանը չունի անցյալ: Եթե Փաշինյանը չունենար անցյալ, ապա Մինասյանը կշարունակեր աներոջ ինդուլգենցիան ունենալով՝ խլել բիզնեսներ և կառուցել մենաշնորհներ: Եթե Փաշինյանը չունենար անցյալ, ապա Մինասյանի հայրը կշարունակեր թալանել առողջապահության ոլորտը, երբևէ հիվանդանոց չդիմած մարդկանց անունից՝ պետությունից միլիարդավոր դրամներ գրպանելով:

Բայց այս ամենը խամրում է Մինասյանի՝ մամուլի վիճակի մասին կոկորդիլոսի արցունքներով համեմված հիշատակման ֆոնին: Հայկական մամուլը պարզապես բռնաբարած, Հայաստանում ֆեյք նյուզ ներդրած, մեկ կամ մի քանի օրով լրատվականներ բացած, ուրիշների կայացած մեդիան խլած և նախկին տերերին Հայաստանից արտաքսած, հեռուստաընկերություններում սև ցուցակների կիրառումը կատարելագործողը և շարունակողը մտահոգ է մամուլի ներկա վիճակի համար և անգամ գտել է մեղավոր: 

Մինասյանը փորձում է համոզել, որ մեկ առանձին վերցված թերթը կարողացել է ապականել դաշտը, իսկ ինքը իր մեդիա հոլդինգներով չի կարողացել արհավիրքի դեմն առնել: Ինչպես հավատալ մեկի խոստովանությանը, թե 100 միավորով չի կարողացել դիմակայել մեկ միավորին: Ինչպես հավատալ մեկին, որ տասնյակ հեռուստաընկերություններով և թերթերով, հարյուրավոր կայքերով չի կարողացել դիմակայել մի քանի հազար տպաքանակ ունեցող թերթին:

Մինասյանը տարիներ շարունակ փորձում էր լրատվական դաշտում ստեղծել կառավարելի քաոս: Բայց 2018 թվականի դեպքերը ցույց տվեցին, որ նա ընդունակ էր ստեղծել միայն քաոս:

Մինասյանի գրառումը ոչ այլ ինչ է, քան ապաշնորհության ինքնատիպ խոստովանություն: Աներ հայրիկը նրան տվել էր անսահմանափակ ռեսուրսներ գործելու քարոզչական դաշտում, սակայն նա պարտվել է տասնյակ անգամ պակաս ռեսուրսներ ունեցող ուժերին:

Հատկապես Սերժ Սարգսյանը պետք է լավ հիշի՝ իր մերժման գլխավոր պատճառներից էր փեսայի կատարյալ ձախողումը քարոզչական և լրատվական դաշտում:

Արիս Վաղարշակյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   5749 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ