Սկիզբը՝ նախորդ համարում
Վարչապետին տեսնելու ճամփան դժվար է, երկար
2018 թվականի դեկտեմբերի 26-ին ՀՀ վարչապետին և փոխվարչապետին ուղղված նամակները կառավարություն հանձնելուց հետո անցել էր հունվարը, անցել էր փետրվարը։ Արթուր Երզնկյանը զանգահարում է կառավարության հերթապահ հեռախոսահամարով, «բաժանորդն անհասանելի է» տոնով պատասխանում են՝ «Ձեր նամակներն ընթերցվել են»։ Հա, ընթերցվել են, հետո՞։
Հետո պարզվում է, որ երկու նամակներն էլ կորել են։ Նամակների մուտքագրման կոդերը կան, նամակները չկան։ Մեկը չկա փոխվարչապետ Տիգրան Ավինյանի աշխատակազմի ղեկավար Վահագն Սիսեռյանի մոտ, մյուսը չկա վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի մոտ։ Երջանիկ մի դիպվածի շնորհիվ հաջողվում է հանդիպել Էդուարդ Աղաջանյանին, հանձնել նամակի կրկնօրինակը և ներկայացնել Արցախում և Հայաստանում շուրջ 200 միլիոն դոլարի ներդրման ծրագիրը՝ Արցախում բջջային կապի 2-րդ օպերատոր, Հայաստանում՝ 4-րդ օպերատոր կառուցելու առաջարկներով։ Փառք Աստծո, սկսվում են քննարկումները։
Վարչապետի աշխատակազմի ղեկավարը հանդիպում է կազմակերպում Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Գեղամ Վարդանյանի հետ։ Եկել էր լսելու։ Ընդամենը։ Ինքը «այթիշնիկ» է, կապի մասնագետ չէ։
Կազմակերպվում է նաև 2-րդ հանդիպում՝ ավելի լայն կազմով. գալիս են Հանրային ծառայությունների հանձնաժողովի հեռահաղորդակցության վարչության պետը, Հեռուստաաշտարակի տնօրենը, Ազգային անվտանգությունից և այլն։ Դարձյալ եկել էին լսելու։
Արթուր Երզնկյանը ներկայացնում է ծրագիրը. ամենավերջին տեխնոլոգիաներով կառուցվելու է 4-րդ օպերատոր Հայաստանում, ամենավերջին տեխնոլոգիաներով կառուցվելու է 2-րդ օպերատոր Արցախում, Հայաստան-Արցախի միջև զրոյացվելու է ռոումինգ ծառայության սակագինը, ինտերնետը չեն վաճառելու գիգաբայթերով, այլ վաճառելու են արագություններով, բոլոր տարիֆները լինելու են անսահմանափակ, ինտերնետ ծառայության հետ մատուցվելու է նաև cloud ծառայություն՝ տվյալների (լուսանկարներ, տեսանյութեր և այլն) պահպանման համար յուրաքանչյուր բաժանորդին տրվելու է նվազագույնը 1 տերաբայթ հիշողություն։ Ներկայացվում է, որ երեք մուլտիպլեքսների միջոցով ՀՀ տարածքում հեռարձակվելու են 27 թվային հեռուստածրագրեր։
- Իմ աշտարակին դու չես կպնելու, Արթուր,- պոռթկում է հեռուստաաշտարակի տնօրենը։
Իհարկե, հեռուստաաշտարակը պապական չէ, այլ պետական է, և եթե պետությունը որոշի, որ սարքավորումները պետք է տեղադրվեն հեռուստաաշտարակի վրա, դրա դիմաց վարձ պետք է տրվի, կառավարումն էլ հեռահար է՝ գրասենյակում նստած են կառավարելու, աշտարակում հո չե՞ն նստելու։
- Մեր երկրին 4-րդ օպերատոր պետք չի,- Հանրային ծառայությունների հանձնաժողովի հեռահաղորդակցության վարչության պետ Գևորգ Գևորգյանի տեսակետն է։ - Բոլոր հաճախականությունները բաժանված են երեք օպերատորների միջև, մենք հաճախականություն չունենք, որ տանք։
Ի դեպ, պարոն Գևորգյանը հաճախականությունների մասով ճիշտ է ասում. դեռևս նախկինից հաճախականությունները բաժանված են երեք օպերատորների միջև։ Երեք օպերատորներն էլ վճարում են իրենց տրված հաճախականությունների դիմաց (գումարը չնչին է)։ Բայց հարցը նրանում է, որ գործող օպերատորները օգտագործում են տրված հաճախականությունների միայն 10 տոկոսը։ Օրինակ, Մոսկվայի «Մեգաֆոնը» ունի «Յուքոմի» 1/3 հաճախականությունը, որով սպասարկում է 20 միլիոն բաժանորդի («Յուքոմն» ունի շուրջ 200 հազար բաժանորդ)։ Այսինքն՝ նրանք վճարում են ոչ միայն հաճախականություն օգտագործելու, այլև հաճախականություն զբաղեցնելու համար։ Բայց ինչո՞ւ են վճարում մի բանի համար, որը չեն օգտագործում։
Կարելի է պնդել, որ հաճախականությունները բաժանված են երեք օպերատորների միջև՝ այլ օպերատոր թույլ չտալու համար։ Հեռահաղորդակցության վարչությունն, անշուշտ, կարող է գործող երեք օպերատորներին տալ հաճախականության իրենց օգտագործման չափաբաժինը, և այդպիսով ևս մի քանի օպերատորի համար գործելու հնարավորություն բացել։ Իսկ թե ինչու են այդպես արել, վստահ ենք, որ դա արդեն նախկինից ժառանգած քրեաօլիգարխիկ հարց է։
Երկրորդ հանդիպման ամփոփիչ տպավորությունը հեռահաղորդակցության կենտրոնից մեկի հետևյալ հայտարարությունն էր.
- Չորրորդ օպերատորը կարա դաժե ազգային անվտանգության հիմքերն էլ խարխլի։
Մի խոսքով, շատ տհաճ հանդիպում։
- Արթուր, պարզ ասած, դուք ավելի առաջադիմական ծրագի՞ր եք առաջարկում, քան եղածն է,- հարցնում եմ պարոն Երզնկյանին։
- Մենք ցանց էինք կառուցելու և նախնական հզորությունը հայտարարել էինք, որ երեք օպերատորների հզորությունը կգումարեք իրար, կբազմապատկեք երկուսով, եթե ոչ երեքով,- պատասխանում է Արթուր Երզնկյանը։
Ո՞րն է անհեթեթությունների այս շքահանդեսի բուն պատճառը։ Ո՞վ և ինչո՞ւ է վարչապետին զեկուցել, թե ներդրողները ֆեյք են՝ փող չունեն։ Գումարների առկայությունն ապացուցող փաստաթղթերը ներկայացնելու համար սկսվում է թղթաբանական մի մարաթոն. պահանջում են տեղեկանք, հետո էլի տեղեկանք այն տեղեկանքի մասին, որ տրված տեղեկանքը ճիշտ է։
Այդ ամենի պատճառով ևս մի քանի ամիս ժամանակ է կորում, իսկ այդ վատնած ժամանակի ընթացքում, հետո պարզվում է, որ շահագրգիռ կողմ կա, որն այն օգտագործել է վարչապետին դեմ տրամադրելու վրա։
Առավոտ էր, Արարատյան դաշտի լուսապայծառ առավոտներից մեկը։ «Ա-Տելեկոմի» գլխավոր տնօրեն Արթուր Երզնկյանը քայլում է դեպի ԱԱԾ շենք։ Բայց մինչ այդ էլի են տեղի ունեցել իրադարձություններ, որոնց մասին պատմելու ենք առաջիկա հրապարակումներում։ Պատմելու ենք կառավարության ներքո գործող մի ծառայության մասին, որը պահանջել է 138 հազար դոլար, հետո Փաշինյանի և Ավինյանի ստորագրություններով տրվել են փաստաթղթեր, այդ փաստաթղթերի հիման վրա գործողություններ են կատարվել, հետո պարզվել է, որ տրված փաստաթղթերը կեղծ են, ի վերջո գործ է հարուցվել ԱԱԾ-ում։
Սպասեք։
Հրապարակումը պատրաստեց Արմեն Գևորգյանը
«Չորրորդ իշխանություն», թիվ 23, 2020