Գաղտնիք չէ՝ եթե Միքայել Մինասյանին անգամ վաղը հայտնաբերեն եվրոպական որևէ երկրում ու ձերբակալեն, նրան Հայաստան հանձնելը տարուց ավել կտևի: Բացառապես քրեական քեյս ունեցող Նարեկ Սարգսյանի էքստրադիցիան տևեց ուղիղ մեկ տարի: Մինչդեռ Մինասյանն այս ընթացքում ավելի շատ ջանքեր կներդնի, որ իրեն ներկայացրած քրեական մեղադրանքները ներկայացնի իբրև քաղաքական հետապնդումներ: Հաշվի առնելով Նարեկ Սարգսյանի հետագիծը՝ նախկին ռեժիմը նրա դեպքում այդպիսի երանգավորումներ տալու փորձ անգամ չարեց: Փեսայի դեպքում այդ կռվանները հաստատ կօգտագործվեն:
Եվ ուրեմն, մենք դեռ երկար ենք առերեսվելու Միքայել Մինասյանի բարոյախրատական և փիլիսոփայական գրառումներին, իսկ նրա տիրապետության տակ գտնվող քարոզչամեքենան իր ագրեսիվությամբ մրցակցելու է Քոչարյանի պրոպագանդիստների հետ:
Ստեղծված իրավիճակում իշխանությունը չպետք է նստի և անցած երկու տարվա պես սպասի՝ համոզված լինելով, թե մերժվածի փեսան առ ոչինչ է քաղաքական խճանկարում:
Ապօրինի ձեռք բերված գույքի բռնագանձման օրենքի առաջին թիրախը պետք է լինի Միքայել Մինասյանը: Եվ պետք չէ սկսել նրա ՀԵԿ-երից ու սրճարաններից: Առաջնահերթ պետք է սկսել նրա մեդիա կայսրությունից: Պետք է հստակ հասկանալ, թե ինչ մեխանիզմների շնորհիվ է նա կարողացել տիրանալ «Արմենիա» հեռուստաընկերությանը:
Պետք է բացահայտվի՝ արդյո՞ք նախկին սեփականատերերը քաղաքական իշխանության ճնշման ներքո ստիպված չեղան վաճառել հեռուստաընկերությունը թիվ մեկ փեսային:
Պակաս հետաքրքիր չի լինի հասկանալ, թե ինչպես չորս երիտասարդներ, որոնք երբևէ չէին զբաղվել բիզնեսով, չունեին հարուստ ծնողներ ու զոքանչներ, կարողացան «գնել» «Արմնյուզ» հեռուստաընկերությունը: Արդյո՞ք վաճառքի գինը շուկայական էր, տեղի է ունեցել բարեխիղճ գործարք և որտեղի՞ց բացառապես պատգամավոր աշխատած Ֆարմանյանին, Սաղաթելյանին, Հակոբյանին ու Բեքարյանին այդքան ֆինանսական հնարավորություններ, որ հեռուստաընկերություններ ու ռադիոկայաններ գնեն:
Վերոհիշյալ օրենքի առաքելությունը հենց դա պետք է լինի և ոչ թե ինչ-որ իքս օլիգարխի իգրեկ հյուրանոցի բռնագանձումը, որը լավագույն դեպքում դառնալու է Գոլդեն Փելես 2:
Արիս Վաղարշակյան