...

Մարդ է մահացել

Մարդ է մահացել

Ժամեր առաջ դատարանում՝ հենց դատական նիստի ժամանակ, հանկարծամահ է եղել Արմեն Գրիգորյանը: Վերջինս անազատության մեջ էր մայիսի 17-ից։ Հենց այդ օրն էլ ԱԱԾ-ն հայտնել էր, որ ազգային արժանապատվությունը հրապարակայնորեն նվաստացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում Արմեն Գրիգորյանը ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանք կատարելու կասկածանքով ձերբակալվել է, ապա կալանավորվել: 

Արմեն Գրիգորյանը քննադատում էր Նիկոլ Փաշինյանին, նրա վարած քաղաքականությունը։ Ընդդիմադիրների հանրահավաքներին էլ ելույթ ունենում՝ հաճախ ոչ նորմատիվային, երբեմն չափն անցնող բառապաշարով ներկայացնելով իրողությունները։ Նրա էքսցենտրիկ խոսքը «չարաշահվում» էր որոշ լրատվամիջոցների ու նրան ընկեր համարողների կողմից։ Հրավիրում էին եթեր, հետո սկսում էին սադրել, տոն տալ, որպեսզի նա ավելի ու ավելի «տաքանա»։ Ինչու այսպես եղավ, կամ ով է մեղավոր՝ դեռ կխոսեն, կխոսենք։ 

1990-ականներ։ Իմ մանկության ամենալուսավոր օրերը կապված КВН-ի թիմի մեր հաղթանակների հետ։ Հիշում եմ, որ հարևաններով հավաքվում էինք «դվիժոկ» ունեցող մեկի տանը, որ կարողանանք դիտել մերոնց։ Պատերազմի ամենաթեժ շրջանում Հայաստանը ֆինալ դուրս եկավ՝ ադրբեջանցիների հետ։ Արմեն Գրիգորյանին այդ օրերին եմ հիշում։ Թիմի խարիզմատիկներից էր։ Ամեն անգամ, երբ ես տեսնում էի նրան ընդդիմության հարթակներում, հիշում էի КВН-ի նրա բեմելները, որոնք ազգային արժանապատվություն էին շոյում, որոնք ժպիտ և ուրախություն էին բերում պատերազմող երկրի քաղաքացիներին, որոնք նախանշում էին, որ կրեատիվ մտածողությունն ու ճաշակը, կրթությունն ու համառությունը դառնալու են նոր կառուցվող երկրի համար այլընտրանք չենթադրող գաղափարներ։ Հետո Արմենը մնաց դրսերում՝ պրոդյուսորական գործունեություն էր ծավալում։ Ես ու իմ սերունդը մոռացել էինք նրա մասին։ Հայաստանի աղետներից հետո նա նորից բեմում էր։ Բեմը քաղաքական էր, որտեղ Արմենը բղավում էր, հուզվում էր, հայհոյում էր, անգամ արտասվում էր։ 

Գոհար Վեզիրյան 

Հ․ Գ․ Գործընկերներիս խնդրում եմ հեռացնել Արմեն Գրիգորյանի կյանքի վերջին վայրկյանները պատկերող վիդեոնյութերը։ Չի կարելի։ Այդ նյութերի հեռացումով մաքրեք նաև դրանց տակ եղած քոմենթները։ Մի զրկեք մարդկանց այն վերջին հույս-մտածումից, որ մի օր կարող ենք հասարակություն դառնալ ու լինել։

ՎԱՐԿԱՆԻՇ

   1205 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ