...

Ո՞ւմ ձեռնտու չէ 200 միլիոն դոլարի ներդրումը - 3

Ո՞ւմ ձեռնտու չէ 200 միլիոն դոլարի ներդրումը - 3

Սկիզբը «ՉԻ» թիվ 22 - 23 -ում

Վաճառում եմ կառավարության որոշում

Այն առավոտը, որը Արարատյան դաշտի լուսապայծառ առավոտներից մեկն էր, ամենևին չէր զիջում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հեռահաղորդակցության վարչության պետ Գևորգ Գևորգյանի 120 հազար դոլարանոց ժամացույցի պայծառությանը։ «Ա-Տելեկոմի» գլխավոր տնօրեն Արթուր Երզնկյանը մտնում է ԱԱԾ շենք։ 

Մինչ այդ, վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի հետ վերջին հանդիպումից հետո, 2019 թվականի մարտին Երզնկյանին է մոտենում մի երիտասարդ։ Ներկայանում է. 

- Ես Հայկ Հակոբյանն եմ, ԱԱԾ-ի խորհրդատու եմ, եկել եմ Ձեր առաջարկի հետ կապված եզրակացություն գրելու ԱԱԾ-ի համար։

Մայիսի 25-ին, խորհրդանշական 9 ամիս անց, կայանում է «Ա Տելեկոմ» ընկերության՝ ի դեմս Ռաֆայել Յայլյանի և Արթուր Երզնկյանի հանդիպումը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ 

Ներդրումային նախագիծը ներկայացվում է  ամբողջությամբ՝ կետ առ կետ և ժամանակացույցերով։ 
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հարց է ուղղում հաշվակների «Ակնկալվող եկամուտներ» բաժնի «ակնկալվող» բառի վրա՝ ինչո՞ւ «ակնկալվող» և ոչ «հստակ»։

Պատասխանը լինում է հետևյալը. 7 տարվա ընթացքում  4-րդ օպերատորի ցանցը նախատեսված է արդիականացնել  երկու անգամ՝ նոր տեխնոլոգիաների արագ զարգացմանը  համահունչ։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը երկրորդ հարցը. քանի բազային կայան եք կառուցելու ՀՀ ողջ տարածքում։ 

Պատասխանը եղել է հետևյալը. նախատեսված է ՀՀ տարածքն ամբողջությամբ  ապահովել գերարագ՝ 100-300ՄԲ/վ 4G ծածկույթով, որի համար պետք կլինի կառուցել 4000 բազային կայան։ Սակայն կայանների քանակի մասով վերջնական որոշումը կախված է լինում, թե ինչ հաճախականություններ են հատկացվում։

Վարչապերի կողմից հնչել է հարց. պատրաստվում եք հեռարձակել 27 հեռուստաալի՞ք։

Պատասխանը եղել է հետևյալը. ստեղծվում է մասնավոր հեռուստատեսային հեռարձակող օպերատոր, որը հնարավորություն կտա պետության կողմից թույլտվություն ստացած 27 հեռուստաընկերությունների հեռարձակվել ՀՀ  ամբողջ տարածքում։

Վարչապետն ընդամենը երկու փաստաթուղթ է պահանջում՝ մեկը հուշագիր Huawei ընկերության հետ, երկրորդը՝ հաշվարկների բացվածք 7 տարվա կտրվածքով։

Ժրաջան խորհրդատուն՝ ԱԱԾ-ից

Վարչապետի հետ հանդիպման հենց հաջորդ օրը մոտենում է Հայկ Հակոբյանը՝ ԱԱԾ խորհրդատուն, ասում, որ գործն իրեն են հանձնարարել, սրանից հետո ինքը  պիտի գործը տանի, աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանն էլ այլևս զանգերին չի պատասխանելու։ Բա՞։ Իսկապես, Աղաջանյանի հետ կապվել այլևս չի հաջողվում։ Պատասխանում են՝ «պարոն Աղաջանյանը երբ հարմար գտնի, զանգերին կպատասխանի»։ 

Ուրեմն ծառայությունների մատուցման մասին պայմանագիր պիտի կնքվի,- ԱԱԾ-ականն է ասում։ Ծառայությունների մեջ մտնում են. վարչապետի հետ հանդիպում կազմակերպելը, լիցենզիայի տրամադրումը, բիզնես ծրագրի կազմումը և այլն։ Իրենց կազմած բիզնես պլանն էլ այնպիսի պլան է, որ եթե իրենց կազմածը չի՝ չի ընդունվի։ Ու մեկ էլ պետք է ինչ-որ մի հիմնադրամի գումար վճարել, թե չէ գործը  «պռավալ ա» գնալու, «դու մենակ ասա՝ հա... նոր ստեղծված 3-4 ֆոնդերից մեկի անունը կորոշեն կտան, դու կտանես գումարդ կմուծես, նոր առաջ կգնա գործդ»։ Մի խոսքով «Пакупай кирпич, иди дальше» տարբերակն է։

Թեև ակնարկը վարչապետի կնոջ՝ Աննա Հակոբյանի հիմնադրամի ուղղությամբ էր, բայց տրված հաշվեհամարը դա չհաստատեց։ Փոխանցվում է 138 հազար դոլար։ Ու սկսվում է մեր ԱԱԾ-ականի եռուն գործունեությունը։ Տարբեր ուղղություններով տարբեր դիմումներ է ուզում, հետո բերում է տարբեր փաստաթղթեր՝ Ավինյանի, վարչապետի ստորագրություններով և այլն, և այլն։ Բոլոր այդ փաստաթղթերի պատճեններն առկա են «ՉԻ» խմբագրությունում։

Երբ վարչապետն արձակուրդում էր

Հուլիսի 26-ին, վերջապես, մեր ժրաջան խորհրդատուն բերում է Կառավարության որոշումն առ այն, որ «թույլատրվել է «Ա Տելեկոմ» ընկերությանը մասնակցել 4-րդ օպերատորի գործընթացին»։  Այդ որոշումով Արթուր Երզնկյանը գնում է Գևորգ Գևորգյանի մոտ, ասելու՝ տուր իմ հաճախականությունը։ Գևորգ Գևորգյանը, հիշեցնենք, Հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի հեռահաղորդակցության վարչության պետն է։ Ինքը մորաքրոջ տղա է։ Բայց ո՞ւմ՝ Հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանի։ Բա Գարեգին Բաղրամյանն ո՞ւմ մորաքրոջ տղան է։ Չէ, Գարեգին Բաղրամյանն ընդամենը բաջանաղ է։ Հա, բայց ո՞ւմ։ Դե եթե գործերն ընկել են ԱԱԾ խորհրդատուի ձեռքը, պարզ չի՞ որ այն ժամանակվա ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի բաջանաղն է։

Հասկանալի չէ, դրանով շղթան փակվում է, թե ոչ, բայց հենց Գևորգ Գևորգյանի մոտ է պարզվում, որ ԱԱԾ խորհրդատուի տված բոլոր փաստաթղթերը կեղծ են։ Ստացվում է, որ «Ա Տելեկոմի» գլխավոր տնօրեն Արթուր Երզնկյանը կեղծ փաստաթղթով է հաճախականություն ուզում։

«Ձեր հետ հանդիպումից հետո...» բովանդակությամբ Արթուր Երզնկյանը կեղծ փաստաթղթերից 17 թերթանոց նամակներ է կազմում, որոնցից մեկն  ուղարկում է վարչապետին, մեկն էլ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին։ Բայց Նիկոլ Փաշինյանն արձակուրդում էր։ Կառավարությունը ղեկավարում էր փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ 

Արթուր Երզնկյանը որոշում է դիմել ոստիկանություն, բայց նրան հորդորում են մի քանի օր համբերել։ Այ հենց այդ «մի քանի օր» հետոն էլ Արարատյան դաշտի լուսապայծառ առավոտն էր։ Արթուր Երզնկյանը մտնում է ԱԱԾ։ ԱԱԾ-ում են ժրաջանն ու նույն ինքը՝ հեռահաղորդակցության վարչության պետ Գևորգ Գևորգյանը։  Արթուր Երզնկյանը կարծում է, որ իր բողոքին ընթացք է տրվել։ Բայց ոչ. բաջանաղի մորաքրոջ տղա Գևորգ Գևորգյանն է բողոք գրել Արթուր Երզնկյանի դեմ։

Այսպես տապալվում է բջջային կապի Արցախում 2-րդ, Հայաստանում 4-րդ օպերատորի մուտքը՝ տապալելով առնվազն 200 միլիոն դոլարի ներդրումը մեր աննախադեպ հայրենիքում։

Հաջորդ թողարկմամբ պատմելու ենք 4G կապի լայնամասշտաբ խաբկանքի մասին։ Պատմելու ենք, թե ովքեր կարող են լինել 200 միլիոն դոլարի ներդրումը տապալելու շահառուները։ Ավելացնենք միայն, որ ժրաջանին չի հաջողվել հեռանալ Հայաստանից, տեղում վերադարձրել է 138 հազար դոլարն ու փոխհատուցել կատարած այլ ծախսերը։

Հրապարակումը՝ Արմեն Գևորգյանի

«Չորրորդ իշխանություն», թիվ 24, 2020

Читать на русском

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ