...

Հավաքական անգործությա՞ն պայմանագիր

Հավաքական անգործությա՞ն պայմանագիր

ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ Կոնստանտին Կոսաչովը «Аргументы и факты» թերթին տված հարցազրույցում հայտարարել է. «Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը, իմ տեսակետից, ՀԱՊԿ իրավասության մեջ չի մտնում»:

Այս թեմային արժե մի փոքր անդրադառնալ, մանավանդ՝ վաղը Երևանում ՀԱՊԿ գագաթնաժողովն է կայանալու, գուցե այս հարցն այնտեղ էլ քննարկվի:

Եթե ռուս պաշտոնյան հայտարարեր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը պետք է շուտափույթ կարգավորվի, որ Ռուսաստանի համար երկու պետություններն էլ կարևոր դաշնակիցներ են, բարեկամ ժողովուրդներ են, որ Ռուսաստանը փորձում է երկուստեք ընդունելի ինչ-որ լուծում գտնել, և այս կարգի դիվանագիտական լղոզված մտքեր, դա կարելի էր հասկանալ:

Բայց Կոսաչովը շատ կոնկրետ հայտարարություն է անում, որ Հայաստան-Ադրբեջան հակամարտությունը ՀԱՊԿ իրավասության մեջ չի մտնում: Իրականում ճիշտ չի ասում: Լավ էլ մտնում է: Որովհետև խոսքը ոչ թե հայ-ադրբեջանական, այլ Հայաստան-Ադրբեջան հակամարտության մասին է: Ավելին, խոսքը ՀԱՊԿ անդամ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտության մասին է: Իսկ դա դե յուրե բոլորովին այլ կոնտեքստ է հաղորդում կոնֆլիկտին:

2022թ. սեպտեմբերին տեղի է ունեցել Ադրբեջանի ագրեսիան ՀԱՊԿ անդամ Հայաստանի դեմ: Սա ընդհանրապես կապ չունի ղարաբաղյան հակամարտության հետ: Հայաստանը, որպես ՀԱՊԿ անդամ դիմել է ՀԱՊԿ-ին, որպեսզի կիրառվի կազմակերպության 4-րդ հոդվածը: Այնպես, ինչպես Ղազախստանը դիմեց ՀԱՊԿ-ին, որ 4-րդ հոդվածի հիման վրա ՀԱՊԿ-ը զորքեր մտցնի Ղազախստան և այնտեղ ստեղծված իրավիճակը կայունացնի: Իսկ ՀԱՊԿ 4-րդ հոդվածում նշված է. 

«Եթե կազմակերպության անդամ-պետություններից մեկը ագրեսիայի ենթարկվի, դա ՀԱՊԿ-ի բոլոր պետությունների կողմից դիտարկվելու է որպես ագրեսիա ՀԱՊԿ բոլոր երկրների նկատմամբ:

Ագրեսիայի ենթարկված պետության խնդրանքով ՀԱՊԿ մնացած բոլոր անդամ-երկրները անհապաղ նրան ցուցաբերում են անհրաժեշտ օգնություն՝ ներառյալ ռազմական»:

Այսպիսով, Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին՝ կազմակերպության պայմանագրի կոնկրետ հոդվածին հղում անելով, բայց այդ խնդրանքը մերժվել է կամ արհամարհվել: Ընդ որում, մերժման պատճառների մեջ չենք հիշում, որ ասեին՝ դե, ձեր կոնֆլիկտն է, մեր իրավասության մեջ չի մտնում: 

Իրականում, ՀԱՊԿ-ի նման կրավորական վարքագիծը հարված էր ոչ միայն Հայաստանին, այլ նաև հենց իր հեղինակությանը և նշանակությանը: Ի՞նչ հեղինակության մասին կարող է խոսք գնալ, եթե Ալիևը երեկ կայֆավատ էր լինում ՀԱՊԿ-ի վրա՝ հայտարարելով, թե Ադրբեջանն այնտեղ ավելի շատ դաշնակից ունի, քան Հայաստանը: Ու ինչքան էլ տհաճ լինի, ճիշտ է ասում: Բայց ամենավատն այն է, որ ՀԱՊԿ-ում ոչ ոք չի արձագանքելու այդ ապտակին: Այո, դա ապտակ էր, որովհետև Ալիևը պարզ հայտարարում է, որ ՀԱՊԿ-ը զիբիլ է, եթե նրա անդամ-երկրների միջև դաշնակցային հարաբերությունները բացակայում են: 

Իհարկե, բութ չենք, հասկանում ենք, որ Հայաստանն այսօր անկյուն է քշված, պարտված, թուլացած է, ՀԱՊԿ անդամ երկրների համար որևէ արժեք չի ներկայացնում, որ ՀԱՊԿ անդամ երկրները բազմաթիվ տնտեսական, գազաէներգետիկ նախագծերով Ադրբեջանի հետ սերտ համագործակցում են, փոխշահավետ տնտեսական կապեր ունեն, բայց Կոսաչովի ասածը դրանից ավելի ընդունելի չի դառնում: 

Ու պարզ է, որ նման հայտարարությունները բացասական արձագանք պետք է գտնեին հայ հանրության շրջանում: Սեպտեմբերյան ագրեսիայից հետո հայտնի քաղաքագետ, Շանհայի Արևելա-չինական համալսարանի դոկտորանտ Յանկո Շիպանովիչը «The Diplomat» պարբերականում իր` «Կարո՞ղ է Ռուսաստանը նախկինի պես հուսալի «շերիֆ» մնալ Եվրասիայի համար» հոդվածում դրա մասին ընդգծել է. «Ռուսաստանի կողմից առաջնորդվող մարմինները, հատկապես՝ ՀԱՊԿ-ը, տարիներ շարունակ պայքարել են, որպեսզի անվտանգության ոլորտում բավարարեն իրենց անդամների որոշ հիմնական պահանջները: Բայց երբ ՀԱՊԿ-ն որոշել է գործել, ընտրովի է արել, թե որտեղ միջամտի, ինչը խիստ հիասթափեցրել է դաշնակիցներին, այդ թվում՝ Հայաստանին, Ադրբեջանի հետ վերջին բախումների ժամանակ...

Միևնույն ժամանակ ՀԱՊԿ-ն շարունակում է իր անհետևողականությամբ և անգործությամբ հիասթափեցնել իր անդամներին: 2020-ին ես պնդում էի, որ ՀԱՊԿ-ն ղարաբաղյան պատերազմի ժամանակ բաց է թողել խաղաղապահներ տրամադրելու գործով զբաղվելու հնարավորությունը: Փոխանակ կազմակերպությանը թույլ տրվեր ցուցադրել իր նշանակությունը (և հանգստացնել սպառնալիքի տակ գտնվող դաշնակցին), Ռուսաստանը թելերն իր ձեռքը վերցրեց և Թուրքիայի հետ միասին Հայաստանի ու Ադրբեջանի միջև հրադադարի դադարեցման միջնորդ հանդիսացավ»:

Սա, այսպես ասենք, իրադարձություններին կողքից նայող մասնագետի կարծիք է, որը բավական օբյեկտիվ է ընկալվում: Հետաքրքիր է, որ Շիպանովիչի տեսանկյունից Կոսաչովը սխալ է ոչ միայն Հայաստան-Ադրբեջան, այլ նաև հայ-ադրբեջանական կոնֆլիկտի դեպքում:

ՎԱՐԿԱՆԻՇ

   533 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ