«Հայաստան» խմբակցության պատգամավորի թեկնածու Գերասիմ Վարդանյանը պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել ԿԸՀ:
«Նկատի ունենալով իմ աշխատանքային ու կազմակերպական ծանրաբեռնվածությունը, ինչպես նաև որոշ այլ հանգամանքներ, անձնական որոշում եմ կայացրել, համաձայն որի այս փուլում իմ խորհրդարանական գործունեությունը նպատակահարմար չեմ համարում», գրել է ֆեյսբուքյան իր էջում:
Ըստ «Հայաստան» խմբակցության ընտրացուցակի՝ Վարդանյանի հրաժարվելուց հետո՝ ընտրացուցակի հաջորդ 50-րդ համարը Լևոն Քոչարյանն է՝ Ռոբերտ Քոչարյանի որդին:
«ՉԻ». Դաշնակը հրաժարվի՞ պատգամավորական մանդատից: Այդպես չի լինում: Իսկ եթե լինում է, ուրեմն իսկապես լուրջ հանգամանքներ պետք է լինեին: Նույնիսկ շատ լուրջ:
Պատկերացնում ենք՝ ինչքան են նրան խնդրել, համոզել, ճնշել, որ մանդատից հրաժարվի: Չենք կարծում, որ բանը խոշտանգումների է հասել, բայց սուրբ գործի համար է արվել այս ամենը. որ վերջապես հերթը հասնի Լևոն Քոչարյանին: Մեռանք սպասելով:
Արդեն հաշիվը խառնել ենք, թե քանի հոգու ստիպեցին մանդատներից հրաժարվել, որ մեր ընկերը պատգամավոր դառնա:
Միայն թե մի հարց կա. Լևոն Քոչարյանը կալանքի տակ է, և եթե պատգամավոր դառնա, անձեռնմխելիություն է ստանալու, բայց ո՞րն ավելի արագ կստացվի՝ իր խորհրդարան մտնե՞լը, թե՞ անձեռնմխելիությունից զրկելը: Խաղադրույքներն ընդունվում են: