...

Հիմա ո՞վ է մարդկանց սևերի ու սպիտակների բաժանում

Հիմա ո՞վ է մարդկանց սևերի ու սպիտակների բաժանում

«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը` անդրադառնալով Ապարանի տարածաշրջանում Նիկոլ Փաշինյանի օգտին ակցիաներ անցկացրածներին, ասել է. «Ապարանի տարածաշրջանում Նիկոլ Փաշինյանի համար, այսպես ասած, պայքարողները Եհովայի վկաներ աղանդի անդամներ են»:

Վերջին շրջանում մենք Արթուր Վանեցյանին առանձնապես չենք անդրադառնում՝ հաշվի առնելով, որ որպես ընդդիմության հիմնական գործող անձ, Վազգեն Մանուկյանին են առաջ բերել: Բնականաբար, մենք էլ ավելի շատ Վազգեն Մանուկյանին ենք հետևում, նրա հայտարարություններին, խոսքերին, մտքերին: Ի վերջո, երկրի ղեկավարի հայտ է ներկայացրել:

Բայց Արթուր Վանեցյանի այս խոսքին չենք կարող չանդրադառնալ: Որովհետև սա խայտառակություն է: Ուղղակի ամոթալի է, որ ընդդիմադիր դաշտի առավել ակտիվ գործիչներից մեկը, ԱԱԾ նախկին պետը, գեներալի կոչում ունեցող մարդը նման մտածելակերպ ունի: 

Ընդունենք, որ Արթուր Վանեցյանը ճիշտ է ասում: Որ Ապարանում Նիկոլ Փաշինյանի այդ կողմնակիցները Եհովայի վկաներ էին: Եվ ի՞նչ: Դա հանցագործությո՞ւն է: Որևէ տեղ գրվա՞ծ է, որ Եհովայի վկաներն իրավունք չունեն քաղաքական համոզմունքներ ունենալ, դրանք արտահայտել: Այսինքն, որ Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդները պահանջում են Փաշինյանի հրաժարականը, դա նորմալ է, դա ազգային է, դա ողջունելի է: Իսկ որ Եհովայի վկաներն են արտահայտվում, դա դավաճանություն է, հակազգային, պատժելի: Այդպես է ստացվում: 

Սա՞ է ձեր պատկերացրած ժողովրդավարությունը: Հիմա ո՞վ է հասարակությանը սևերի ու սպիտակների բաժանում: Համերաշխությունից ու միասնությունից եք խոսում: Բայց ով ձեր դուրը չի գալիս, պիտակավորում եք: Կեսին սարքել եք սորոսական, գործակալ, կեսին՝ դավաճան, մի մասին դարձրեցիք եհովական, վաղը Նիկոլի աջակիցներին անվանելու եք թմրամոլ, գոմիկ ու հոգեկան հիվանդ: Բոլոր առողջ, ազգային, թասիբով ուժերը մենակ դուք եք: 

Արթուր Վանեցյանը հաճախ է հիշատակում այս իշխանությունների հակասահմանադրական քայլերը: Այստեղ խախտեցին Սահմանադրությունը, այնտեղ խախտեցին... Բայց ոնց որ թե այնքան էլ լավ չի կարդացել Սահմանադրությունը: Եթե ընդհանրապես կարդացել է: Եթե կարդալու ժամանակ չունի, կողքը մի տոննա քաղտեխնոլոգ ու PR-շչիկ է պահում, նույնիսկ մարդ կա, որ 1995 թվականի Սահմանադրության հեղինակներից մեկն է, թող դիմի նրանց, իրեն բացատրեն, որ Սահմանադրության մեջ սևով սպիտակի վրա գրված է, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի ունի արտահայտվելու իրավունք, որ կա մտքի, խղճի ազատություն, որ մեր սահմանադրությամբ բոլորը հավասար են օրենքի առջև և օգտվում են այդ սահմանադրությամբ երաշխավորված բոլոր ազատություններից, այդ թվում՝ եհովականները: Բացատրեք, էլի: 

Բացատրեք, թե որտեղ, ոնց պետք է արտահայտվել: Որ թեմաների վրա ուշադրություն դարձնել, որ թեմաներից խուսափել: Թե չէ էս ի՞նչ է... 21-րդ դարի կեսերին ենք հասել, քաղաքական պայքարում ուրիշ փաստարկ չունեն, քան հակառակորդի եհովական լինելը: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2351 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ