Աշխարհաքաղաքական «խորունկ» վերլուծություններից հետո նիկոլափրկիչ քաղաքագետ-ստատուսչիների հաջորդ պնդումը հետևյալն է, թե՝ իբր Լևոն Տեր-Պետրոսյանը սխալ էր, որովհետև 7 շրջանները, Հադրութն ու Շուշին հանձնելուց հետո Ադրբեջանի ախորժակը մեծացավ և հիմա արդեն Հայաստանից է տարածքներ ուզում: Այսինքն՝ եթե մենք փոխզիջումներով հարցը կարգավորեինք, միևնույնն է, խնդիրը չէր լուծվելու, թշնամին հղփանալու էր (հաբռգելու էր) և ավելին էր պահանջելու: Եվ վկայակոչում են Ադրբեջանի այսօրվա պահվածքը:
Դժվար է բառեր գտնել այսպիսի դատողությունները բնութագրելու համար: Անտրամաբանական, մանկամիտ, գեղցի... մնացածը դո՛ւք ասեք:
Պարզաբանենք, թեպետ պատմությունը ենթադրական եղանակ չի սիրում:
1. 7 շրջանները, Հադրութը և Շուշին ոչ թե հանձնել ենք, այլ թշնամին գրավել է՝ հաղթելով պատերազմում և մեզ ջախջախելով:
Եթե հարցը խաղաղ կարգավորվեր, կունենայինք Լաչինի 20 կիլոմետրանոց միջանցք, հայկական Հադրութ և Շուշի:
2. Միջազգային ասպարեզում և թշնամու համար Հայաստանը սուբյեկտ, գործոն չէ, որովհետև Ն. Փաշինյանն արկածախնդրությամբ երկիրը նետեց պատերազմի ճիրանները, ջախջախեց հայկական բանակը:
Խաղաղ կարգավորման դեպքում մենք կունենայինք միջազգային երաշխիքներ և կմնայինք տարածաշրջանային սուբյեկտ, կարևոր գործոն:
3. Ադրբեջանի ախորժակը բացվել է, որովհետև պատերազմի և Ն. Փաշինյանի անմեղսունակության պատճառով մենք կորցրել ենք ինքներս մեզ պաշտպանելու հմտությունները: Մեր կորուստներն անչափելի են՝ զոհեր, տարածքներ, տնտեսական ճգնաժամ, հոգեբանական ընկճախտ:
Իսկ ամենակարևորը, կրկնենք, ջախջախված բանակն է: Բանակը մեր պետության ողնաշարն էր: Ն. Փաշինյանն ու իր արկածախնդիրները ջարդեցին այն:
4. Ադրբեջանի ախորժակը մեծացել է, որովհետև պարտված, անգործունակ, անմեղսունակ կառավարություն ունենք:
Հիշենք, հենց նրանք Հայաստանը դուրս դրեցին բանակցություններից և նպաստեցին, որ պատերազմի հարցը վճռվի առանց մեզ:
Ադրբեջանի ախորժակը մեծացել է, որովհետև Ն. Փաշինյանին միջազգային ասպարեզում, մեղմ ասած, շան տեղ չեն դնում:
Ուստի՝ Լևոն Տեր-Պետրոսյանը և նրա գաղափարակիցները ճիշտ էին, երբ պաշտպանում էին փոխզիջումներով խաղաղության, Հայաստանի և Արցախի ապահովության հասնելու ծրագիրը:
Իսկ ձեր արածը հիմա շատ լավ տեսնում ենք: Պատմությունն ապացուցեց, որ պատերազմի կուսակցությունը Հայաստանը մատնեց ջախջախիչ պարտության և գրեթե ոչնչացրեց Արցախը, մեծացրեց Ադրբեջանի ախորժակը:
Եթե այս պարզագույն բաները չեք հասկանում, շարունակում եք պնդել ձեր ցնդաբանությունները, ուրեմն կա՛մ անհաս եք, կա՛մ պատվեր եք կատարում...
Զարուհի Գաբրիելյան