Երեկ ևս մեկ անգամ անդրադարձել էինք բջջային կապի ու ինտերնետի օպերատոր Յուքոմի շուրջ ստեղծված իրավիճակին:
Ինչպես արդեն նշել էինք, Յուքոմն ունի ֆինանսական լուրջ խնդիրներ: Ընկերության բաժնեմասերի ավելի քան 48%-ի վրա արգելանք է դրված այս տարվա մարտի 27-ից: Ընկերության բաժնետոմսերի մեծ մասը գրավադրված է տարբեր բանկերում՝ բացառությամբ ռուսական Տաշիր խմբի մաս կազմող, ռուսական Ֆոռա բանկին պատկանող մասնաբաժնի ու Տաշիր խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանի ազգականի: Իսկ այն, որ Տաշիրը ռուսական ընկերությունների խումբ է, կարելի է համոզվել՝ այցելելով խմբի պաշտոնական tashir.ru կայքէջ, որտեղ սևը սպիտակի վրա գրված է, որ Տաշիրը Ռուսաստանի Դաշնության խոշորագույն արդյունաբերական-շինարարական խումբ է: Հետո ի՞նչ, որ այն պատկանում է ռուսահայ մեծահարուստ Սամվել Կարապետյանին:
Սա՝ ի հեճուկս այն մանիպուլատիվ պնդման, թե ընկերությունն իբր հայկական է կամ ազգային: Ըստ էության, ռուսական կապիտալը Յուքոմում ամենից ամուրն է ու կենսունակը: Ընկերության միայն ռուսական մասն է, որ գրավադրված չէ: Յուքոմի կողմից Բիլայնի գնումը ենթադրում էր հենց ռուսական կապիտալի ընդլայնումն այս ընկերությունում: Գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը ոչ միայն դեմ չէր ռուսական կապիտալի ընդլայնմանը, այլև ներկայացնում էր ընկերությունը, երբ Բիլայնի գնման հարցը քննարկվում էր պետական տարբեր ատյաններում: Սա, իմիջիայլոց:
Վերադառնանք մեր օրերին: Երեկվա հրապարակումներում մենք տեսնում ենք, որ բաժնետերերը, ակնհայտորեն դժգոհ լինելով Յուքոմի ներկայիս ղեկավարությունից, ցանկացել են փոխարինել տնօրեն Հայկ Եսայանին: Նա, ինչպես նաև Յուքոմի ղեկավար կազմը, աշխատանքից հեռանալու դիմում են գրել: Երեկ, բաժնետերերի համատեղ ժողովում, ի վերջո, Հայկ Եսայանի դիմումն ընդունվում է և նշանակվում է այլ տնօրեն: Որից հետո, սկսվում է հաջորդ արարը: Եսայան եղբայրներն առաջարկում են բաժնետերերին գնել մնացյալ բաժնեմասերը (իրենց պատկանում է 6%-ից էլ քիչ)` ընդամենը 22 միլիարդ դրամ, ինչը կազմում է մոտ 40 միլիոն ԱՄՆ դոլար: Հիշեցնենք, որ Յուքոմը ձեռք էր բերել Օրանժը 60 միլիոնով:
Այստեղից եզրահանգում. Յուքոմի գործերն այնքան վատ են, որ հիմնադիր տնօրենն իր ղեկավարած ընկերությունը գնահատում է ավելի ցածր, քան ժամանակին իրենց կողմից կլանված ֆրանսիական Օրանժ Արմենիան, կամ էլ առկա է գործընթացը փակուղի տանելու մարտավարություն:
Արտակարգ իրավիճակի ու համավարակի պայմաններում բջջային ու ֆիքսված ինտերնետի օպերատորի շուրջ այսպիսի արհեստական իրավիճակ ստեղծելը, հանրությանն ապակոմնորոշելը կարող է հետապնդել մեկ նպատակ:
Դատելով իշխանությանն ուղղված կոչերից, Յուքոմի կազմակերպած արշավից, այն է թե՝ Յուքոմն ազգային ու հայկական ընկերություն է, կարելի է եզրակացնել, որ Յուքոմի արդեն նախկին ղեկավարության, ու գուցե նաև՝ որևիցե այլ բաժնետիրոջ ջանքերն ուղղված են Յուքոմի մասնակի կամ ամբողջական ազգայնացմանը:
Ի՞նչ է սա ենթադրում: Նախ՝ արգելանքի տակ գտնվող բաժնեմասերի (շուրջ 49%) ձեռքբերում պետության կողմից՝ ահռելի գումարներ վճարելով այն բանկերին, որտեղ գրավադրված են ընկերության բաժնետոմսերը: Ընդ որում, պարզ չէ, թե ինչպե՞ս կարձագանքեն դրան ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի (անցնում է քրեական մի քանի գործով) որդիներն ու եղբորորդին, որոնց այդ բաժնեմասերը պատկանում են:
Հաջորդ քայլը՝ Յուքոմի հարկային բեռի թեթևացում կամ զրոյացում, հետագա սուբսիդավորում, պետական պատվերի տեղակայում:
Ինչպես տենում ենք, բոլոր այս լուծումները պետության ու վերջնարդյունքում՝ հարկատուների հաշվին են:
Սա, իհարկե, շանտաժ է ու մեծ հարված՝ ուղղված իշխանությանն ու ժողովրդին, այն էլ այնպիսի ժամանակահատվածում, երբ պետությունն իր սուղ միջոցներով փորձում է օգնել փոքր ու միջին բիզնեսին, հոգալ առողջապահության օրըստօրե աճող ծախսերը, թեթևացնել սոցիալապես անապահով խավի վիճակը համավարակի պայմաններում: