...

Իդիոտիզմը և «Երրորդ ուժի բացառման օրենքը»

Իդիոտիզմը և «Երրորդ ուժի բացառման օրենքը»

Եվ այնուամենայնիվ եկեք խոստովանենք, որ Սերժ Սարգսյանը գոնե մեկ անգամ ճիշտ էր: Ե՞րբ: Հենց այն ժամանակ, երբ Վազգեն Մանուկյանին տալիս էր հայտնի որակումը՝ իդիոտ: Չենք կարող ասել, թե սույն անձի հատկապես որ առանձնահատկությունը նկատի ուներ, բայց կարող ենք նրա ճշմարտացիությունն ապացուցել բազում օրինակներով: Ահա դրանցից մեկը:

Այսպես, 2020 թ. օգոստոսի 12-ին 10 կուսակցություններ, որոնցից մեկը Վ. Մանուկյանի ԱԺՄ-ն է, հայտարարություն են տարածել Սևրի դաշնագրի 100-ամյակի առթիվ: Սույն թղթում նշված է, որ ստորագրող կուսակցությունները կարևորում են Սևրի հաշտության պայմանագրի պատմական, քաղաքական և իրավական առաքելությունը՝ Հայաստանի Հանրապետության և ամբողջ տարածաշրջանի անվտանգության ու հետագա զարգացման գործում, անհրաժեշտություն են համարում Սևրի հաշտության պայմանագրի հնարավոր միջազգային ազդեցությունն արդիականացնելու գործընթացը և այլն: 

Ո՞ւմ են ուզում խաբել 9 կուսակցությունները և Վազգեն Մանուկյանի ԱԺՄ-ն՝ մեռելածին այս դաշնագիրը նորից թմբկահարելով, գուցե իրե՞նք են ինքնախաբեությամբ զբաղվում: Պարզ չէ: Բայց մի բան պարզ է. Վազգեն Մանուկյանը ոչինչ չի սովորել Ռաֆայել Իշխանյանից: Հիշեցնենք, որ նա Իշխանյանի փեսան էր, հետևաբար նաև անձնական շփումների մեծ հնարավորություն ուներ, սակայն ո՛չ հայերեն է սովորել մեծ լեզվաբանից, ո՛չ էլ սթափ մտածել՝ մեծ մտածողից: 

Իսկ Ռաֆայել Իշխանյանը «Երրորդ ուժի բացառման օրենքը» հռչակավոր հոդվածում Սևրի դաշնագրի մասին գրել է հետևյալը.

«1918 թ. մայիսի 28-ից հետո հայոց ազգային խորհուրդը վերջապես բարեհաճեց Երևան գալ։ Դաշնակցությունը դարձավ պետական կուսակցություն։ Եվ կարծես սկսեց հասկանալ երրորդ ուժի բացառման օրենքի փրկարար դերը։ Բայց դա տևեց մինչև Սևրի դաշնագրի ժամանակները։ 1920 թ. ամռանը հնարավորություն կար քեմալական Թուրքիայի հետ հարաբերությունների մեջ մտնել. Քեմալին դա շատ էր պետք, քանի որ տեղը նեղ էր։ Քեմալը համաձայն էր Կարսի մարզը չպահանջել և Վանի վիլայեթից էլ ինչ-որ բան տալ Հայաստանին։ Բայց երրորդ ուժին ապավինելու ցավը դարձյալ մտել էր հայ ղեկավարների մեջ։ Հայաստանի վարչապետ բժիշկ Համո Օհանջանյանը Սևրի դաշնագիրն էր ձեռքին թափահարում, դրա սահմաններով Հայաստան պահանջում Թուրքիայից։ Այս անգամ հույսը Արևմուտքի վրա էր։ Չնայած Անգլիան ասում էր, որ իր նավերը Արարատ բարձրանալ չեն կարող, Ֆրանսիան իր գործերով էր զբաղված (որպեսզի հետո դավադրաբար Կիլիկիան Թուրքիային նվիրի), հայ ղեկավարները, հույսը դրած այդ պետությունների վրա, չէին հասկանում, որ Սևրի դաշնագիրը հայերիս համար մի թղթի կտոր է։

Արամը չկար։ Քեմալը, Հայաստանի կողմից արձագանք չգտնելով, դաշնակցեց բոլշևիկյան Ռուսաստանի հետ, և այդ երկուսը Հայաստանը իրար մեջ բաժանեցին, Հայաստանի հանրապետությունը մեռավ։ Արևմտյան երկրները մատը մատին չխփեցին։ Իսկ Լոզանի ժողովում հայերի պատգամավորությունը բռնաբարված ու արձակված բողոքարկու կնոջ էր նման։ Ոչ մի պաշտպան չուներ։ Սա էլ երրորդ ուժին ապավինելու արդյունքներից մի ուրիշն էր»:

Ահա այսպես, առանց սեթևեթանքի ու խաբեության, առանց սրան-նրան դուր գալու ցանկության Ռաֆայել Իշխանյանը տվել է նաև ձե՛ր ախտորոշումը:

Հուսով ենք, որ 10 կուսակցությունները, երկրիս նախագահն ու վարչապետը, ինչ-որ տեղ, թաքուն, հոգու խորքում հասկանում են, որ իդիոտիզմը ուղիղ ճանապարհ չէ: Սակայն վատ չէր լինի, որ օրական գոնե մեկ անգամ կարդային Ռ. Իշխանյանի «Երրորդ ուժի բացառման օրենքը», գուցե ապաքինվեին...

Զարուհի Գաբրիելյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   2027 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ