Հայաստանի հանրապետության նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ալեն Սիմոնյանը ինստագրամյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ վերնագրելով այսպես․ «Բաղրամյան 26- ՀՀ նախագահական»։ Լուսանկարում նա մեջքով կանգնած է դեպի լուսանկարիչը, լուսամուտից դուրս է նայում՝ ձեռքերն էլ գրպանում։ Երկու կողմում եռագույն դրոշներն են։ Հիմա մարդիկ փորձում են հասկանալ՝ ինչո՞ւ է Ալեն Սիմոնյանը նման պոզայով լուսանկարվել ու գցել սոցիալական ցանցեր։ Շատ խորանալ չարժե։ Ալեն Սիմոնյանի դերասանական, տեղ-տեղ՝ մոդելային-պարային կարիերան չի ստացվել, և ազատ պահերին, օրինակ՝ նախագահականում նախագահ աշխատելիս, վերջինս փորձում է հոբբիի մակարդակով զբաղվել իր սիրած գործով։ Ալեն Սիմոնյանի լուսանկարը «Մոխրագույնի 50 երանգները» սկանդալային ֆիլմի պոստերի կրկնօրինակն է։ Շատ երկրներում անչափահասներին թույլ չեն տվել մտնել կինոթատրոն ու դիտել այս ֆիլմը՝ էրոտիկ բովանդակության պատճառով: Ավելին՝ որոշ երկրներում նույնիսկ արգելվել է այն ցուցադրել: Ֆիլմը միլիարդատեր Քրիստիան Գրեյի և համեստ ուսանողուհի Անաստասիա Սթիլի հարաբերությունների մասին է: Ֆիլմը Գրեյի (Մոխրագույնի) թաքուն սեռական նախասիրությունների մասին է, որի մոլեգնության առարկան էլ դառնում է աղջիկը: Ավելի ուշ նրանք պայմանագիր են ստորագրում, և աղջիկը մասնակցում է Գրեյի անսովոր ֆանտազիաների իրագործմանը: Ֆիլմը ամենասկանդալային էրոտիկ ֆիլմերից է, որի սյուժեն սեռական հարաբերության ժամանակ Ֆիզիկական ցավ պատճառելու մասին է, որի հիմքում կոմպլեքսներն են։ Երբ Քրիստիանը՝ աղջիկը, սկսում է հասկանալ, որ զուգընկերը անկանխատեսելի է, որոշում է հեռանալ նրանից։ Բայց Գրեյը համոզում է նրան մնալ: Նա պատմում է իր մանկությունից՝ մորը կորցրել է 4 տարեկանում: Նա տանջել է իրեն, և այլն, և այլն։
Ֆիլմի բազմաթիվ պոստերներից ամենահաջողվածը մասնագետները համարում են այն մեկը, որտեղ Գրեյը նույն դիրքով, ինչպես Ալեն Սիմոնյանը, կանգնած է։ Բայց պոստերի մակագրությունն է ուրիշ. «Բաղրամյան 26 -ՀՀ նախագահական»-ի փոխարեն գրված է «Mr. Grey will see you now»: Ի դեպ՝ պոստերի հեղինակները բացատրել են, որ միտումնավոր են այնպես արել, որ առաջին պլանում տեսնենք Գրեյի հետույքը՝ իհարկե հանդերձանքով։ Սա մեծահարուստների աշխարհն ու ընկալումն է, որտեղ բնազդներն առաջնային են, քանի որ փողը հասանելիություն է ապահովել մնացած բոլոր հարցերում։ Կասեք՝ Ալեն Սիմոնյանն ի՞նչ կապ ունի այս ամենի հետ։ Դե հիմա Ֆրոյդից հասկացողները կհասկանան՝ ինչն ինչոց է։ Իսկ ավելի պարզ՝ տղան տառապում է։ Տղան մեծահարուստ չէ, բայց նախագահ է այս պահին։ Մնացածը՝ թողնում ենք ձեզ։
Գոհար Վեզիրյան