Կադաստրի պետական կոմիտեի նախկին պետ Սարհատ Պետրոսյանը անդրադարձել է ՀՀ նախկին փոխարտգործնախարար Ժիրայր Լիպարիտյանի գրառմանը, որտեղ վերջինս քննադատել է ընդդիմության և մասնավորապես՝ Վազգեն Մանուկյանի գործելաոճն ու հայտարարությունը: Սարհատ Պետրոսյանը գրել է.
«Հայաստանի մասին մոտ երկու տասնամյակ գրեթե դիրքորոշում չհայտնած Ժիրայր Լիպարիտյանի ակտիվացումն ու հաճախակի արտահայտվելն, ինչ խոսք, աչքի է զառնում։ Բնականաբար քառորդդարյա իր «Արցախը սկուտեղի վրա հանձնելու» գաղափարների իրականացնումը ներկա փնթի ղեկավարության կողմից լավ առիթ է մեկ անգամ ևս մեջտեղ բերել «Արցախը պետք է հանձնենք, որ լավ ապրենքը», ու հակադրվել «ոչ մի թիզ հող» թեզի հետ:
Լիպարիտյանի վերջին ութ կետանոց մանիպուլատիվ, անտրամաբանական, ենթադրաբար իր կարծիքով «ջախջախիչ» թեզիսները մեկ անգամ ևս ապացուցում են հավաքված մաղձն ու ճշմարտացի լինելու հիվանդագին մոլուցքը։ Կարդալով դրանք, զգում ես, որ ինքն իրեն թեզեր է մեջտեղ բերում, վերագրում դրանք այլոց, ինքնուրույն անում եզրակացություններ, ու վերջում որակումներ տալիս։
Մեկ անգամ, եթե չեմ սխալվում Երևան-Փարիզ թռիչքի ընթացքում, հայտնվելով կողք-կողքի մոտ չորս ժամ լսելով այդ նույն մտքի ընթացքը, արդեն ինձ համար հստակ էր վերջին ճշմարտությունը լինելու իդեաֆիքսը, որին վերաբերվեցի մի քիչ հումորով ու մի քիչ էլ ակնածանքով՝ որպես փորձառու դիվանագետի ու գիտնականի։
Այդ ժամանակ չէի էլ պատկերացնում, որ մի քանի տարի հետո ազգովի այսօրվա տխուր վիճակում կհայտնվենք, ու դեռ մի բան էլ ժիրայրլիպարիտյանական մտածողություն ունեցողներին չարախնդալու առիթ կտանք»:
Մենք գրեթե ամբողջությամբ ենք ներկայացրել Սարհատ Պետրոսյանի գրառումը, որպեսզի հասկանալի լինի, թե խոսքն ինչի մասին է:
Իսկ խոսքն այն մասին է, որ ամբողջ գրառման մեջ Ժիրայր Լիպարիտյանին ցցի է հանել, Արցախը սկուտեղի վրա հանձնող, հիվանդագին մոլուցքով տառապող, ոչմիթիզականությանը հակադրվող, մարդ, որի մտքերին պետք է հումորով վերաբերվել, ու այդքանից հետո, ամենավերջում գրել է, որ Ժիրայր Լիպարիտյանը ճիշտ դուրս եկավ:
Բայց, և սա ոչ միայն Սարհատ Պետրոսյանն է ասում, այլև մնացած բոլոր «ոչմիթիզականները». Ժիրայր Լիպարիտյանը ճիշտ դուրս եկավ ոչ թե այն պատճառով, որ նրա կանխատեսումները, վերլուծությունները հիմնված են սթափ մտածելակերպի, ռացիոնալ հաշվարկների, միջազգային հարաբերություններում ընթացող զարգացումներն ու տարածաշրջանային հիմնախնդիրները ճիշտ գնահատելու ունակության վրա, այլ որովհետև այս իշխանությունները փնթի էին:
Այ, որ փնթի չլինեին, ոչ մի թիզ էլ չէինք տա, մինչև Բաքու կհասնեինք: Որ մեր իշխանություններն իսկապես փնթի են, դա չի վիճարկվում: Բայց որ այսքանից հետո էլի չեն ընդունում, որ պատերազմում մեր պարտության պատճառներից մեկը, եթե ոչ՝ գլխավորը, հենց «ոչմիթիզականության» գաղափարախոսությունն էր, ու ամբողջ մաղձը թափում են պատերազմի վերահաս վտանգների մասին հազար անգամ ահազանգած գործիչների վրա... դե, այստեղ մենք անզոր ենք:
Այս առթիվ քաղաքագետ Արման Գրիգորյանն էր երեկ շատ դիպուկ գրել. «Արդեն քանի շաբաթ մարդկանց բացատրում եմ, օրինակ, որ պատերազմի արդյունքը միակ բանն է, որի հետ իրավունք ունեն համեմատելու պատերազմից առաջ մեզ առաջարկվող լուծման տարբերակները։ Չէ, մարդիկ երկու ոտքը մի կոշիկի մեջ դրած պնդում են, որ դրանցով պահանջված զիջումներն անընդունելի էին։ Ասում եմ՝ ինչի՞ համեմատ։ Ասում են` առանց Արցախի կարգավիճակը ճշտելու չէր կարելի էդ տարածքները զիջել։ Ու էդտեղ դադարեցնում ես խոսակցությունը»:
Այնպես որ, Սարհատ Պետրոսյանն իզուր է այս իշխանություններին փնթի համարում: Մարդիկ մինչև վերջ կռվել են «ոչ մի թիզ» կարգախոսով, ասել են՝ առանց Արցախի կարգավիճակը ճշտելու ոչ մի տարածքային զիջում: Կռվով են տվել Արցախի կեսն ու Շուշին: Ժիրայր Լիպարիտյանի պես «հողատու», «դավաճան», «տարածք հանձնող» չեն եղել: Ինչի՞ց եք բողոքում:
Որպես կանոն, մենք խուսափել ենք ընդգծել, որ Սարհատ Պետրոսյանը Վազգեն Մանուկյանի փեսան է: Տարիներ շարունակ աշխատել է միջազգային կազմակերպություններում ու կառույցներում (ընդ որում, սա մեր մեջ մնա՝ այնպիսի կազմակերպություններում, որոնց հարցերը Վազգեն Մանուկյանը հրապարակավ խոստացել է խստագույնս լուծել, որպես արտաքին ուժերին սպասարկող: Մեզ թվում է, բոլորդ էլ հասկացաք, թե խոսքը հատկապես որ կազմակերպության մասին է), մտածում էինք, որ մի քիչ ռացիոնալ մտածելակերպ կունենա, մի քիչ՝ հաշվելու ունակություն, մի քիչ՝ լայնախոհություն, որ մի քիչ ավելի հստակ պատկերացումներ կունենա միջազգային հարաբերությունների մասին: Բայց չէ, բան դուրս չեկավ: Վազգեն Մանուկյանը հաղթեց: Հիմա գնալու է ու հակաթուրքական կոալիցիային միանա:
Շարունակելով թեման՝ ասենք, Նիկոլ Փաշինյանը պատերազմը 45 օր ձգձգել է նաև այդ պատճառով, որ բալքիմ մի երկիր ճանաչի Արցախի անկախությունը: Հայտարարել էր, չէ՞, որ եթե գոնե մի երկիր ճանաչի, ապա Հայաստանն անմիջապես կճանաչի Արցախի անկախությունը: Ամբողջ սփյուռքահայությանը «խոդի» էին գցել, աշխարհի տարբեր երկրներում ակցիա, փողոց փակել, ֆլեշ-մոբ անել՝ Արցախի անկախության ճանաչման պահանջով, դեսպանատների դռներն էին մաշեցնում, որևէ մեկը ճանաչե՞ց: Չէ: Նշանակում է, հնարավոր չէր դա: Հնարավոր լիներ, շուտ կճանաչեին: