...

Իրենք իրենց արածները 1915-ի ցեղասպանության հե՞տ են համեմատում

Իրենք իրենց արածները 1915-ի ցեղասպանության հե՞տ են համեմատում

Հանրային ռադիոյի տնօրենի՝ մեղմ ասած, ոչ ստանդարտ պահվածքն իշխանություններին կատաղեցրել է, ընդդիմությանը՝ ոգևորել, «ոլորտը համակարգող մասնագիտական շրջանակներին»՝ հրաշալի հնարավորություն տվել հարձակվել այդ մարդու վրա և դրանով իսկ ոչ միայն դուր գալ «մեծարգո վարչապետին», այլև արդարացնել փաստացի ոչինչ չանելու դիմաց պետությունից ստացվող պատկառելի աշխատավարձերն ու պարգևավճարները։

Բայց մեզ համար, իհարկե, ամենահետաքրքիրն իշխանությունների արձագանքն էր։ Սրանք՝ ԱԺ փոխնախագահով, կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալով-բանով, միանգամից «հանրության ուշադրությունը հրավիրեցին» այն հանգամանքի վրա, որ այդ ըմբոստի պաշտոնավարման ժամկետը երկու ամսից լրանալու է, դրա համար էլ որոշել է դուռը շրխկոցով փակել։ Ակնհայտորեն քարոզչական նույն կենտրոնից հրահանգված այս մտքի հեղինակները, սակայն, գլխի չէին ընկել, թե իրենց այդ «մեղադրանքով» իրականում ինչեր են բացահայտում։ Ի վերջո՝ եթե ասում ես «երկու-երեք տարի շարունակ այդ մարդը կերակրատաշտի մոտ էր, բայց խոսեց միայն հիմա, որովհետև շատ շուտով կերակրատաշտից զրկվելու է», դրանով իսկ ենթագիտակցորեն հաստատում ես, որ իշխանական համակարգում շատ-շատերը կան, որ ճիշտ նրա պես են մտածում, բայց հանուն կերակրատաշտի լռում են։ 

Այս առումով շատ ավելի ուշագրավ էր Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակի» արձագանքը։ Չէ, խոսքն այն մասին չէ, որ այդ լրատվամիջոցը Հանրային ռադիոյի տնօրենի խոսքը ներկայացրել էր որպես «հանրության մի անդամի խիստ անձնական, սուբյեկտիվ տեսակետ հանրության մեկ այլ անդամի՝ վարչապետի տեսակետների վերաբերյալ» (դե արի ու բացատրի, որ Նիկոլ Փաշինյանը ոչ թե ընդամենը «հանրության մեկ այլ անդամ» է, այլ պետության ղեկավար, որի անհեթեթ «տեսակետները» վերածվում են կոնկրետ քաղաքականության ու ի վիճակի են կործանել երկիրը՝ «հանրության բոլոր անդամների» հետ միասին)։ Խնդիրն այն է, որ այդ լրատվամիջոցը Խումարյանի կեցվածքը համեմատում է հայտնի անեկդոտի հերոսի պահվածքի հետ, երբ նա տաքսու վարորդին ասում է «քշի Թուրքիա», որովհետև, պարզվում է, նո՛ր է իմացել, որ թուրքերը 1915 թվականին ցեղասպանության են ենթարկել հայ ժողովրդին։ Հասկացա՞ք։ «Հայկական ժամանակը», ըմբոստ տնօրենին ծաղրելու մոլուցքով տարված, չի էլ նկատում, որ ենթագիտակցորեն Նիկոլ Փաշինյանի վերջին մի քանի տարիների գործունեության արդյունքները համեմատում է Հայոց ցեղասպանության հետ։ Այսինքն՝ չի վիճարկում նրա բերած աղետները (44-օրյա պատերազմ, ՀՀ ինքնիշխան տարածքների կորուստ, Արցախի հայաթափում), այլ փաստացի ասում է «հա, ճիշտ ես ասում, բայց նոր իմացա՞ր»։ Պարզ ասած՝ «առաջ է՛լ գիտեիր, բայց գլուխդ կախ քո փայն ուտում էիր, հիմա որպես ի՞նչ ես քեզ պատեպատ տալիս, վարվիր այնպես, ինչպես մյուսներն են վարվում՝ ամեն ինչ գիտեն ու տեսնում են, բայց սուսուփուս ուտում են իրենց լափը»։ 

Նիկոլ Փաշինյանի այս վերաբերմունքն իշխանական համակարգի տարբեր օղակներում ծվարած պատեհապաշտների նկատմամբ, ի դեպ, բավականին ազնիվ է։ Մարդը նրանց պարզ ասում է՝ «այո, ես հիմքից քանդում եմ մեր պետականության հիմնասյուները, այո, հետևանքները կարող են 1915-ի նման լինել, բայց ես թույլ չեմ տալու, որ համ հաճույք ստանաք, համ կույս մնաք, կամ լափը ուտում եք ու առանց կույս ձևանալու կատարում իմ բոլոր քմահաճույքները, կամ համակարգից դուրս գալիս, հակառակ դեպքում ձեր ետևից կգան լափն ուտող ու կույս ձևանալու կարիք չունեցող իրավապահները»։ 

Մարկ Նշանյան

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ