Երևանի ավագանու նախկին անդամ, «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ Սոնա Աղեկյանը գրել է. «Եվրատեսիլում Հայաստանը որպես հայ ներկայացնողը պետք է ունենար 1 նպատակ՝ երգի և կատարման միջոցով ներկայացնել հայի կործանման վտանգը և ազերու նենգությունն ու դաժանությունը, կատարումը պետք է ավարտվեր հնչելով՝ վերադարձրեք մեր եղբայրներին, իսկ դու՛, աշխարհ՝ անտարբեր մի եղիր հայի ու Հայաստանի կործանման հանդեպ։ Նա ուղղակի պարտավոր էր հնչեցներ ահազանգ՝ ի լուր աշխարհի։ Չարեց։ Հայուհին հայ օրիորդին վայել կերպարով՝ համապատասխան հագուստով պետք է ներկայանար։
Ո՞ւմ եք ժպտադեմ ասում Thank you? Ազգականիդ մորթողի՞ն, պապերիդ շիրիմները պղծողների՞ն, անթույլատրելի զենքով հասակակիցներիդ վերացնողի՞ն։ Թո՛ւ, ձեզ հայ ասողին»:
«ՉԻ». Բա ձեզ թվում էր, որ երեկ քաղաքական գործիչների արձագանքներն էինք ներկայացնում, կարո՞ղ է գիտեք՝ հումոր էինք անում:
Ուղղակի Սոնա Աղեկյանի մտքերը մեր աչքով չէին ընկել: Թե չէ դա կավելացնեինք:
Հետաքրքիր է, որ երեկ քոչարյանական լրատվամիջոցները Մալենային Զեյնաբ Խանլարովայի հետ էին համեմատել ու իրենց բոլոր էջերով, ԶԼՄ-ներով դա տարածել:
Նկատեցինք, Սոնա Աղեկյանի փառահեղ մտքերն էլ են զետեղվել քոչարյանական լրատվամիջոցում: Դե, մարդիկ պայթում են, որ կակոյ նիբուդ Մալենա բերել, խառնել են գյոզալ Խանլարովայի հետ: Բարձրաճաշակ, նուրբ հոգի ունեն, ծանր են տանում:
Հիմա ի՞նչ ենք առաջարկում. քանի որ Սոնա Աղեկյանը քիչ մը մանկամիտ է, բերեք, հաջորդ տարի այստեղ անցկացվելիք «Մանկական Եվրատեսիլում» թող ինքը ներկայացնի Հայաստանը: Պայ-պայ-պայ, էդ ի՞նչ օրը կգցի թուրք-մասոն-ջհուդ-ադրբեջանցի երեխաներին: 17-րդ դարի տարազը հագած, թշնամիների մազերը փետրահան կանի, կերգի «Անտեր մնաց Մշո խորոտ լեռները», Վիլսոնի քարտեզը կտա գլխներով:
Մտածեք, բաց մի թողեք պատմական շանսը: Ով էլ մերժի մեր առաջարկը, թու ձեզ մարդ ասողի: