...

Անիշխանության հարցը պետք է արագ լուծել

Անիշխանության հարցը պետք է արագ լուծել

Մի վտանգավոր միտում ենք նկատում հայկական լրատվական տիրույթում, սոցցանցերում և հասարակության շրջանում: Մարդիկ ցավից ու անորոշությունից թևաթափ են, բայց հասկանում են, որ անիշխանությունը, կառավարիչների անգործությունը և անմեղսունակությունը նոր վտանգների աղբյուր են: Մարդիկ հասկանում են, որ երկրին իշխանություն է պետք, բայց իշխանության արժանի ուժ դեռ չեն տեսնում...

Իսկ վարչապետն ու իր թիմը ամեն ինչ անում են, որ վարկաբեկեն դեռ մնացած պետական ինստիտուտները: Առանց այդ էլ՝ նրանց անգործության, թեթևամտության պատճառով 2,5 տարում հասարակությունն աստիճանաբար կորցնում էր հավատը ժողովրդավարության հանդեպ: Սա՛ էլ վայ-կառավարիչները կարող են գրանցել որպես նվաճում:

Ու հիմա ավելի վատ շրջան ենք ապրում: Մինչ Հայաստանը մեր լեգիտիմ ընտրյալների շնորհիվ սրընթաց կորցնում է ինքնիշխանությունը, հանրության մեջ ձևավորում են կարծիք, որ այս պահին Ն. Փաշինյանն այլընտրանք չունի: Մյուս բևեռը՝ 17 կամ 16-ը, շրջանառության մեջ է դնում ոչ պակաս վտանգավոր մեկի՝ Վազգեն Մանուկյանի անունը: Հիշեցնենք՝ վերջինս ոչմիթիզականության կարկառուն ներկայացուցիչ է, բնույթով՝ արկածախնդիր: Սակայն կա մի երրորդ կարծիք, որը, կարծում ենք, մոտ 10-15 տարվա քարոզչության արդյունք է, քարոզչություն, որ ձեռնտու էր Սերժ Սարգսյանին, որ իրականացնում էր նրա փեսան: Այսպես, հասարակության գլուխը համառորեն մտցնում էին, որ քաղաքական գործունեությունը վատ բան է, որ պահանջները չպետք է քաղաքական լինեն, որ եթե հարցին խառնվի որևէ քաղաքական կուսակցություն, խնդիրը չի լուծվի, որովհետև քաղաքական ուժերը իշխանություն են ուզում: Եվ իշխանությունը մեկ ուժի մենաշնորհ էր, մեկ կամ միատիպ: Եվ ահա 2018-ին իշխանությունը զիջեցին մի ուժի, որի քաղաքական նախընտրությունները այդպես էլ պարզ չդարձան. նրանք «մաքուր» էին, ինչպես տախտակը, բայց նաև ոչմիթիզական էին: Արցախը Հայաստան էր, և վերջ: Հիմա էլ ոմանք (ի դեպ, այս մարդկանց մեջ կան նաև շատ ազնիվ անձինք) պնդում են, որ քաղաքական բոլոր ուժերը վարկաբեկված են, և մեզ պետք է մաքուր ուժ: Միամիտ, իրականությունից դուրս միտք է: Ինչպես նաև պարզ չէ, թե այս մարդիկ ինչ են հասկանում՝ «մաքուր ուժ ասելով», մանավանդ, երբ դրա անմեղսունակությունը տեսել են 2,5 տարի: 

Իհարկե, այս հոդվածը գրողն էլ պակաս միամիտ չէ, քանի որ համառորեն ուզում է մտածել, որ Հայաստանը դեռ ինքնիշխանության փշրանքներ ունի: Բայց եթե, այնուամենայնիվ, հավատանք այդ փշրանքներին, ապա պետք է պնդենք, որ հասարակությունն ընտրություն ունի, և այդ ընտրությունը պետք է քաղաքական լինի: Պետք է ընտրենք ոչ թե զգացմունքով, կաշառքով կամ դատարկ խոստումներով, այլ բանականությամբ: Իսկ բանականությունը պետք է հուշի առաջին հերթին հեռու մնալ արկածախնդիրներից, անպատասխանատուներից: Բանականությունը պետք է հուշի, որ պետք է ընդունենք իրականությունը, ճիշտ հաշվարկենք մեր ուժերը, սին հույսեր չունենանք, թե Ջոնը, Ֆրանսուան կամ Վասիլին լուծելու են մեր խնդիրները, պարգևելու են մեզ ծովից ծով Հայաստան: Պետք է վերջապես կարողանանք զատել, կարողանանք ընդունել այն մարդկանց, որոնք ոչ թե փուչ ճառերով կշոյեն մեր ինքնասիրությունը, այլ վաղուց արդեն ասել են և կասեն ճշմարտությունը, պատրաստ կլինեն գործել հանուն Հայաստանի Հանրապետության:

Կարծում եմ՝ հասկացաք ում և ինչ նկատի ունեմ:

Լևոն Ասատրյան

Հ.Գ. Իշխանության հարցը պետք է արագ լուծել: Թանկ են ամեն օրը, ամեն ժամը: Չափազանց թանկ են:

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ