...

Ի՞նչ էր ուզում ասել Նիկոլը Վլադիվաստոկում

Ի՞նչ էր ուզում ասել Նիկոլը Վլադիվաստոկում

Հաշվի առնելով Վլադիվաստոկում Նիկոլ Փաշինյանի արտասանած ելույթի նկատմամբ մեծ հետաքրքրությունը և այն հանգամանքը, որ ելույթը, մեծ հավանականությամբ, եղել է ռուսերեն, բայց դրա իմաստն այդպես էլ անհասկանալի է մնացել անգամ ռուսաց լեզվին տիրապետողների համար, ստորև ներկայացնում ենք ելույթի հայերեն տարբերակը։ Եվ այսպես․ 

«Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի։ Նախ թույլ տվեք շնորհակալություն հայտնել ինձ այստեղ հրավիրելու համար։ Ուզում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել նաև շնորհակալություն հայտնելու այս փայլուն հնարավորության համար։ 

Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի։ Հայաստանը հույս ունի Ձեր օգնությամբ դառնալ ոչ միայն արևելք-արևմուտք և հյուսիս-հարավ, այլև Երկիր-Տիեզերք հաղորդակցության ուղիների խաչմերուկ և մասնակցել Մարսի բնակեցման ծրագրերին։ Շնորհակալություն։ Ինձ հաճախ հարցնում են՝ չե՞ք վախենում, որ Հայաստանը կհայտնվի միջազգային պատժամիջոցների տակ։ Վախենալը վատ բան է, իսկ չվախենալը լավ բան է։ Եթե Հայաստանը հայտնվի պատժամիջոցների տակ՝ Ռուսաստանի համար վատ կլինի, եթե չհայտնվի՝ լավ կլինի։ Շնորհակալություն։

Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի։ Ինձ հիացնում է խնդիրները լուծելու Ձեր օպերատիվությունն ու վճռականությունը։ Դուք ընդամենը 44 օրում լուծեցիք այն հարցը, որն այսպես կոչված միջազգային հանրությունը չէր կարողանում լուծել 30 տարում։ Շնորհակալություն։ 

Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի։ Որոշ ուժեր փորձում են ինձ ներկայացնել որպես արևմտամետ։ Վստահ եմ՝ օգտագործելով Ձեր ահռելի կենսափորձն ու անսահման իմաստնությունը և տեսնելով անգլերենի իմացության իմ մակարդակը, Դուք ինքներդ կարող եք եզրակացնել՝ ես նմա՞ն եմ արևմտամետի։ Նախապես շնորհակալություն։

Թույլ տվեք ևս մեկ անգամ հիանալ Ձեր վճռականությամբ և անկեղծությամբ՝ հատկապես Ուկրաինայի իշխանություններին տված Ձեր դիպուկ և ճշգրիտ գնահատականի հարցում։ Այո՛, փողոցային անկարգություններով իշխանությունն ապօրինի զավթած պոպուլիստ-խեղկատակները չեն կարող համարվել լեգիտիմ և միայն աղետներ կբերեն սեփական երկրին։ Հուսով եմ՝ ինձ այստեղ հրավիրելու բուն նպատակն այդ անհերքելի իրողության հրապարակավ ցուցադրելը չէ։ Թույլ տվեք ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել հրավերի համար։ Շնորհակալություն»։

Հոգեբանների և լեզվաբանների կարծիքով՝ ընդամենը ավանդական ռուսական հյուրասիրությունն է եղել պատճառը, որ Նիկոլ Փաշինյանը չի կարողացել հայերեն այս տեքստը ճշգրիտ վերարտադրել ռուսերեն, և արդյունքում Վլադիվաստոկի գագաթնաժողովը նախատեսվածից ավելի ուրախ մթնոլորտում է անցել։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   78401 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ