ՀՀ վարչապետի տեսաուղերձի հեռարձակման ընթացքում տեղի ունեցած միջադեպից հետո Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանի հրաժարականից հետո, իրենց դիմումների համաձայն՝ զբաղեցրած պաշտոններից ազատվել են նաև լրատվական ծառայության տնօրեն Պետրոս Ղազարյանը և հեռուստաընկերության պրոդյուսեր Վարդան Հակոբյանը։
Խորհուրդը Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական հարցերով տնօրենի տեղակալ Արմեն Սարգսյանին։
Լրատվական ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել տնօրենի տեղակալ Ռուբեն Շահինյանը։ Առաջիկայում Խորհուրդը կձևավորի մրցութային հանձնաժողով և կհայտարարի մրցույթ Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի պաշտոնի համար:
Դե ինչ, միջադեպի հիմնական պատասխանատուները դուրս մնացին Հանրային հեռուստաընկերությունից: Թեպետ այնքան էլ պարզ չէ, թե Պետրոս Ղազարյանը ինչ կապ ուներ միջադեպի հետ, ավելի հավանական է, որ ոչ մի կապ, պարզապես ինքն էլ է այս միջադեպի «ալիքի» տակ ընկել:
Ինչևէ, այժմ Հայաստանի գլխավոր հեռուստատեսությունը պետք է նոր տնօրեն ունենա: Բայց շատ ավելի կարևոր է, որ Հանրայինը վերջապես դադարի պետական քարոզչամեքենա լինել և իր անվանը համահունչ գործունեություն իրականացնի: Այն է՝ դառնալ հանրության հարթակը, նրա միջոցով վերհանվեն երկրի առավել կարևոր հիմնախնդիրները, և խոսքը ոչ միայն ներկայիս, այլև՝ պատմական հիմնախնդիրների մասին է: Անցյալից ժառանգած բազմաթիվ խնդիրներ ունենք, որոնք տարիներ շարունակ անտեսվում են: Սա վերաբերում է և՛ Ղարաբաղյան շարժմանը, և՛ Արցախյան պատերազմին, Առաջին Հանրապետությանը, Եկեղեցու պատմությանը, Եկեղեցի-պետություն հարաբերություններին, հասարակական-քաղաքական հնչեղություն ստացած իրադարձություններին, վերհանվեն մեր պատմության մութ էջերը՝ հոկտեմբերի 27-ը, մարտի 1-ը, 1998թ. փետրվարյան հեղաշրջումը, 1996թ. սեպտեմբերը, «մութ ու ցուրտ» տարիների և նմանատիպ այլ շահարկվող թեմաները, նոր հայացքով դրանք դիտարկվեն: Մի խոսքով, անելիքները շատ-շատ են:
Եվ դրա համար անհրաժեշտ է Հանրային հեռուստատեսությունը վստահել ոչ միայն գործի պրոֆեսիոնալներին, այլև՝ պետության և պետականության արժեքներին նվիրված մարդկանց, նրանց, ովքեր չեն առաջնորդվում այսրոպեական շահերով, չեն գործում իշխանությանը հաճոյանալու սկզբունքով, ինչպես եղել է վերջին 20 տարիներին, այսինքն՝ պիտի որոշակի սկզբունքների կրող լինեն:
Թե չէ Պետրոս Ղազարյանի տեղը այդ պաշտոնում ժամանակավոր նշանակել են լրատվական հաղորդումների պրոդյուսեր Ռուբեն Շահինյանին, երբ բոլորն էլ գիտեն, որ նա Ալիկ Հարությունյանի կադրն է, Մարգարիտա Գրիգորյանին փոխարինած պրոդյուսեր Արմեն Սարգսյանը Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Արա Շիրինյանի մտերիմ ընկերն է: Սա նորմալ չէ: Կստացվի, որ ընդամենը անձերի փոփոխություն է լինելու, այլ ոչ թե՝ բովանդակության:
Գործող ընթացակարգերով պետք է մրցույթ լինի, որից Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը նոր տնօրեն է նշանակելու: Եթե մրցույթը ընդամենը թոզ փչելու համար է լինելու և Հանրայինի ղեկավարների հարցը քավոր-սանիկ-մտերիմ սկզբունքով է լուծվելու, ավելի լավ է՝ հետ բերեք Պետրոս Ղազարյանին ու Մարգարիտա Գրիգորյանին: Տարբերություն չի լինելու: