Որովհետև հայկական մամուլում և սոցցանցերում շարունակվում է մեր նորագույն պատմության խեղաթյուրումը, ստիպված ենք անդրադառնալ մի ցավոտ թեմայի:
Խոսքը Վազգեն Սարգսյանի պատմական դերի մասին է:
Եթե անհատի գործունեությունը, դերը դիտարկում ենք պատմական կոնկրետ ժամանակահատվածում, եթե չենք փորձում նրան աստվածացնել կամ դիվականացնել, ապա ստանում ենք քիչ թե շատ ճշմարիտ պատկեր:
Այսպես, Վազգեն Սարգսյանի դերն անուրանալի է Արցախյան առաջին պատերազմի և հայոց բանակի ստեղծման գործում: Հիշենք, որ նախորդ դարի 90-ականների սկիզբը վճռորոշ էր անկախ Հայաստանի և Արցախի համար:
Ազգային-ազատագրական պայքարի ժամանակ երկրում իշխանություն ստանձնած թիմի անդամները շատ լավ գիտեին իրենց պարտականությունների և իրավասությունների սահմանները: Վազգեն Սարգսյանը հիմնականում զբաղված էր ռազմական խնդիրներով, Վանո Սիրադեղյանը՝ ներքին գործերի և այլն: Սակայն երկրի Նախագահը՝ Լևոն Տեր-Պետրոսյանն էր կրում քաղաքական պատասխանատվության բեռը: Բարեբախտաբար, Առաջին հաղթական պատերազմի իշխանական թիմը միասնաբար իրականացնում էր Նախագահի քաղաքական ռազմավարությունը, որը
1. Հայաստանը զերծ պահեց ագրեսորի պիտակից, որովհետև խնդիրը դուրս հանեց պահանջատիրության պրիմիտիվ և միջազգային հանրության համար անընդունելի ծիրից.
2. Արցախը դարձրեց միջազգային քաղաքական օրակարգի մաս.
3. Պատերազմի ծանրագույն տարիներին կարողացավ պետության ներքին կյանքում բացառել քաղաքացիական պատերազմը, որի բովով այսպես կամ այնպես անցան հարևան երկրները.
4. Հայաստանն ու Արցախը երկարատև, հյուծող պատերազմից դուրս եկան հաղթանակած:
Ընդգծենք՝ հաղթանակը միայն բանակի ձեռքբերումը չէր. հաղթանակ չէր լինի, եթե պետական քաղաքականության հիմքում դրվեր արկածախնդրությունը: Այսինքն՝ հաղթանակի կարևորագույն բաղադրիչը քաղաքական էր:
Վազգենապաշտներին հիշեցնենք նաև, որ նա ահա այս քաղաքական թիմի հավատարիմ անդամն էր, մինչև…
Ի՞նչ տեղի ունեցավ հաղթանակից հետո: Անխուսափելիորեն աճեց ռազմական թևի դերակատարումը երկրի ներսում: Նշենք, որ Հայաստանը միակ երկիրը չէ, որտեղ պատերազմից հետո մեծանում է զինվորականության դերը, հատկապես, եթե պատերազմն ավարտվում է հաղթանակով: Սակայն մեր երկրում սա ունեցավ չափազանցված և կործանարար նշանակություն, որովհետև Արցախյան խնդրի լուծման հարցում գրեթե բացառվեց քաղաքական բաղադրիչը: Այսպես.
1. Հակալևոնական թունդ պրոպագանդան միֆեր էր ստեղծում ռազմական հաղթանակի մասին, որոնք ուղղված էին Նախագահի դերը նվազեցնելուն (օր.՝ Շուշին գրավել են, իսկ Լևոն Տեր-Պետրոսյանը չի իմացել, կամ Շուշին գրավել են՝ ի հեճուկս Լևոն Տեր-Պետրոսյանի: Ցնդաբանությունների թվարկումը դու՛ք շարունակեք):
2. Բարձրաստիճան զինվորականները ձգտում էին քաղաքական և տնտեսական դերակատարման:
3. Ստեղծվել էր Երկրապահ կամավորականների միությունը, որ դրական դերակատարմանը զուգահեռ հավակնում էր լիարժեք իշխանության:
4. Եվ այո՛, Վազգեն Սարգսյանին ինչ-որ պահի թվաց, թե ինքն արժանի է ավելիին, քան Լևոն Տեր-Պետրոսյանի թիմակիցը լինելն էր: Սրան նպաստում էր նաև հայդատական, ոչմիթիզական պրոպագանդան, որի հիմքում ոչ թե պետականության գաղափարն է, այլ ֆիդայական «աներևակայելի» հերոսականությունը:
Կրկնենք՝ այս երևույթը բնորոշ է հետպատերազմական շրջանին: Մեր դժբախտությունն ուղղակի այն էր, որ ռազմական թևը չկարողացավ ճիշտ գնահատել իրադրությունը և հաղթանակից արբեցած՝ նպաստեց 1997-98 թթ. դեպքերին: Արդյունքը սա էր.
1. 1998-ին մերժվեց Արցախյան խնդրի քաղաքական կարգավորման հնարավորությունը.
2. Հեղաշրջմամբ փոխվեց մեր պետության իշխանությունը.
3. Հեղաշրջում չէր լինի, եթե զինվորականության մի մասը՝ Վազգեն Սարգսյանի գլխավորությամբ, չկանգներ հայտնի ուժերի թիկունքին.
4. Վազգեն Սարգսյանի «Ղարաբաղի հարցում հիմա կարիք չունենք փոխզիջման գնալու։ Կզիջենք այն ժամանակ, երբ հարկադրված կլինենք» բանաձևն իրականացավ 2020-ի նոյեմբերի 9-ին:
Ամփոփենք: Անշուշտ, անուրանալի է Վազգեն Սարգսյանի դերակատարումը Արցախյան առաջին պատերազմի ժամանակ, բայց հաղթանակից հետո նրա գործունեությունը նաև հանգեցրեց անտրամաբանական քաղաքականության գերիշխանությանը մեր երկրում: Իսկ թե ինչ կլիներ, եթե 1999 թ. հոկտեմբերի 27-ը չլիներ, ոչ ոք չի կարող ասել: Սակայն մի բան կարող ենք ասել: Զոհված Վազգենի անունն ամեն տեղ շահարկող մակաբույծներն են ստիպում, որ անդրադառնանք այս ցավոտ թեմաներին: Նշենք՝ այս հոդվածում ասվածը դեռ շատ մեղմ է:
Զարուհի Գաբրիելյան