Բայց էս կոնյակի թեման պետք է բացել: Էն որ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ հայտարարեց, թե նոր են իմացել, որ շամպայնն ի սկզբանե ոչ թե խմիչքի անուն է եղել, այլ ռեգիոնի, նույնն էլ՝ կոնյակը:
Սա գիտե՞ք՝ ինչ է նշանակում. որ վարչապետն ընդհանրապես տեղյակ չի՝ կամ իրեն չեն զեկուցել, կամ էլ չի հետաքրքրվել, թե կոնյակի հարցով ինչ իրադարձություններ են տեղի ունեցել վերջին տարիներին:
Հիմա ցույց տանք, թե ինչերի մասին է վարչապետը նոր իմանում:
Ուրեմն, 2017թ. նոյեմբերի 24-ին Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև կնքվել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագիրը, որն ամբողջությամբ ուժի մեջ է մտել 2021 թ. մարտի 1-ին, այսինքն՝ այն ժամանակ, երբ վարչապետն արդեն Նիկոլ Փաշինյանն էր:
Այս Համաձայնագրի հոդված 237-ով նախատեսվել է «Կոնյակ» և «Շամպայն» աշխարհագրական նշումների վերաբերյալ համապատասխան աշխատանքներ իրականացնել: Այն է՝ Հայաստանը 2043թ-ից հետո կոնյակ արտահանելուց պիտի հրաժարվի օգտագործել «կոնյակ» բառը, քանի որ «կոնյակ» տերմինը հանդիսանում է պաշտպանված աշխարհագրական անվանում, որը, համաձայն ԵՄ կանոնների, կարող է կիրառվել այն արտադրանքի համար, որն արտադրվել է ֆրանսիական Շարանտ նահանգում, որտեղ էլ գտնվում է Կոնյակ քաղաքը: «Կոնյակ» բառից հրաժարվելու դիմաց էլ ԵՄ-ն պարտավորվել է Հայաստանին 3մլն եվրո հատկացնել:
Սրա հետ կապված, 2021թ. մարտի 24-ին տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ Աշխարհագրական նշումների ենթակոմիտեի նիստը, որտեղ քննարկվել է կոնյակի ու շամպայնի թեման: Նույնիսկ կարող ենք ասել, որ Հայաստանի կողմից նիստը նախագահել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը, իսկ Եվրոպական Միության կողմից՝ ԵՄ գյուղատնտեսության և գյուղական համայնքների զարգացման գլխավոր տնօրինության բաժնի ղեկավար Սուսաննա Ասպիրոզը:
2021թ. հունիսի 10-ին ՀՀ կառավարության նիստում, այսինքն՝ այն կառավարության, որի ղեկավարը Նիկոլ Փաշինյանն է, հավանություն են տվել ՀՀ և ԵՄ համաձայնագրի այն կետին, որով Հայաստանը հրաժարվում է կոնյակ արտադրելիս օգտագործել «կոնյակ» բառը:
Ու արդեն 2021թ. հունիսի 17-ին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ռուսական ՏԱՍՍ-ի հետ զրույցում հայտարարել է, որ հայ արտադրողները Հայաստանի և Եվրամիության միջև գործընկերության ընդլայնման մասին համաձայնագրի շրջանակում 2043թ.-ից կհրաժարվեն «կոնյակ» բառի օգտագործումից և շուկաները չկորցնելու համար նոր անվանում են մտածում:
Մեջբերում ենք. «2017թ-ին ստորագրված Հայաստանի և Եվրամիության միջև գործընկերության ընդլայնման մասին համաձայնագիրը ենթադրում է 2043թ-ից հրաժարվել «կոնյակ» բառի օգտագործումից՝ այդ տեսակի արտադրանքի արտահանման դեպքում… Ըստ այդմ, մինչև 2043թ-ը հայ արտադրողները կվարեն համապատասխան մարկետինգային ռազմավարություն, իսկ կառավարությունը նրանց այդ հարցում կօգնի և կօժանդակի: 2032թ-ից «կոնյակ» բառի օգտագործումը կարգելվի նաև Հայաստանի ներքին շուկայի համար»:
Ի՞նչ է ստացվում. որ փաստորեն, Նիկոլ Փաշինյանը տեղյակ չի եղել Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև կնքված «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի մասին, տեղյակ չի եղել, թե այդ համաձայնագրում ինչ կետեր կան, ինչ է նախատեսվում, Հայաստանն ինչ պարտավորություններ է վերցնում, իր պաշտոնավարման տարիներին տեղյակ չի եղել, թե այս համաձայնագրի շուրջ ինչ բանակցություններ են ընթացել, կառավարությունում ինչ են քննարկել, փոխվարչապետը ինչ է հայտարարել:
Ասում է՝ նոր եմ իմանում: Բա որ սրա մասին տեղյակ չի եղել, հետաքրքիր է, էլ ի՞նչ թեմաներ կան, որոնց մասին դեռ նոր պիտի իմանա:
Հ.Գ. Ամենաբոցն այն է, որ «կոնյակ» անունից հրաժարվելու թեմային բազմիցս անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի «Հայկական Ժամանակ» օրաթերթը:
2016թ. փետրվարի 2. ՀԺ-ում հոդված են հրապարակել. «Ինչ դնել կոնյակի անունը. Հայաստան-ԵՄ. «կոնյակի խնդիրը»» վերնագրով: Մանրամասն գրել են, թե ինչու պիտի «կոնյակ» բառը դուրս գա:
2017թ. նոյեմբերի 25. ՀԺ-ն հրապարակել է ռուսական РБК-ի հոդվածը. «Հայաստանը 25 տարի հետո կկորցնի Եվրամիություն «կոնյակ» արտահանելու իրավունքը»:
2017թ. նոյեմբերի 28. ՀԺ-ն թեմայի շուրջ զրուցել է «Աբրիկոն» խմիչքի հիմնադիր Կարեն Խաչիկյանի հետ. «Անթույլատրելի է, որ Հայկական կոնյակը դառնա Հայկական բրենդի. «Աբրիկոն»-ի հեղինակ» վերնագրով հոդվածում: Էլի, մանրամասն...
Փաստորեն, Փաշինյանը նույնիսկ չի իմացել, թե իր թերթում ինչեր են գրել: