...

Լևոն Տեր-Պետրոսյանի նորմալ պետությունը և ազգային միֆերը - 2

Լևոն Տեր-Պետրոսյանի նորմալ պետությունը և ազգային միֆերը - 2

(շարունակություն)

Եվ այսպես, ապացուցենք այն, ինչ ապացույցի կարիք չունի: Խնդիրը լուծելու համար վերադառնանք ելման կետ՝ 1998 թ. Անվտանգության խորհրդի նիստ:

Վազգեն Սարգսյանն ասում է. «Ղարաբաղի հարցում հիմա կարիք չունենք փոխզիջման գնալու։ Կզիջենք այն ժամանակ, երբ հարկադրված կլինենք»:

Լևոն Տեր-Պետրոսյանը պատասխանում է. «Ամենաապշեցուցիչը, սակայն, այն պնդումն է, թե Ղարաբաղի հարցում մենք պետք է փոխզիջման գնանք այն ժամանակ, երբ հարկադրված կլինենք։ Մի՞թե հասկանալի չէ, թե ինչ է նշանակում հարկադրված զիջում. հարկադրված զիջումը նշանակում է կապիտուլյացիա։ Իսկ կապիտուլյացիայի ժամանակ դու ոչինչ չես զիջում, կամ եթե զիջում էլ ես՝ դրա դիմաց ոչինչ չես ստանում, այլ հլու հնազանդ ընդունում ես այն, ինչ փաթաթում են քո վզին։ Քի՞չ է մեր անցյալի դառը փորձը։ Քի՞չ են Բաթումի ու Ալեքսանդրապոլի խայտառակ պայմանագրերը, երբ ավելի վաղ հնարավորություն կար շատ ավելի ձեռնտու լուծումներ գտնելու, բայց ժամանակի պատասխանատուները կորցրին այդ հնարավորությունները։ Ստիպված եմ կրկնել իմ վերջին հոդվածի տրիվիալ միտքը. փոխզիջման պետք է գնալ այն պահին, երբ ուժեղ ես։ Հայաստանը վաղն ավելի ուժեղ չի լինելու, քան այսօր։ Հետևաբար, վաղվա ցանկացած լուծում ավելի վատն է լինելու, քան այսօրվանը»։

Ինչո՞ւ ենք դարձյալ այս մեջբերումն անում: Որովհետև այն անկյունաքարային է, որովհետև եթե Վազգեն Սարգսյանը չկանգներ հեղաշրջման մասնակիցների կամ Լևոն Տեր-Պետրոսյանին հրաժարականի պահանջ ներկայացնող հայտնի մարմինների շարքում, շատ բան այլ կլիներ: 

Կարծում ենք՝ չափազանցություն չի լինի, եթե ասենք, որ 1998 թ.-ին Պաշտպանության նախարարն ուժեղ ֆիգուր էր: Սա նախ պայմանավորված էր Արցախյան առաջին պատերազմում հաղթանակի գործոնով: Այսինքն՝ Հայաստանում ուռճացված էր զինվորականության դերը: Պատճառները բազմաթիվ էին, սակայն կարևորագույնը թաքնված է մեր պատմական հիշողության, եթե կուզեք՝ հոգեբանության մեջ: Հարյուրամյակներ հեքիաթներով, բայց ռազմական անկարողությամբ ապրած ժողովուրդը չէր կարող չգերագնահատել զենքով նվաճածը: Այս հանգամանքին գումարենք նաև ֆիդայականության՝ դեռ 19-րդ դարից եկող միֆականացումը, և պատկերը քչից-շատից կամբողջանա: 

Զարմանալի օրինաչափությամբ կանոնավոր բանակի ստեղծման ակունքներում կանգնած անձը՝ Վազգեն Սարգսյանը, ֆիդայականության, հայդատականության առաջին զոհը դարձավ: Նրա՛ ստեղծած Երկրապահ կամավորականների միությունը (կամավորականները 20-րդ դարի վերջի ֆիդայիներն են) վերածվեց քաղաքական գործոնի և այն ժամանակվա ԱԺ-ն մի գիշերում երկրապահացավ՝ իշխանությունից հեռացնելով խաղաղության կուսակցությունը… 

Ուշադրությու՛ն դարձրեք նրա վերոբերյալ արտահայտությանը: Արդյոք այն պետական այրի միտք է: Պետական մտածողությունը հենվում է հստակ հաշվարկի վրա, իսկ ֆիդայականությունն ու հայդատականությունը՝ բախտի բերման: Ինչի՞ էր ուզում հասնել Վազգեն Սարգսյանը: Գուցե պատեհ առիթի վրա էր հույսը դրել՝ մոռանալով, որ պատերազմում հաղթել էինք ոչ միայն ռազմական հաջողությունների շնորհիվ, այլև պետական հստակ, հաշվարկված քաղաքականության: Դժվար է այսօր ասել: Բայց հստակ երևում է, թե ինչ եղավ, երբ մեզ ստիպեցին զիջել: Իսկ եղավ այն, ինչ դեռևս 1998-ին կանխատեսել էր Լևոն Տեր-Պետրոսյանը: 

Սա չենք գրում, որովհետև ուզում ենք չարախնդալ ու ասել՝ տեսա՞ք՝ Լևոնը ճիշտ էր: Բնավ ո՛չ: Ուղղակի ֆիդայականության, հայդատականության հակապետական արշավը Հայաստանում շարունակվում է: Ավելին, թվում է՝ իսպառ ջնջվել է պետական մտածողությունն անգամ: Թե՛ իշխանությանը, թե՛ ընդդիմությանը ձեռնտու է տնաբույծ, գավառական հայրենասիրությունը, որի հիմքում չկա պետականության գաղափար: Ընտրությունների ժամանակ հանուն իշխանության կռիվ էին տալիս մեր բզկտված երկրում՝ չունենալով ստեղծված իրավիճակից դուրս գալու որևէ իրատեսական լուծում: Հիմա էլ չունեն: Սպասում են պատեհ առիթի՝ հանրությանը սնելով տարբեր ախմախ միֆերով: 

Այնուամենայնիվ, ի՞նչ կարելի է անել: Կարծում ենք, որ սթափ, իրատես ուժերը պետք է իրական, ցավոտ վերլուծություններից չխուսափեն, պետք է խոսեն հանրության հետ:

Զարուհի Գաբրիելյան

Մաս 1

ՎԱՐԿԱՆԻՇ

   2843 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ