...

Լևոն Տեր-Պետրոսյանի նորմալ պետությունը և ազգային միֆերը

Լևոն Տեր-Պետրոսյանի նորմալ պետությունը և ազգային միֆերը

Բնավ զարմանալի չէ, որ նույնիսկ այս օրհասի ժամին միֆոլոգիայի զոհ հայ հանրության մի մասը հաճույքով կրկնում է 90-ականների սկզբից իրեն մատուցված հակատրամաբանական թեզերը:

Մտի՛ր ֆեյսբուքյան տարածք, խոսի՛ր մեր հանրության տարբեր շերտերի, տարբեր կրթական ցենզ և տարիք ունեցող մարդկանց հետ և տե՛ս, որ լրջանալու պահն այդպես էլ չի եկել: 

Մի երկու օրինակ բերեմ սեփական փորձից: 

1.    Հանրության 55-65-ամյա տարիքի մարդիկ մինչ օրս ողբում են Սովետի կործանումը: Գիտե՞ք՝ մեղավորն ով է: Ո՛չ, համաշխարհային իմպերիալիզմը չէ, Լևոն Տեր-Պետրոսյանն է: Այո՛, նա՛ է կործանել երբեմնի հզոր, գյոզալ երկիրը:

2.    Մարդիկ կան, որ այսօրվա դժբախտությունների պատճառը տեսնում են երկրի հիմքում: Այսպես, նրանք կարծում են, որ Լևոն Տեր-Պետրոսյանը սխալ հիմք դրեց, ավելին՝ նա՛ էր մեղավոր, որովհետև ուզում էր ՆՈՐՄԱԼ պետություն կառուցել: Իսկ մեզ նորմալ պետություն պետք չէր, մենք պետք է օրինակ վերցնեինք Իսրայելից: Իսրայելը երևի աննորմալ պետություն է:

3.    Շատ-շատերը համոզված են, որ Լևոն Տեր-Պետրոսյանը հանձնում էր Արցախը: Օր.՝ 20-25 տարեկան մի երիտասարդ գրում է. «Ղարաբաղ կոմիտեի նախագահը տալիս էր Ղարաբաղը»: 

4.    Արցախյան առաջին պատերազմի մասին տարածված միֆերը չեմ ներկայացնում: Գիտեք:

Նշեմ, որ մտքի այս «փայլուն գոհարները» հասարակական կարծիք են, այն, ինչը որոշիչ է ընտրությունների ժամանակ:

Եվ հիմքում տգիտությունն է: Հիմքում երկարամյա տքնաջան աշխատանքն է այդ տգիտությունն արմատավորելու նպատակով: Ստացվեց: Տուժում է պետությունը: Եվ դուք դեռ զարմանում եք, որ նման գիտելիքներով զինված հանրությունն ընտրում է ազգակործանին: 

Սակայն դառնանք նորմալ պետության հասկացույթին: Այո՛, մեզ նորմալ պետություն էր պետք, որի հիմքերը անասելի ճիգերով դրվեցին 90-ականների սկզբում: Դրանք այնքան ամուր էին, որ 2 տասնամյակից ավել պահանջվեց խարխլելու, ոչնչացնելու համար: (Հիշե՛ք առաջին հանրապետությունը, որ գոյատևեց մոտ 2 տարի, բայց դե նորմալ պետություն չէր, հիմքերն «ազգային» էին):

Ի՞նչ էին հակադրում նորմալ պետության գաղափարին 90-ականների ընդդիմադիրները: Ճիշտ եք, համաշխարհային ազգի միֆը: Այսինքն՝ ազգը հակադրում էին ազգային մեծագույն նվաճմանը՝ ազգային պետությանը: Հետո պետությունը դարձրին իրենց բոստանը, որովհետև այլ պատկերացումներ չունեին: Մերը բոստանն ու օջախն են, նորմալ պետությունը մեզ համար չէ:

Արցախյան խնդրի տերպետրոսյանական լուծմանը, որն իրականում ենթադրում էր արժանապատիվ խաղաղություն, Հայաստանի պետականության և հայկական Արցախի ամրապնդում, հակադրում էին «հաղթողականության» միֆը, որի արդյունքը տեսնում ենք հիմա: Հայաստանն այլևս նորմալ պետություն չէ, որովհետև քանդվել են պետականության բոլոր հիմքերը, Արցախում հայերի գոյությունը մեղմ ասած հարցականի տակ է:

Խնդիրը, որն ուզում ենք ձեր ուշադրությանը ներկայացնել, բնավ պատմական չէ, այն ավելի քան արդիական է: Լևոն Տեր-Պետրոսյանի դեմ պայքարելով՝ մեր քաղաքական գործիչները, մտավորականները, շարքային քաղքենիները հետևողականորեն կործանում էին հայկական նորմալ պետության գաղափարը: Նույնն են շարունակում այսօր: Ուստի հաջորդիվ կներկայացնենք նրանցից նշանավորների կերպարներն ու գաղափարները՝ ապացուցելու համար այն, ինչ իրականում ապացույցի կարիք չունի:

Զարուհի Գաբրիելյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1319 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ