«Քաղաքագետ» Հայկ Մարտիրոսյանը՝ անդրադառնալով Ժիրայր Լիպարիտյանի և Արման Գրիգորյանի վերջին օրերի հարցազրույցներին, որտեղ վերջիններս ներկայացրել էին նաև արցախյան պատերազմում պարտության պատճառահետևանքային կապերը, գրել է. «Լևոնիստները և ժիրայրլիպարիտյանիստները հառնել են դարձյալ գերեզմաններից: Նրանց օգնում են եթերային մի խումբ լրագրողներ:
Հիմնական գաղափարախոսները Ֆիլադելֆիայի մի երրորդական համալսարանից Հայաստան այցելած մոլի լևոնիստ և քաղաքագետ Արման Գրիգորյանն է և այլք:
Օժանդակողները` Նվեր Մնացականյանը, Թաթուլ Հակոբյանը և այլք:
Դավաճաններին ապիկարության մեջ մեղադրող առաջնային դավաճանները, որ այսօրվա դավաճանների հոգեհայուերն են և գաղափարական գեներատորները, հիմա ամրագրում են դավաճանական պարտվողական գաղափարախոսությունը և դրա գերքարոզ իրականացնում»:
«ՉԻ». Մի հատ ախպերական ականջներդ փակեք էլի, օ՜, մեր բազմադարյա ժողովուրդ: *** **** ******* ********** *:
Իսկ հիմա բացեք ականջներդ: Շարունակում ենք: Արցախյան պատերազմի պարտության իրական պատճառների վերաբերյալ իրական գնահատականները, որոնք պետք է հիմնված լինեն ռացիոնալ փաստարկների վրա, դեռ առջևում են: Բայց պատճառներից մեկը մենք կարող ենք արդեն հիմա ասել. ավելի քան 20 տարի Հայաստանում վերլուծական, սթափ, իրատեսական միտքը չի գործել, քանի որ դաշտը գրաված են եղել Հայկ Մարտիրոսյանի պես քյարթու, կոոպերատիվ, ինքնակոչ քաղաքագետները: Դրա համար ենք չակերտների մեջ վերցրել քաղաքագետ բառը:
Սրանք նախկին իշխանությունների հովանու ներքո տարիներ շարունակ հանրությանը սնուցել են երազանքներ, ցանկություններ, կենացներ, պահանջներ ու անունը դրել են վերլուծություն, քաղաքագիտություն: Բայց որ փորձես սրանց գրածների մեջ գոնե մի հատիկ ռացիոնալ միտք գնել, անհույս է: Զրո: Դատարկություն: Ու այսպես, տարիներ շարունակ, մտավոր, քաղաքագիտական ամբողջ դաշտը ապականելով, մեր հանրությանը համոզել էին, որ ոչ մի պրոբլեմ չունենք, պետք լինի, Քուռն ու Արաքսը կանցնենք, Բաքուն կգրավենք, կդնենք ու Ալիևի ատամները կհաշվենք:
Ու իշխանություններն էլ՝ նախկին, թե ներկա, իրենց շրջապատելով այսպիսի քուչի փորձագետ-քաղաքագետ ճոռոմաբաններով, բացարձակ կտրված են եղել իրականությունից: Արդյունքն էլ սա պետք է լիներ: Ասում են՝ վա՜յ, էս ո՞նց եղավ: Բա դուք ուզում էիք տգիտության հաշվին տարածք պահե՞լ:
Ու սրանք ոչ միայն պատասխանատու չեն զգում (ի դեպ, գտնվեցին մի երկու վերլուծաբան, որոնք չքվեցին հանրային հարթակներից՝ հասկանալով, որ տարիներ շարունակ էշություններ են դուրս տվել), դեռ մի բան էլ նախահարձակ են լինում, շարունակում են զառանցել: Իբր. մենք ի՞նչ կապ ունենք պարտության հետ: Ունեք: Էն էլ ո՞նց ունեք. ուղիղ ու անմիջական է ձեր կապը պարտության հետ:
Սրանք գիտե՞ք՝ ինչի են այսպես մրմռում: Որովհետև բանի տեղ դնող չկա սրանց: Որովհետև իրենք էլ են հասկացել իրենց դատարկությունը: Իսկ Ժիրայր Լիպարիտյանը կամ Արման Գրիգորյանը ցանկալի հյուրեր են ամենուրեք. նրանց լսում և հարգում են և´ Ռուսաստանում, և՛ Եվրոպայում, և՛ ԱՄՆ-ում: Նրանց ամեն մի հարցազրույցը ոչ թե օրերով, այլ տարիներով է քննարկվում: Նրանց տեսակետները հաշվի են առնում, հաշվի են նստում, որովհետև քաղաքագետ են, ոչ թե ստատուսչի: