...

Հարամել, հպարտանալ, շնորհավորել

Հարամել, հպարտանալ, շնորհավորել

Սահմանադրության օրվա առթիվ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ուղերձով ու ժողովրդին տեղեկացրել, որ Հայաստանում իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Ժողովուրդը, հասկանալի է, կարգին ուրախացել է, որովհետև մինչ այդ ուղերձը կարծում էր, թե իշխանությունը պատկանում է Նիկոլին։ Պարզվեց՝ չէ, ժողովրդին է պատկանում, և դա անշրջելի է։ Ու այս համատարած ցնծության պայմաններում երկրորդ պլան մղվեց ժողովրդի անբաժանելի մասնիկ Նիկոլի ուղերձի ամենազավեշտալի հատվածը, որի համաձայն՝ մեր Սահմանադրության նախաբանն ու առաջին հոդվածը (որտեղ գրված է, որ Հայաստանն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է) պիտի դառնա մեր առաջիկա անելիքների առանցքը։ Այսինքն՝ մեր 30-ամյա պետության ամենակարևոր անելիքները նոր-նոր պիտի սկսենք իրականացնել, մինչև հիմա ոչինչ չի արվել, ու ամեն ինչ սկսվում է իրենից։

Սահմանադրության առաջին հոդվածն իսկապես ամենակարևորն է, մեծ հաշվով՝ դրանից է կախված պետության որակը, հետևաբար՝ արժե հասկանալ, թե այդ առումով ինչ փոփոխություններ են եղել Հայաստանում անկախությունից ի վեր, ընդ որում՝ 4 բաղադրիչներից յուրաքանչյուրի մասով։ 

Որքանո՞վ էր Հայաստանն ինքնիշխան անկախության առաջին տարիներին։ Ինքնիշխանության մակարդակի առումով դրանք, անկասկած, լավագույն տարիներն էին։ Համենայն դեպս՝ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերվում էր հավասարը հավասարի պես, զուգահեռաբար արժանապատիվ երկխոսություն կար Թուրքիայի ու Իրանի հետ, ԱՄՆ-ն ու Եվրոպան էլ Հայաստանն ընկալում էին որպես տարածաշրջանային ինքնուրույն գործոն, որի հետ պետք է հաշվի նստել։ Արդյոք Հայաստանը ժողովրդավարակա՞ն երկիր էր։ Խնդիրներ կային, բայց ամեն դեպքում՝ Հայաստանը համարվում էր «տարածաշրջանում ժողովրդավարության կղզյակ»։ Արդյոք Հայաստանն իրավակա՞ն երկիր էր։ Ոչ, որովհետև լրջագույն խնդիրներ կային։ Նույնն էլ՝ սոցիալական երկրի առումով։ Ամեն դեպքում՝ 4 բաղադրիչներից երկուսն առկա էին, մյուս երկուսի դեպքում դրական դինամիկան ակնհայտ էր։

Ռոբերտ Քոչարյանի օրոք ինքնիշխանության մակարդակը սկսեց գահավիժել, և դա՝ առաջին հերթին ռազմավարական ենթակառուցվածքները Ռուսաստանին հանձնելու արդյունքում։ Ժողովրդավարությունը նույնպես նահանջեց՝ Քոչարյանը թքած ուներ դրա վրա, և վերջ։ Իրավական պետության ծիլերը նույնպես ոտնակոխ արվեցին։ Փոխարենը, որքան էլ առաջին հայացքից զարմանալի հնչի, «սոցիալական արդարության» առումով իրավիճակը բարելավվեց։ Քոչարյանը, մեծ հաշվով, Հայաստանում օտար էր ու խնդիր ուներ ամրապնդել իր իշխանությունը, իսկ դրա համար անհրաժեշտ էր ստեղծել քրեաօլիգարխիկ հզոր համակարգ, որում ներգրավված կլինեին հազարավոր մարդիկ, նրանց բոլորին պետք էր կերակրել, պետք էր հանցավոր գումարները դնել շրջանառության մեջ, պետք էր բաժին հանել նաև պետական համակարգի տասնյակ հազարավոր աշխատողներին, բարձրացնել նաև նրանց աշխատավարձերը և այլն, ու արդյունքում, շղթայական էֆեկտով, ժողովրդի սոցիալական վիճակը բարելավվեց։ 

Իշխանության գալով՝ Սերժ Սարգսյանը փորձեց բարձրացնել Հայաստանի ինքնիշխանության մակարդակը և նույնիսկ «ֆուտբոլային դիվանագիտություն» սկսեց, բայց կատարելապես ձախողվեց ու ձեռք քաշեց հետագա փորձերից։ Փորձեց երկիրը դարձնել ավելի ժողովրդավարական, բացահայտ բռնությունների փոխարեն ներդրեց «քաղաքական հաճախորդների» ինստիտուտը ու նույնիսկ հայտարարեց, թե ՀՀԿ-ն ոհմակ չէ, բայց վերջին հաշվով՝ դարձյալ ձախողվեց։ Սոցիալական և իրավական պետություն կառուցելու հարցում ինչ-ինչ քայլեր արեց, բայց՝ զուտ ձևական, առանց լուրջ արդյունքների։ Վերջում փոխեց Սահմանադրությունը, որպեսզի շարունակի իշխել, ու էլի ձախողվեց։

Թե ինչ արեց Նիկոլ Փաշինյանը՝ հայերեն ասած, «ծովաբողկը գիտի»։ Արդյունքն այն է, որ Հայաստանի ինքնիշխանության մակարդակը փաստացի զրոյական է, ժողովրդավարությանը փոխարինելու է եկել մուրճն օդում ճոճող դդումների դիկտատուրան, կիսաքաղց թոշակառուների անունից երկիր ղեկավարողները հարյուր միլիոնավոր դոլարների պարգևավճար են ստանում, իսկ պետությունն իրավական է այնքանով, որ դատաիրավական համակարգի ներկայացուցիչներին արգելվում է պատերի տակ վնգստալ։

Ու հիմա այս իշխանությունները Սահմանադրության տոն են նշում։ Չնայած՝ սրանք սեպտեմբերի 21 ու մայիսի 9 են հարամել, հուլիսի 5-ն ի՞նչ է, որ չկարողանան։

Մարկ Նշանյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1167 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ