«Տղերք, հազիվ փխրուն համերաշխություն է ստեղծվել, բոլորս եռագույնի տակ հավաքվել ենք, այնպես արեք, որ տեղ ունենաք այդ եռագույն դրոշի տակ: Այլապես հարց է ծագում՝ մեր 5 զինվորականների կյանքերն Ալիևի խղճի վրա են, իսկ ո՞ւմ խղճի վրա են կորոնավիրուսի փնթի կազմակերպված պայքարի արդյունքում 900-ից ավելի զոհերը»,- 168.am կայքի հետ զրույցում հայտարարել է Արմեն Աշոտյանը:
«ՉԻ». Փաստորեն, արդեն իր տեղն ապահովել է եռագույնի ներքո, հիմա էլ որոշում է՝ ում ներս թողնի, ում մերժի:
Հանրապետականները միայն մեկ եռագույն պետք է տեսնեին՝ քրեակատարողական հիմնարկների վարչական շենքերի տանիքների վրա ամրացված եռագույնները:
Հետաքրքիր է՝ այդ ի՞նչ փխրուն համերաշխություն է ստեղծվել: Այսինքն, եթե կոնկրետ Երևանի փողոցներում կամ Տավուշի մարզում չեք կրակում, արդեն համերաշխությո՞ւն է:
Ի գիտություն Աշոտյանի և նրա ընկերների՝ հայ-ադրբեջանական վերջին սրացումների ֆոնին իրենք իրենց պահել են իբրև դասական երրորդ կողմ: Մեծ կոնֆլիկտի երրորդ կողմ, որն անմիջականորեն չի խառնվում հակամարտությանը, բայց ցանկանում է, որպեսզի երկու կողմն էլ առավել մաշված դուրս գան կոնֆլիկտից:
Եվ քանի որ հույսերը չարդարացան, և կողմերից մեկն ակնհայտ հաղթանակ տարավ, փորձում են տեղավորվել այդ կողմում:
Երևի փխրուն համերաշխության ամենավառ օրինակն էր, որ ջանք չէիք խնայում համոզելու, թե հայկական պետություն չկա: Բանակը ֆիդայական տրամաբանությամբ ինքն իրեն կռվում է, իսկ պետությունը լավագույն դեպքում չկա, իսկ երբեմն նաև խանգարում է:
Իսկ կորոնավիրուսից մահացած մարդկանց մահանալու պատճառների մեջ առյուծի բաժին ունեն բոլոր նրանք, որոնք հայտարարում են, թե վարակ չկա և դիմակ կրել ու սոցիալական հեռավորություն պահպանել պետք չէ:
Հակառակի պես նրանցից շատերը հավաքված են հանրապետականի դրոշի ներքո: