...

«Հավաստի աղբյուրի» հոդվածի 2-րդ մասը

«Հավաստի աղբյուրի» հոդվածի 2-րդ մասը

Մեր ունեցած վստահելի տեղեկությունների համաձայն, Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» թերթը պատրաստվում է հրապարակել «Ի՞նչ է ուզում Ադրբեջանը» հոդվածի շարունակությունը, որի տեքստը հայտնվել է խմբագրության տրամադրության տակ։ Ընդ որում՝ հոդվածի առաջին մասի հրապարակումից հետո «ՀԺ»-ի սրբագրիչն արդեն իսկ ազատվել է աշխատանքից և զորակոչվել եռամսյա հավաքների, որովհետև փորձել էր տեղի սղության պատճառով կրճատել ոչ միայն հոդվածը, այլև հեղինակի անուն-ազգանունը՝ գրելով «Հավաստի Աղբ», բայց դավադրությունը ժամանակին բացահայտվել և կանխվել է։ 

Ինչևէ։ Ներկայացնում ենք հոդվածի երկրորդ մասը։

«Հոդվածի առաջին մասում մենք գույքագրել և ներկայացրել էինք Ադրբեջանի 5 հիմնական պահանջները, բայց բարեկիրթ հարևանի պահանջներն, իհարկե, միայն դրանցով չեն սահմանափակվում։ Տարբեր ձևաչափերով փակ հանդիպումների ընթացքում մեր առջև դրվում են նաև հետևյալ պահանջները․

1․ Լուծարել ՀՀ Զինված ուժերը, իսկ ռազմական տեխնիկան որպես մետաղի ջարդոն իրացնող ՍՊԸ-ի տնօրեն նշանակել Արմեն Վովայի Փաշինյանին։

2․ Ամեն ամիս ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների պարգևավճարներն ավելացնել առնվազն 50 տոկոսով։

3․ Օրենքով ամրագրել, որ 1919, 1920 թվականների քարտեզներով սահմանված Հայաստանի տարածքում գործող բոլոր տնտեսվարողներն ամեն ամիս իրենց շահույթի 50 տոկոսը փոխանցեն «Իմ քայլը» և «Ժպիտների քաղաք» հիմնադրամների՝ շվեյցարական բանկերում պահվող գաղտնի հաշիվներին։

4․ Այդ միջոցներով ՀՀ վարչապետի ընտանիքի համար անշարժ գույք ձեռք բերել բացառապես ՆԱՏՕ-ի անդամ երկրների տարածքներում։

5․ ՀՀ Ոստիկանության հատուկ ստորաբաժանումների ուժերով ասֆալտին փռել և պատերին ծեփել բոլոր նրանց, ովքեր կփորձեն Հայաստանում բողոքի ձայն բարձրացնել։

Պետք է հաշվի առնել, որ վերը նշված պահանջների մերժման դեպքում կտրուկ կմեծանա Ադրբեջանի կողմից նոր ռազմական սադրանքների իրականացման հավանականությունը։ Եվ վարչապետ Փաշինյանն, այո, ընդունելո՛ւ է այդ պահանջները՝ առանց վախենալու «դավաճան», «պատուհաս», «կոռուպցիոներ» և այլ պիտակներից։ Նրան չի հետաքրքրում, թե ինչ կլինի իր հետ, նրան հետաքրքրում է, թե ինչ կլինի Հայաստանի՛ հետ (առայժմ հայտնի չէ, թե կոնկրետ ո՞ր քարտեզներով)։ 

Սա կարելի է ընկալել նաև որպես Վեհափառ հայրապետին և 3 նախագահներին ուղղված հարց՝ պատրա՞ստ են արդյոք նրանք վարչապետ Փաշինյանի հետ կիսել Ադրբեջանի այս պահանջները բավարարելու որոշման պատասխանատվությունը։

Հ․ Գ․ Հաջորդիվ կներկայացնենք, թե ինչ են պահանջում Հայաստանից Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Իրանը և ԵՄ-ն՝ մասնավորապես ՀՀ-ում հարկերը բարձրացնելու և նորանոր տուգանքներ սահմանելու ոլորտներում»։

Հավ․ Աղբ․

ՎԱՐԿԱՆԻՇ

   84255 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ