...

Այդ ո՞ւր առանց ձմեռային «պագրիշկա»

Այդ ո՞ւր առանց ձմեռային «պագրիշկա»

Եվ այսպես, կառավարությունը որոշեց դեկտեմբերի 10-ից արգելել ձմռանը ոչ ձմեռային անվադողերով երթևեկությունը, և համապատասխան տուգանքներ սահմանեց։

Հետաքրքիր է, Հայաստանի Հանրապետության՝ «ոչ տուգանքի մատերիալ» հռչակված հպարտ քաղաքացիները հասկացա՞ն, որ կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը ասել-խոսել-խնդալով մոտ 200 հազար վարորդներից յուրաքանչյուրի վզին միանգամից միջին հաշվով 500 դոլարի լրացուցիչ բեռ դրեց, ընդ որում՝ «չորով» սահմանելով, որ այդ ծախսը նրանք պիտի անեն ընդամենը 12 օրվա ընթացքում։ Իսկ ինչո՞ւ 200 հազար։ Որովհետև մոտավորապես այդքան մեքենաներ ձմեռային ամիսներին երթևեկում էին համասեզոնային (հայերեն ասած՝ վսեսեզոն) անվադողերով ու առանձնապես չէին նեղվում, ձմեռային անվադողի միջին գինը մոտ 50 հազար դրամ է, մեքենաներն էլ, սա երևի նաև կառավարության անդամներին է հայտնի, ունենում են 4 անիվ։ Բայց կառավարությունը հանկարծ որոշեց, որ համասեզոնային անիվները ձմեռային չեն համարվում, և ստացվեց, որ ՀՀ հպարտ քաղաքացիները պիտի 12 օրում ընդհանուր առմամբ ծախսեն 40 միլիարդ դրամ կամ մոտ 100 միլիոն դոլար։ Նիկոլ Փաշինյանն էլ քմծիծաղ տվեց, թե դե հա հիմա, շատերի համար լրացուցիչ ծախս է, բայց «պագրիշկա ծախողների» գործերը կլավանան, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ «կյանք տեսածի» տոնով մեծարգո վարչապետին առաջարկեց տուգանքները կարգին բարձրացնել, որ հանկարծ որևէ մեկը չհամարձակվի հետաձգել կառավարության որոշումը «կյանքի կոչելը», և այդպիսի համերաշխ մթնոլորտում էլ որոշումը միաձայն ընդունեցին ու անցան առաջ։

Մի խոսքով, մոտ 200 հազար հպարտ քաղաքացիներ ընդամենը 12 օր ունեն կողմնորոշվելու համար՝ կարողանո՞ւմ են գետնի տակից էլ լինի 500 դոլար հայթայթել, թե՞ համալրում են ձմեռային հեծանվասպորտի սիրահարների շարքերը։

ՎԱՐԿԱՆԻՇ

   188 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ