...

Հրանտ Մաթևոսյանի մոտ

Հրանտ Մաթևոսյանի մոտ

Դեկտեմբերի 18-ին՝ հայ մեծանուն գրող Հրանտ Մաթևոսյանի մահվան 17-րդ տարելիցի օրը, նրա հիշատակը խնկարկելու համար Կոմիտասի անվան պանթեոնում հավաքվել էին նրա ընտանիքի անդամները, ընկերները, երկրպագուները: Այստեղ էին նաև մեծ գրողի անունը կրող դպրոցի սաները, որոնք իրենց մանկական զրնգուն ձայներով ու մաթևոսյանական շնչով էին լցրել Պանթեոնի վեհ լռությունը:

«Հրանտ Մաթևսյանի նկարագիրը ամենքին չէ, որ հասու է, նրա գրականությունից սնվում են ամենքը, յուրաքանչյուրն իր գդալի չափով, նրան գնահատում են բոլորը, հասկանում՝ քչերը: Մաթևոսյանի պատկերած աշխարհում լավ ու վատը, գեղեցիկն ու տգեղը, չարն ու բարին ապրում են կողք կողքի և լրացնելով միմյանց՝ դառնում մեծ, ընդհանրական և բազմաշերտ կյանք: Հրանտ Մաթևսյանի կերտած աշխարհը մի քար է տիեզերքի, այդ քարը մեծ չէ, բայց եթե հանեն, կխորտակվի ամբողջ շինությունը: Ինքներս մեզ սիրտ տանք, որ Հրանտ Մաթևոսյան ունենք, նա չի հեռացել մեզանից, նա պարզապես իրենով համալրել է հայոց սրբերի շարքը»,- հնչում էին պատանեկան զրնգուն ձայները:

Գրողի որդին՝ Դավիթ Մաթևոսյանը, խոսելով Հրանտ Մաթևոսյանի ստեղծագործություններով մատաղ սերնդին կրթելու մասին, նշեց. «Ցածր ու միջին դասարանների աշակերտները ծանոթանում են Մաթևոսյանի «Հացը», «Կանաչ դաշտը» ստեղծագործություններին, իսկ ավելի մեծ տարիքում` «Աշնան արև»-ին: Կարևորում եմ այն, որ կարողացանք տարբեր ձևաչափերով հրատարակել Մաթևոսյանի մանկապատանեկան պատմվածքները: Պարզվեց, որ  չենք նկատել մեր աչքի առաջ եղածը, առաջին ու վերջին անգամ «Մեր վազքը» լույս է տեսել 1978 թվականին, հետո մի անգամ տպվել է «Կանաչ դաշտը»: Նշեմ, որ «Հացը» արժեհամակարգային ստեղծագործություն է՝ գրված երեխաների համար, երեխաների լեզվով: Այն պարտքի, պարտկանության ու սիրո մասին պատմություն է: Ի դեպ, սեպտեմբերի 18-ին վարչապետը, ի վերջո տվեց իր ձևակերպմամբ՝ շատ ճշգրիտ ու մտածված հանձնարական, չնայած այս երկու ամսվա պարապուրդը նորից չեմ հասկանում: Սա վկայում է այն մասին, որ մեր երկրին մշակութային հեղափոխություն է պետք: Շատ դժվար, շատ ծանր աշխատանք, որը տարիների ջանքեր է պահանջում:  Այն տասնամյակները, որ մենք հետ ենք ընկել և  շարունակում ենք հետ ընկնել, և  որոնց մասին  Հրանտ Մաթևոսյանը խոսում էր դեռևս 2000-ականների սկզբներին, ընդհանրապես համընթացության պատրանք էլ չունի ցիվիլ մշակութային երկրների հետ: Մենք ունենք դա հաղթահարելու խնդիր և օր առաջ պետք է լուծենք այդ խնդիրը: Այդ համատեքստում Հրանտ Մաթևոսյան մշակութային կենտրոնի կառուցումը դրա փոքրիկ արտահայտություններից մեկը կլինի: Կարծում եմ, մշակութային հեղափոխության հրամայականը այսօր շատ կարևոր է: Կրկին անդրառնալով կենտրոնին՝ պետք է ասեմ, որ նրա ստեղծմամբ մենք մեր երկրին, մեր քաղաքին զարդ ենք տալիս: Հրանտ  Մաթևոսյան մշակութային կենտրոնը զարդարելու է մեր մայրաքաղաքը ինտելեկտուալ առումով, բովանդակային առումով, բնապահպանական տեսակետից, և այս զարդը չվերցնելն առնվազն անշնորհքություն է»:

Մելանյա Ծառուկյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   2289 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ