...

Ինչո՞ւ ռուսները մեզ չեն պահում

Ինչո՞ւ ռուսները մեզ չեն պահում

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորության թեկնածու Ռուբեն Ռուբինյանը` մեկնաբանելով ՀԱՊԿ քարտուղար Ստանիսլավ Զասի հայտարարությունը, ասել է.

«Տվյալ հայտարարությունը, բնականաբար, տարօրինակ է մեզ համար մի քանի պատճառով. նախ, պարոն Զասը նշում է, որ, փառք Աստծո, զոհեր չկան, ցավոք, զոհ կա, այս ընթացքում հայ զինծառայող է սպանվել ադրբեջանցի զինվորի կողմից, գերեվարվածներ են եղել: Երկրորդը՝ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին ՀԱՊԿ պայմանագրի երկրորդ հոդվածի, ինչպես նաև ճգնաժամային իրավիճակների արձագանքման ՀԱՊԿ կանոնակարգի հիման վրա: Ի՞նչ են դրանք նախատեսում, օրինակ, ՀԱՊԿ պայմանագրի երկրորդ հոդվածը, որի հիման վրա Հայաստանը դիմել է, այդ կետը նախատեսում է հետևյալ դեպքերը, երբ, օրինակ, ՀԱՊԿ անդամին կամ ՀԱՊԿ անդամներից մի քանիսի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը, անվտանգությանը կամ միջազգային խաղաղությանը և անվտանգությանը սպառնալիք կա»:

ՀԱՊԿ քարտուղարի հայտարարությունն իսկապես բավական մեծ աղմուկ է հանել Հայաստանում: Մենք նկատեցինք, որ դրանից հետո հակառուսական տրամադրությունների ալիք է բարձրացրել: Քաղաքական, հասարակական հայտնի շատ դեմքեր նույնիսկ կոչ են անում քննարկել ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցը: Կարծիքներ տեսանք, որ Ռուսաստանը հերթական անգամ դավաճանում է Հայաստանին, կամ՝ որ սրանով երևաց Ռուսաստանի թուլությունը, որն ի վիճակի չէ օգնել Հայաստանին, սաստել Ադրբեջանին:

Հիմնականում նմանատիպ տեսակետներն են գերիշխում: 

Բայց մենք փորձենք չտրվել հանրային տրամադրություններին ու մի քանի հարց առաջ քաշենք: Իսկ ի՞նչ են արել Հայաստանի իշխանությունները մինչև ՀԱՊԿ-ին դիմելը: Ի՞նչ քայլեր են ձեռնարկել: Ադրբեջանը ներխուժել է Հայաստանի տարածք: Հասկացանք: Ո՞րն է եղել դրա պատասխանը: Արդյոք համարժե՞ք է եղել պատասխանը: Մեր բանակը փորձե՞լ է ադրբեջանցիներին դուրս մղել մեր տարածքներից: 

Ոնց որ թե ոչ մի նման բան չի եղել: Այս ընթացքում զոհ ե՞նք ունեցել: Բայց նման դեպքեր եղել են հայ-ադրբեջանական հակամարտության ողջ ընթացքում: Նկատի ունենք սահմանային միջադեպերը: Գերինե՞ր. այդպիսի միջադեպեր էլ են եղել: Բայց երբ նման միջադեպեր են եղել, հայկական կողմն էլ է համարժեք գործողություններ իրականացրել: Բայց հիմա ոչ մի բան չեն արել: Ոչ Սյունիքում, ոչ Գեղարքունիքի մարզում:
Եվ ոչ մի քայլ չանելով՝ Ռուսաստանին պահանջներ են ներկայացնում: Կոպիտ ասած, ռուսներին ասում են. գիտեք ինչ, եկեք մեր փոխարեն մեր սահմանները պաշտպանեք: Ռուսներն էլ ասում են. եթե դուք չեք պաշտպանում, մենք ինչի՞ պետք է պաշտպանենք: 

Հաջորդը. Նիկոլ Փաշինյանը առաջարկեց, որ միջազգային դիտորդական խումբ ձևավորվի, որը կգա այստեղ և կզբաղվի հայ-ադրբեջանական սահմանի դեմարկացիայով, սահմանների ճշտումով և այլն: Ռուսներն ասում են՝ խնդիր չկա, թող գան, զբաղվեն, բայց դա նշանակում է, որ խնդիրն ընդամենը սահմանների ճշտման, սահմանազատման մասին է, այդ դեպքում ինչի՞ ենք մեզ ասում, թե սա ագրեսիա է: 

Հաջորդը՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե անիմաստ է լեռներում պոստեր դնել, տարին տասներկու ամիս ցուրտ է, ահագին անիմաստ ռեսուրսներ է խլում: Ռուսներն ասում են՝ ախպեր ջան, եթե սահմանները չես ցանկանում հսկել, ինչի՞ ես մեզ ասում՝ արի, հսկի: Սար ու ձորս ո՞րն է: Սահմանը սահման է: Եթե դու այդպես ես վերաբերվում քո սահմաններին, մենք ինչի՞ պետք է այլ կերպ վերաբերվենք:

Եվ վերջապես, ամենակարևոր խնդիրներից մեկը. մի կողմից ռուսներին անընդհատ պահանջներ են ներկայացվում, թե եկեք, մեր սահմանները պահեք, մեզ աջակցեք, մյուս կողմից՝ ամեն օր այդ նույն Ռուսաստանի դեմ հակաքարոզչություն է իրականացվում: Բոլոր հարթակներից: Մենք այս թեմային բազմիցս ենք անդրադարձել: Որ անընդհատ քարոզվում է, թե Ռուսաստանը դավաճանեց Հայաստանին արցախյան պատերազմում, որ սա ռուս-թուրքական ագրեսիա էր, որ Ռուսաստանը վստահելի գործընկեր չէ, էս վերջերս էլ շատ են գրում, թե արցախյան պատերազմում պարտվեցինք ռուսական անորակ զենքի պատճառով:

Ստանիսլավ Զասի հայտարարությունը նաև սրա պատասխանն է: Հա, իմիջիայլոց, հիմա դա էլ են տարածում, թե պատահական չէ, որ Զասը Բաքվում է սովորել, զինվորական կրթություն ստացել և այլն: Մոռանալով, որ Բաքվում մեր որոշ նախկին ղեկավարներ էլ են սովորել: Բանը հասել է նրան, որ Զասի ազգանունն էլ են սկսել ծաղրել, անուն կպցնել: 

Ահա այսպես. մի կողմից ասում են՝ Ռուսաստանին չի կարելի վստահել, մյուս կողմից՝ եկեք մեզ պահեք: Բա տուն-տունիկ չի՞: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1062 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ