Խմբագրության տրամադրության տակ է հայտնվել ՀՀ Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստի ձայնագրությունից մի հատված։ Ցավոք՝ ձայնագրության ցածր որակը հնարավորություն է տալիս լսել միայն Նիկոլ Փաշինյանի խոսքը, բայց կարծում ենք՝ այդքանն էլ բավական է նիստում քննարկված հարցերի վերաբերյալ մոտավոր պատկերացում կազմելու համար։ Եվ այսպես։
- Հա, ի՞նչ էի ասում։ Եկեք սկսենք ամենակարևորից։ Պարոն Ռուբինյան, ինչպե՞ս անցավ Թուրքիայի ներկայացուցչի հետ առաջին հանդիպումը։ Բարեկի՞րթ էր, քանի՞ դրական ազդակ ստացար, մեր իմացածներից բացի ուրիշ ի՞նչ նախապայմաններ առաջ քաշեց․․․ Ո՞նց թե «վերացնել այսպես կոչված ցեղասպանությանը նվիրված բոլոր հուշարձանները․․․»։ Հանգի՛ստ, հանգի՛ստ, պրն Սուքիասյան։ Խա՛չիկ, հանգստացի, նենց չի, որ քաղաքի կենտրոնում մի քանի հեկտար ընտիր տարածք ա ազատվում՝ վռազ իրար ես խառնվել․․․ Լա՛վ, Ռուբո, բա դու էն իմ ասած նախապայմանը առաջ չքաշեցի՞ր․․․ Էն որ ասում էի մի հատ կառավարական դաչա Անթալիայում՝ իրա մանղալով, արաղ քաշելու ապարատով, Մասիսի տեսարանով․․․ Ի՞նչ ա նշանակում՝ դա ԱԳ խողովակներով կուզենք։ Ա՛յ տղա, մինչև հիմա չես հասկացե՞լ, որ ԱԳ-ն ազդեցության գործակալն ա․․․
Լավ, անցնենք ներքաղաքական հարցերին։ ՏԻՄ ընտրություններից ի՞նչ կա։ Մենակ թե՝ կոնկրե՛տ զեկուցեք։ Քանի հոգու եք կալանավորել, քանի հոգու եք ծեծել, քանի հոգու եք փռել ասֆալտին, դա քանի քայլ առաջ ա ժողովրդավարության արմատավորման ճանապարհին․․․ Այսինքն՝ ի՞նչ ա նշանակում «Տեղ գյուղացի հովվի առևանգման արդյունքում ՔՊ-ն կորցրել ա մոտ 280 ձայն»։ Հլը չեն վերադարձրե՞լ։ Լավ, ընդմիջմանը կկանգնեմ հայելու առաջ, բանավոր ընթացակարգով կդիմեմ ՀԱՊԿ նախագահող երկրի ղեկավարին։
Միանգամից անցնենք պաշտպանական խնդիրներին։ Պաշտպանության նախարարի հարսանիքին ո՞նց ենք անում։ Ալե՛ն, դու մի՛ ոգևորվի, չեմ թողելու նոր մեքենադ պրակատով տաս։ Հարսանիքի ծրագիրը տվեք տեսնեմ։ Մենյո՛ւն չէ, ծրագիրը։ Չնայած՝ մենյուն է՛լ տուր։ Էս ի՞նչ ա, բանակի բյուջեի էս սուղ պայմաններում էս ի՞նչ ավելորդ ծախսեր են, էս ի՞նչ շոու-ծրագիր ա, էս ի՞նչ հումորային ծրագիր ա, էսքան փող ծախսելու փոխարեն կխնդրենք՝ Քերոբյան Վահանը ելույթ կունենա, Աղազարյան Հովիկը կենաց կասի․․․ Բա ի՞նչ նվեր ենք տանելու։ Տասնհինգ նախարար, տասը մարզպետ, ամեն մեկը որ 2 հազար դոլար քցվի․․․ Դուք գործ չունեք, դուք տվեք ինձ՝ ես բոլորիդ անունից ծրարով կփոխանցեմ։ Վատ չի, չէ՞, միանգամից 25 հազար դոլար նվեր կստանա։ Վահան, դու սո՛ւս, դու ավելի լավ ա մաթեմատիկայի օլիմպիադայիդ միավորները հաշվի․․․
Ցավոք՝ ձայնագրությունն այստեղ ընդհատվում է։