...

Սահմանազատում՝ բանավոր ընկալումների հիման վրա

Սահմանազատում՝ բանավոր ընկալումների հիման վրա

Իշխանությունները Տավուշի մարզում հայ-ադրբեջանական սահմանի մի քանի հատվածների սահմանագծման աշխատանքների ավարտը ներկայացրեցին որպես փայլուն հաղթանակ, համարյա նոր Սարդարապատ, որովհետև, ըստ Նիկոլ Փաշինյանի, գործընթացն իրականացվել է «սահմանն անցնում է այնտեղով, որտեղով անցնում է» սկզբունքով (և ոչ թե «սահմանն անցնում է այնտեղով, որտեղով ուզում է Ադրբեջանը» տրամաբանությամբ)։ Իշխանական քարոզչամիջոցներն ու «ֆեյքերն» էլ արդեն երկու օր է՝ աղմուկ-աղաղակ են բարձրացրել, թե «էլ ի՞նչ եք ուզում, հլը մի բան էլ՝ Կիրանցի ուղղությամբ 25 հեկտար հող ենք հետ բերում, իսկ իրենց տարածքում հայտնվում է ընդամենը 2 տուն»։

Դեռ մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ նոր ճանապարհ այնուամենայնիվ կառուցվելու է, Ոսկեպարում էլ շատ ավելի լուրջ խնդիրներ են առաջանալու, պարզապես ադրբեջանցիները «մեծահոգաբար» մի քիչ ժամանակ են տվել՝ մինչև կրքերը հանդարտվեն, որպեսզի հանկարծ Նիկոլի իշխանությանը մի բան չպատահի։ Վերադառնանք արդեն տեղի ունեցածին։

Ուրեմն՝ կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը կատարվածը փայլուն հաջողություն է համարում, որովհետև սահմանազատման նույն սկզբունքը կիրառվելու է հայ-ադրբեջանական ողջ սահմանի երկայնքով, և մենք ոչ թե նոր սահման ենք գծելու, այլ խորհրդային սահմաններն ենք վերարտադրելու, իսկ դա նշանակում է, որ ինչ-որ պահի Ադրբեջանը դուրս է գալու մոտ 200 քկմ օկուպացված տարածքներից (Սյունիքում, Գեղարքունիքում, Ջերմուկի ուղղությամբ, և այլն)։ Հարց է ծագում՝ իսկ ադրբեջանական կողմը պաշտոնապես ընդունե՞լ է դա, թե՞ այդ «արձանագրված փայլուն հաջողությունն» ընդամենը Նիկոլի երևակայության արդյունքն է։ Եվ ահա կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը դիմում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին, թե «ավելացնելու բան ունե՞ք», այսինքն հավաստիացում է ուզում՝ «ճիշտ եմ ասում, չէ՞, Մհեր, դո՛ւ ես իրենց հետ խոսել»։ Եվ ի՞նչ է ասում Մհեր Գրիգորյանը։ Բառացիորեն՝ «կարծես թե համաձայնություն կա․․․ ադրբեջանական կողմը հակված է գործընթացը շարունակել․․․» և այլն։

Այսինքն՝ ո՞նց թե «կարծես թե համաձայնություն կա», դա որևէ կերպ գրավոր արձանագրվե՞լ է, թե՞ չի արձանագրվել։ Եվ ի՞նչ է նշանակում «ադրբեջանական կողմը հակված է»։ Այսօր հակված է՝ վաղը կարող է հակված չլինել, նման ընդհանուր տպավորությունների հիման վրա ո՞վ է միջպետական սահմաններ որոշում։ Այս հարցերը, ի դեպ, Մհեր Գրիգորյանին չեն ուղղված։ Նա շատ լավ հասկանում է, որ վաղը-մյուս օրը կուժն ու կուլան կարող են իր գլխին ջարդվել, դրա համար էլ չափազանց զգուշավոր է ու Նիկոլի էյֆորիան չի կիսում, թամաշային չի մասնակցում, ինչ կա՝ ասում է։ Այսինքն՝ պարզ ասում է, որ ոչ մի գրավոր համաձայնեցված ընդհանուր սկզբունք էլ չկա, ամեն ինչ ադրբեջանական «կարծես թե հակվածության» վրա է հիմնված։ 

Այնպես որ՝ վաղը-մյուս օրը հանկարծ չզարմանաք, եթե Նիկոլ Փաշինյանը հայտարարի, թե «ցավոք՝ սահմանազատման միասնական սկզբունքի կիրառումը միայն մեզանից չի կախված, իսկ ադրբեջանական կողմն այս պահին հակված չէ սահմանազատման գործընթացում կատարել իր իսկ ստանձնած բանավոր պարտավորությունները․․․» և այլն։ 

Մարկ Նշանյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   3488 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ