«Յուքոմ» ընկերության անձնակազմի հրաժարականի թեման խոստանում է ամենաքննարկվող թեման դառնալ առաջիկա օրերին: Արտակարգ իրավիճակի պայմաններում բջջային կապի ու ինտերնետի մատակարարի շուրջ նման զարգացումները մտահոգիչ են:
«Յուքոմի» կողմից «Բիլայնի» գնման հարցի քննարկումը ՏՄՊՊՀ-ում է ու սառեցված է: Այսօր արդեն հայտնի դարձավ, որ բարձր ՀՀ տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը համաձայնություն չի տվել «Յուքոմի» կողմից Բիլայնը գնելուն:
Ըստ «Յուքոմի» աշխատակիցների՝ բաժնետերերը որոշել են տնօրեն նշանակել «Արմենտել-Բիլայնի» տնօրեն Անդրեյ Պյատախինին, և աշխատակիցները՝ 350-500 հոգի, չեն ցանկանում լքել իրենց ղեկավարին ու բաժնետերերից մեկին՝ Հայկ Եսայանին, ու աշխատանքից ազատման դիմում են գրել: Սրընթաց արագությամբ կազմակերպվել է ֆլեշմոբ՝ «Սիրում եմ քեզ, Յուքոմ» կարգախոսով: Նրանք նշում են, որ «Յուքոմը» միակն է ու հայկականը: Միանշանակ կարելի է հասկանալ շարքային աշխատակիցներին, որոնք կանգնած են աշխատանք կորցնելու հեռանկարի առաջ:
Սակայն, այստեղ կան որոշ «բայցեր»: Նախ, ինչպես արդեն պարզ է դարձել, օրեր առաջ՝ մարտի 27-ին, արգելանք է դրվել ընկերության բաժնետոմսերի ավելի քան 48%-ի վրա: Ընկերությունը գրեթե ամբողջությամբ գրավադրված է:
Գրավադրված չէ միայն Տաշիր խմբի մաս կազմող «Ֆոռա» բանկին պատկանող բաժնեմասը: Խոսքը ռուսական ընկերության մասին է: Թե ո՞ւմ է պատկանում Վիրգինյան կղզիներում գրանցված օֆշորային ընկերությանը պատկանող բաժնեմասը՝ նույնպես պարզ չէ: Բացի այդ, լուրեր են պտտվում ընկերության ներսում տեղ գտած ու բացահայտված չարաշահումների մասին: «Յուքոմը», ի դեպ, «Գազպրոմ Արմենիա» ընկերության ու էլցանցերի պես, պահանջում է վճարել՝ հաշվի չառնելով արտակարգ դրությունն ու մարդկանց մոտ գումար չլինելը:
Ընկերությունը, ըստ էության, ֆինանսական դժվարին կացության մեջ էր հայտնվել դեռ շատ վաղուց: Դրա մասին են վկայում նաև տարբեր հաշվետվությունները:
Իհարկե, այս օրերի ընթացքում ի հայտ կգան «Յուքոմի» գործունեության հետ կապված նոր մանրամասներ՝ լույս սփռելով ընկերության ղեկավարության շարժառիթների վրա:
Սակայն, ամենայն հավանականությամբ, «Յուքոմի» ղեկավարության հրաժարականի տակ ֆինանսական մոտալուտ ճգնաժամից րոպե առաջ սեփական ֆիասկոն քողարկելու ձգտումն է:
Արտակարգ դրության պայմաններում, երբ կապի ու ինտերնետի ոլորտը կարևորագույն դերակատարում ունի, երբ բժիշկները 24 ժամ պայքարում են համավարակի դեմ, դպրոցների դասերը ինտերնետով են կազմակերպում, ընկերության կառավարումը թողնելը, մեղմ ասած՝ ոչ ավելին է, քան պարզագույն սաբոտաժ: «Յուքոմի» ղեկավարության պահվածքը խիստ տարակուսելի է: Հատկապես արտակարգ դրության պայմաններում կապավորը գրեթե ոչնչով չի տարբերվում խրամատում գտնվող զինվորականից: Իսկ որ «Յուքոմը» վաղուց հայկական չէ, դա պարզ երևում է հենց բաժնետերերի ցանկից:
Սլաքներն ընդդեմ «Բիլայնի» տնօրեն Պյատախինի ուղղելը՝ իբր տեղեկատվական արտահոսք է կազմակերպել, որպեսզի պաշտոն ստանա, հասարակության ուշադրության շեղման պրիմիտիվ հնարք է, և ոչ ավելին: Ինքնին պարզ է, որ բաժնետերերի որոշումով վաճառվող ընկերությունը՝ «Բիլայնը», պետք է մաքսիմալ տեղեկություններ տրամադրեր գնորդ կողմին իր ֆինանսական վիճակի վերաբերյալ: Ի՞նչ արտահոսքի մասին է խոսքը:
Հ.Գ. Դեռ ամիսներ առաջ արդեն բազմաթիվ լուրեր, հրապարակումներ կային, որ «Յուքոմի» ներսում լուրջ խնդիրներ կան, ընկերությունը ծանր ֆինանսական վիճակում է հայտնվել, «Բիլայնի» հետ միավորվելու փորձերը իրավիճակից դուրս գալու համար է: Կյանքը ցույց տվեց, որ այդ ամենը ճիշտ է: Մենք մեր ուշադրության կենտրոնում ենք պահելու այս թեման, այն Հայաստանի համար կարևոր, ստրատեգիական նշանակության հարց է, քանի որ փորձ է արվում «Յուքոմի» անվան ներքո երկրի հեռահաղորդակցության ոլորտում մենաշնորհային դիրքեր գրավել: «Յուքոմի» քաղաքականության վրա մեծ ազդեցություն ունեն ռուսաստանցի գործարար Սամվել Կարապետյանը, կան պաշտոնապես չհաստատված տեղեկություններ, որ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանն էլ ունի որոշակի ազդեցություն ընկերությունում և նրա շահերը կառավարման խորհրդում ներկայացնում է ֆինանսիստ Ահարոն Լևոնյանը:
Հ.Գ.-2. Այս լարված իրավիճակին արձագանքել է նաև Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը. «Արտակարգ դրության պայմաններում նախարարությունը հորդորում է ՀՀ կապի և հեռահաղորդակցության օպերատորներին, ինչպես նաև նրանց աշխատակիցներին, ցուցաբերել պատասխանատվություն և առաջնորդվել «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքով իրենց վերապահված պարտավորություններով և Պարետի որոշումներով՝ բարձր դասելով ՀՀ կապի և հեռահաղորդակցության ծառայությունների անխափան աշխատանքը»: