Ինչպես 90-ականներին էր մեզ թվում, որ Հայաստանում կատարվողը բնորոշ է միայն մեզ, այնպես էլ այժմ ենք կարծում, թե ատելության խոսքը հնչում է միայն մեր երկրում: Ի դեպ, հիշեցնենք հայերեն հայտնի ասացվածքը` հաչան շունը չի կծում… Հավելենք` բայց վախեցնում է, մոլորեցնում:
90-ականների հենց սկզբից` անկախ Հայաստանի կայացման առաջին իսկ օրերից, թիրախավորվեցին երկրի նոր իշխանությունը և, իհարկե, անկախությունը: Սկսեցին լույս տեսնել բազմաթիվ թերթեր, որոնց հիմնական գործը անսանձ քննադատությունն էր, ավելի ճիշտ` ատելության խոսքի միջոցով իշխանությունը վարկաբեկելը: Ընդ որում, խոսքը պաթետիկ էր, ողբերգականության շեշտով, իսկ մեղադրանքները` ամբոխահաճ և շատ հաճախ` չհիմնավորված: Ու՞մ էր պետք ճշմարտությունը, ո՞վ էր հետաքրքրված իրական փաստերով, երբ խնդիրը մեկն էր` սևացնել իշխանության ցանկացած տրամաբանական քայլ, որն ուղղված էր երկրի ինքնիշխանությունը հաստատելուն:
Պրոպագանդան (այո′, հենց պրոպագանդան, որովհետև հայերեն հրաշալի բառը` քարոզը կամ քարոզչությունը, բնավ կապ չունի այս ամենի հետ) երկու հիմնական ուղղություն ուներ`
- գյոզալ երկիրը (Սովետական Միությունը) քանդեցին, հարստությունը լափեցին,
- իշխանությունն ապազգային է, ազգային արժեքներն ու Ղարաբաղը ծախում է:
Տրամաբանություն մի′ փնտրեք: Չկա: Բայց նպատակներ կային: Հիմնական նպատակը երկիրը նորից կախման մեջ գցելն էր, ինչին ծառայում էին երկրորդական նպատակները` հավակնոտ անձանց իշխանության ձգտումը, ճարպիկ կոռուպցիոներներին բացարձակ ազատություն տալը` փող «աշխատելը»: Թիրախային խմբերն էլ էին ընտրված`
ա) սովետի ժամանակ լավ ապրողները,
բ) կեղծ ազգայնականությամբ տառապողները:
Հաճախ սրանք հանդես էին գալիս նույն դեմքով: Դրա համար էլ գործի դրվեցին ոչ միայն վերոնշյալ թերթերը, այլև պրոպագանդայի ամենաուժեղ զենքը` բամբասանքը: Եվ «գյոզալ երկիրը քանդեցին» զգայացունց արտահայտության կողքին հայտնվեց մեկ այլ` ոչ պակաս ազդու ձևակերպում` «մենք համաշխարհային ազգ ենք»: Մի՞թե սա չէր շոյում ամբոխի մի հատվածի ականջը: Մի՞թե չէր բարձրացնում հայ տնաբույծ քաղաքական վերլուծագանգի կամ ազգայնականի ինքնագնահատականը…
Արդյունքը, սակայն, Հայաստանի համար քիչ էր մնում` ճակատագրական դառնար: Ամոթով ենք նշում, բայց հարևան Վրաստանում, որտեղ պակաս դժվարություններ չկային 90-ականներին, իրենց անկախությունը չատեցին: Իսկ մեզ մոտ տարածվեց սովետական կարոտախտը… (Ի դեպ, տնտեսական և քաղաքական դժվարություններ կային և կան նախկին կայսրության ողջ տարածքում, սակայն 90- 96թթ. ամենահաջողակ իշխանությունը մերն էր, որովհետև բարդություններն աննախադեպ էին` քառամյա պատերազմ, 88-ի ավերիչ երկրաշարժի հետևանքներ, տնտեսական կապերի խզում, շրջափակում և այլն, սակայն հաղթանակներն էլ էին աննախադեպ` Արցախի ազատություն, Հայաստանի ինքնիշխանություն: Նշենք, որ պրոպագանդիստները ցայսօր հաղթանակները վերագրում են միմայն իրենց: Չէ՞ որ հաղթում էին` ի հեճուկս Լևոն Տեր-Պետրոսյանի… Տրամաբանություն մի′ փնտրեք: Չկա):
Եվ ահա հաղթական տարիները հայ քաղքենու համար դարձան «ցրտի ու մթի», իսկ հող գրավող իշխանությունը` հող հանձնող: Իսկ 90-ականների պրոպագանդիստական միֆոլոգիայի «հուժկու» ավարտը 96-ի նախագահական ընտրություններին հաջորդած ատելության գործողությունն էր` Ազգային ժողովի գրավումը և հայտնի կոչի` «ահա նրանք (իշխանավորները- Զ.Գ.), արեք, ինչ ուզում եք»-ի հետևանքը` առաջին արյունը այդ շենքում…
Բնավ չենք զարմանում, որ այսօրվա Հայաստանում նոր իշխանությանն ուղղված մեղադրանքները գրեթե նույնն են, մեղադրողները` նույնպես: Պլյուս- մինուս 1-2 անուն: Մնացյալը նույնն են: Ոչ անհայտ Վազգեն Մանուկյան` «համաշխարհային ազգի» հեղինակ և նախագահի չկայացած թեկնածու, որ քար լռություն պահպանեց, երբ Հայաստանի ինքնիշխանությունը երկրաչափական պրոգրեսիայով հանձնվում էր օտարին (հիշե′ք «գույք պարտքի դիմաց» ամոթալի գործարքը` Քոչարյանի օրոք, Պերմյակովի դատավարությունը `Ս. Սարգսյանի ժամանակ), երբ 2008-ի մարտի մեկին Երևանի կենտրոնում մարդկանց էին գնդակահարում: Գառնիկ Իսագուլյան, որ 90- ականներին խոստանում էր քաղաքի ծառերից կախել իշխանավորներին, որովհետև Ղարաբաղը «ծախում էին», իսկ այսօր կոչ է անում Արցախի իշխանություններին արտակարգ դրություն հայտարարել, որովհետև Հայաստանում որոշել են հանրաքվե անցկացնել:
Եվ դարձյալ ասենք` տրամաբանություն մի′ փնտրեք, այն չկա: Բայց նպատակն այսօր ավելի բացահայտ է` փրկել 20 տարի կուտակած աստղաբաշխական հարստությունը: Այս ցանկը կարելի է շարունակել, բայց իմաստ չունի: Ցավոք, ներկա իշխանությունը նունպես ամբոխահաճ է, չի կարողանում ազատվել 96-ի բարդույթից: Եվ գուցե սա է պատճառը, որ լուծումները կիսատ-պռատ են, ամբոխահաճ…
Եվ վերջապես ամենակարևորը. հենց սրանք էին այն գործոնները և գործող անձինք, որոնք 20 տարուց ավելի շահարկեցին 1996 թվականի նախագահական ընտրությունների միֆը: Վազգեն Մանուկյանն այն ժամանակ նախագահ չդարձավ, բայց հետո մեծ հաճույքով ստանձնեց Հայաստանի ինքնիշխանությունը զիջողների ջերմ պաշտպանի դերը: Դատե′ք ինքներդ, եթե ձեր ուղեղը մինչև վերջ չեն կերել ֆեյսբուքի տափակ ստատուսները և 90-ականների պրոպագանդայի թույնը:
Այսօր «ատելության խոսք» արտահայտությունը նորաձև է, այսօր սրա դեմ պայքարում են թե′ իշխանավորները, թե′ իրենց ընդդիմություն հորջորջածները: Երկու կողմն էլ, սակայն, դրանից չեն խորշում: Եկե′ք, այնուամենայնիվ, հետևենք ոչ այնքան բառապաշարին, որքան փաստերին, նպատակներին և փորձենք վերջապես պրոպագանդայի փոշուց մաքրել մեր տրամաբանությունը: Դժվար է, բայց հնարավոր է:
Զարուհի Գաբրիելյան