...

Հիմա էլ մի ուրիշ համաձայնագիր են գտել

Հիմա էլ մի ուրիշ համաձայնագիր են գտել

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ հեռախոսով քննարկել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը: Գրիգորյանը շեշտել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև դեռևս Խորհրդային Միության տարիներից գոյություն ունի սահման` ընդգծելով նաև, որ ըստ 1991 թվականի «Անկախ պետությունների համագործակցություն ստեղծելու մասին» համաձայնագրի՝ կողմերը ճանաչել են այդ սահմանը, վավերացրել Համաձայնագիրը իրենց խորհրդարաններում և դարձրել այն երկու երկրների օրենսդրության անբաժանելի մաս:

ՀՀ իշխանությունները անընդհատ ինչ-որ համաձայնագրեր են մեջբերում, որոնց բովանդակությունն առանձնապես չեն էլ հասկանում։ Օրինակ՝ իր վերջին առցանց ասուլիսում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հղում արեց՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Հայաստանը պատրաստ է ճանաչել «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը», ինչի մասին Ալիևն է հայտարարում։ «ՀՀ օրենսդրության մաս կազմող Հայաստանի խորհրդարանի կողմից վավերացված համաձայնագիր կա, որով արձանագրվում է, որ ՀՀ-ն ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և սահմանների անխախտելիությունը։ Եվ այդ համաձայնագիրը վավերացվել է 1992 թվականին։ Նույնկերպ Ադրբեջանն էլ վավերացրել է նման համաձայնագիր»,- նշեց Փաշինյանը։ Արձագանքները չուշացան։ Պարզվեց՝ խոսքը ԱՊՀ դեկլարացիայի մասին է, որը ստորագրել են 1991թ․ 12 պետություններ, այդ թվում՝ Հայաստանն ու Ադրբեջանը։ «Երբ անդամակցում ես որևէ միջազգային կառույցի, համապատասխան փաստաթղթերում կա տարածքային ամբողջականության հարցը։ Իրականում՝ չկա որևէ փաստաթուղթ, որտեղ հատուկ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչվել է Հայաստանի կողմից։ Խոսքն այն մասին է, որ այդ կառույցին անդամակցող երկրները փոխադարձ ճանաչում են իրենց տարածքային ամբողջականությունը»,- մեկնաբանել էր ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։ Հիմա էլ Արմեն Գրիգորյանն է հղում անում մի համաձայնագրի, ըստ որի՝ ճանաչված սահմաններ կան։ Բա, եթե կան՝ հրապարակեք այդ սահմանների քարտեզները, հասկանանք՝ ինչն ինչոց է։ Հայտարարեք, որ հենց այդ համաձայնագրի սահմանների շուրջ է ձեր քննարկելիքը։ Չնայած՝ հնարավոր է, որ հիմա էլ Արմեն Գրիգորյանը չի հասկացել այն փաստաթղթի իմաստը, որը ցիտել է։ Ավելի շուտ վերջին տարբերակն է, այլապես կողմերը գլուխ չէին ջարդի, իսկ «գարանտ» հանդիսացող երկրներն էլ հենց այս փաստաթուղթը կդնեին քննարկումների հիմքում։

Գոհար Վեզիրյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1589 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ