...

Անձը թիրախավորելով՝ արժեզրկել են գործն ու գաղափարը

Անձը թիրախավորելով՝ արժեզրկել են գործն ու գաղափարը

Մի՛ կեղծեք

Ներքաղաքական պայքարը սառեցնելու վերաբերյալ թեպետ բազմաթիվ կոչեր ենք լսում, բայց այն շարունակվում է:

Թեպետ անդադար նշում ենք, որ այս պատերազմը տարբեր է 90-ականների ազատամարտից, մեր ներքին օրակարգը գրեթե անփոփոխ է: Չեն փոխվել անգամ այն լեզվական միջոցները, որոնք գործածվում էին 30 տարի առաջ (օրինակ՝ ոչ մի թիզ հող, միայն փաթեթային, ապազգային, ազգի դավաճան և այլն: Թերևս ջհուդամասոններին փոխարինել են սորոսականներով): Թեպետ իշխանության են եկել նոր ուժեր, որոնք անցած 2,5 տարում ջանք ու եռանդ չխնայեցին նախորդներից զատվելու, իրենց տարբերությունն ընդգծելու համար, նախորդ 30 տարիները միայն սև գույնով ներկեցին՝ չարիք հորջորջելով անկախ Հայաստանի բոլոր ղեկավարներին և ներողություն խնդրելով Վազգեն Մանուկյանից, ընդդիմության կազմը գրեթե չի փոխվել: Ավելին, հոկտեմբերի 27-ին պատերազմող երկրի իշխանության հրաժարականի առաջարկով հանդես եկավ նույն ինքը՝ Վազգեն Մանուկյանը: Մեկնաբանությունները, ինչպես ասում են, ավելորդ են: Փաստորեն ներքաղաքական մորատորիում չկա: Սակայն վեճերը դեռևս թեժ չեն: Հուսանք, որ այսպես էլ կմնա: 

Այնուամենայնիվ անհրաժեշտ ենք համարում անդրադառնալ Արցախյան խնդրի մի հոգեբանական կողմի, որից շատ բան էր կախված: Կասեք՝ ժամանակը չէ: Պատասխանենք՝ ժամանակն է: Ավելին, ուշացրել ենք: Ուշացրել ենք և հիմա էլ կեղծում ենք:

Հայտնի վերլուծաբաններից մեկն իր գրառումներից մեկում նշում է, որ Արցախյան խնդրի դիվանագիտական լուծումները միշտ մշուշապատ են եղել, նախկին իշխանությունները չեն գաղտնազերծել կամ հասարակությունից թաքուն են պահել լուծման առաջարկվող տարբերակները: Արձանագրենք մի «անմեղ» կեղծիք. 1997 թվականի նոյեմբերի 1-ին ՀՀ առաջին նախագահը բաց խոսակցություն ունեցավ հանրության հետ. հիշե՛ք «Պատերազմ, թե՞ խաղաղություն. լրջանալու պահը» հոդվածը և դրան նախորդած մամուլի մեծ ասուլիսը: Սակայն հայտնի ուժերն այլ կարծիքի էին: Նրանք արդեն վաղուց էին սկսել լրջանալու դեմ պայքարը:  Հայաստանի անկախացման առաջին օրերից, ավելի ճիշտ՝ ազգային զարթոնքի առաջին պահերից էր սկսվել հոգեբանական պատերազմը մեր անկախության, մեր ինքնուրույնության դեմ: Տարբեր մեթոդներ կային, որոնցից ամենագործունը դարձավ նոր իշխանության ներկայացուցիչների անձերի թիրախավորումը, նրանց դեմոնիզացիան: Նպատակը շատ պարզ էր, անձը դիվականացնելով՝ ջնջում են գաղափարը, փակում բանական քննարկումների ուղին, հետաձգում կամ իսպառ ոչնչացնում լրջանալու պահը: Ցավալի է, բայց պետք է խոստովանենք, որ նրանք հասան իրենց նպատակին: Այսինքն՝ շատերին զրկեցին սթափ մտածելու կարողությունից: Գայթակղիչ, ականջ շոյող էին և են իրենց հիմքում որևէ էական փաստ ու փաստարկ չունեցող գաղափարները, ինչպիսիք էին, օրինակ, համաշխարհային ազգը, հաղթողականության և պարտվողականության հակադրումը, Սևրի դաշնագրի առասպելը և այլն: Պատերազմական վիճակի տնտեսական բոլոր դժվարությունների մեղավորը հանրապետության ղեկավարությունն էր, որ ի սկզբանե հայտարարվել էր հող հանձնող (իսկ հող գրավել էինք հենց այդ իշխանության օրոք), ապազգային: Գործի էին դրվել բոլոր միջոցները՝ մամուլը, բամբասանքը, աբսուրդային սուտը: Նշենք, որ հատուկ թիրախ էր ՀՀ առաջին նախագահը: Համոզված ենք՝ նրա հասցեին ասվածը շատ լավ գիտեք: Այսօր էլ հաճախ կրկնում են: Այսօր էլ եք լսում և տեսնում նույն պիտակավորումները: Սրանցով նաև շանտաժի են ենթարկում նոր իշխանությանը: Նշենք, որ շանտաժը հաճախ հասնում է նպատակին՝ բացառելով սթափ մտածողությունը:

Չերկարացնենք: Եվ այսպես, անձի թիրախավորումը, անձի դեմոնիզացիան 90-ականներից մինչ օրս շատերին զրկել է գաղափարը սթափ ընկալելու կարողությունից: Դժվար է, բայց պետք է սթափ մտածելու ջանք գործադրենք, և վերլուծությունների փորձ անելիս փաստերը չկեղծենք:

Զարուհի Գաբրիելյան

«Չորրորդ իշխանություն», թիվ 33, 2020

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ