ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր «Իլուրում» հոդված է հրապարակել, որտեղ հայտնել է մարտի 25-ին իր նախաձեռնությամբ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ հանդիպման մանրամասների մասին:
Տեր-Պետրոսյանն առաջարկել է ստեղծված իրավիճակից դուրս գալու համար ընտրություններին մասնակցել համատեղ դաշինքով, ինչի համար հայտարարություն էր պատրաստել՝ հետևյալ տեքստով.
ՀՀ նախկին նախագահների հայտարարությունը
Նկատի ունենալով՝
• պատերազմից հետո մեր ժողովրդի հոգեկան հավասարակշռության վերականգնման հրատապ անհրաժեշտությունը,
• ներքաղաքական գերլարված իրավիճակի շուտափույթ լիցքաթափման, ատելության խոսքի հետագա խորացումից և բախումներից խուսափելու հրամայականը,
• իր եռամյա գործունեության ընթացքում պետական կառավարման բոլոր բնագավառներում լիովին ձախողված իշխանության՝ ամեն գնով վերարտադրվելու հիվանդագին ձգտումն ու դրա ակնհայտ կործանարար հետևանքները,
• ինչպես նաև, Հայաստանում պահի պահանջները բավարարող նոր իշխանության ձևավորման և հանրային համերաշխության համազգային սպասումը,
Հայտարարում ենք՝
«Անկախ նախկինում մեր ունեցած սկզբունքային տարաձայնություններից և սուր հակասություններից, գիտակցելով մեր պատասխանատվությունը երկրի ճակատագրի հանդեպ, անձնապես չհավակնելով իշխանության նոր ձևավորվելիք համակարգում որևէ պաշտոն զբաղեցնելու, առաջիկա ընտրություններին մենք մասնակցելու ենք մեզ սատարող քաղաքական ուժերից, հասարակական կազմակերպություններից և հեղինակավոր մտավորականներից կազմված «Ազգային համաձայնության դաշինք» անվանումը կրող ցուցակով»:
Առաջին նախագահը պատմել է, որ Ռոբերտ Քոչարյանը մերժել է առաջարկը, Սերժ Սարգսյանը կարծիք չի հայտնել:
Այս հրապարակմանն անմիջապես իշխանական շրջանակներից արձագանքեցին, թե Տեր-Պետրոսյանն ամեն գնով ցանկանում է գալ իշխանության, որ երեք նախագահների կախարդական շրջանն են ուզում նորից պտտեցնել և այլն:
Իրականում ճիշտ հակառակն է. Տեր-Պետրոսյանը Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին առաջարկել է, որ իրենք երեքով չհավակնեն որևէ պաշտոնի և հեռու մնան իշխանության նոր ձևավորվող համակարգից՝ դա թողնելով քաղաքական ուժերին, ՀԿ-ներին և մտավորականներին: Տեքստում նշված է, որ սա ոչ թե պաշտոնի հարց է, այլ երկիրը բնականոն զարգացման հուն վերադարձնելու, պետության ջարդված ողնաշարը վերականգնելու և նոր արտաքին մարտահրավերներին դիմագրավելու նպատակ: