Երբ Գագիկ Ծառուկյանի շուրջ տեղի ունեցող զարգացումները գտնվում էին բարձրակետային վիճակում (այսինքն՝ պիկում), պետական հեղաշրջման կուրս վերցրած ուժերը հայտարարում էին, թե այսօր-վաղը հուշագիր են ստորագրելու իշխանափոխության օրակարգով։ Նաև ընդհանուր հայտարարություններ էին ընդունում։
Դրանք այն նույն ուժերն են, որոնք նախապես կուսակցական գրասենյակներում հանդիպումներ էին ունենում ու քննարկում իրենց դավադիր ծրագրերը. ԲՀԿ, ՀՅԴ, «Հայրենիք», «Մեկ Հայաստան», «Ազգային օրակարգ» կուսակցություններ։
ԲՀԿ ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանը, մասնավորապես, հայտարարում էր, թե ձևավորման փուլում է պայքարի կազմկոմիտեն, որտեղ կլինեն տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ. «Այս պահին ես չեմ ցանկանում հրապարակել մեր կուսակցության և այլ կուսակցությունների հետ քննարկումների բովանդակությունը, հանգիստ եղեք, շարժումը շարունակվելու է»:
Սակայն հուշագիր այդպես էլ չստորագրվեց, ավելին՝ առանձին կուսակցությունների կողմից որոշակի հայտարարություններ եղան, որոնք թույլ են տալիս ենթադրել, որ կամ այդ ուժերի միջև կան ինչ-ինչ տարաձայնություններ ու հակասություններ, կամ էլ՝ բոլորովին այլ խմորումներ են տեղի ունենում դավադիրների շրջանում։ Նաև՝ նրանց հնարավոր ուղղորդողների, որոնք կարող են լինել ինչպես ներքին, այնպես էլ արտաքին ուժեր։ Չի բացառվում, որ երկուսը միասին։
Այսպես. կոլեկտիվ հայտարարություններից մեկին չմիացավ «Ազգային օրակարգ» կուսակցությունը, որը հետո կարծես սկսեց հանդես գալ սեփական օրակարգով։ Թե իրականում որտեղից է թելադրված այդ նահանջն ու օրակարգը, կարելի է միայն ենթադրել։ Միգուցե հանրապետական շրջանակների՞ց։
Այնուհետ «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանն անսպասելիորեն հայտարարեց, թե կուսակցությունը չի պլանավորում և չի պատրաստվում ստորագրել որևէ հուշագիր կամ համաձայնագիր որևէ քաղաքական ուժի կամ ուժերի հետ. «Մենք, հավատարիմ մնալով մեր պետականակենտրոն գաղափարական գծին, ձևավորում և ամրապնդում ենք գործընկերային հարաբերություններ Հայաստանի գրեթե բոլոր քաղաքական ուժերի հետ՝ Հայաստանի ազգային ու պետական շահերին ծառայելու և այդ շահերին հետամուտ լինելու նպատակով»։
Այս երկու նորաստեղծ կուսակցությունները, զգալով բռնած գործի անհեռանկարայնությունը, վտանգավորությունը, դրա թողնելիք բացասական ազդեցությունը իրենց նոր սկսվող քաղաքական ճակատագրի վրա, առավել ևս՝ հանրային մերժողական ընկալումները այդ ծրագրերի հանդեպ, իրե՞նք որոշեցին նահանջի որոշակի ճանապարհ բռնել, թե՞ դավադիրների հիմնական եռյակը (ԲՀԿ-ՀՅԴ-«Հայրենիք») նրանց դուրս թողեց խաղից։ Հարցը հռետորական է։
Ուշագրավ հայտարարություններ արեցին նաև ԲՀԿ-ականները։ Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ իրենք Միքայել Մինասյանի ու ժողովրդի կողմից մերժված որևէ ուժի հետ չեն համագործակցի։ Գագիկ Ծառուկյանը համագործակցությունը բացառեց ՀՀԿ-ի ու էլի մերժված ուժերի հետ, սակայն հստակորեն չպատասխանելով՝ արդյոք այդ մերժվածների շարքում են Ռոբերտ Քոչարյանն ու քոչարյանական շրջանակները։ Երեկ, իրեն չկալանավորելու որոշումը դատարանում հրապարակելուց հետո, Գագիկ Ծառուկյանը որպես համագործակցության սուբյեկտներ տվեց միայն ՀՅԴ-ի ու Վանեցյանի «Հայրենիք» կուսակցության անունները։ Իր հերթին, Արթուր Վանեցյանն էլ հայտարարում է, թե իրենք ունեն անցնցում իշխանափոխության ճանապարհային քարտեզ։
Այսինքն՝ դավադիրների ճամբարում նկատելի են որոշակի ճաքեր. ծառուկյանականները քար են գցում ՀՀԿ-ի ու մերժվածների բոստանը, քոչարյանականների ու սերժականների ջուրն այդպես էլ մի առվով չի հոսում, փեսա Միշիկը տվայտվում է իր խոհանոցում, Գագիկ Ծառուկյանն ուղղակիորեն հրաժարվում է Քոչարյանին ու նրա շրջապատին անվանել մերժվածներ։
Իսկ հանրությունը հարցնում է. ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն այդ նույն մերժվածների շարքից չե՞ն։ Չէ՞ որ նրանք՝ որպես ՀՀԿ-ի կցորդներ, տարիներով եղել են մերժված քաղաքական ու կոռուպցիոն համակարգի հիմնական դերակատարները՝ ԲՀԿ-ն իր բուֆերային դերով, ՀՅԴ-ն «դեմ ըլլալով կողմ ըլլալու» քաղաքական լարախաղացությամբ։
Համլետ Կիրակոսյան