«Որևէ մեկը չի կարող ժխտել, թե ինչ դաժան վերաբերմունք է եղել ՀՀԿ-ի նկատմամբ, աշխարհում երկրորդ դեպքը չի եղել, ինչպիսի վերաբերմունք եղավ ՀՀԿ-ի նկատմամբ, չեք կարող երկրորդը բերել՝ պառակտել, ազգը երկու մասի բաժանել, դագաղներ, աղբամանը նետել և այլն»։
Սա հատված էր ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Վահրամ Բաղդասարյանի հարցազրույցից՝ տրված Faktor.am կայքին:
«ՉԻ». Երկուսուկես տարի առաջ ոչ ոք չէր պատկերացնի, որ հանրապետականները նման փխրուն հոգի ունեն, այսքան զգայուն են տարատեսակ ակցիաների հանդեպ:
Հատկապես զավեշտալի է պնդումը, թե աշխարհում նման երկրորդ դեպքը չի եղել: Հեղափոխություններից հետո, մերժված քաղաքական ուժին ընդհանրապես արգելում են որպես քաղաքական միավոր, նրա ղեկավարները կամ բանտարկվում են, կամ էլ՝ գնդակահարվում: Շարքային անդամները երկար ժամանակ իրավունք չեն ունենում պետական պաշտոններ զբաղեցնել:
Հանրապետականների հանդեպ որևէ նման դրսևորում չի եղել. ի՞նչ իմաստ ունի խղճահարություն առաջացնել:
Սա ասում է մի քաղաքական ուժի ներկայացուցիչ, որն իր կենսագրության մեջ 2004 թվականի ապրիլի 13, Մարտի 1, Էլեկտրիկ Երևան և Սարի Թաղ ունի: Հիշեցնենք, որ այդ դեպքերի ժամանակ եղան իրական դագաղներ:
Եվ, ընդհանրապես, փաստաբանների պալատի 90 տոկոսը ձեր փաստաբաններն են. ինչո՞ւ մի ջախջախիչ հայց չեք ներկայացնում Հաագայի դատարան, թող ի վերջո դատապարտեն հայ ժողովրդին՝ ձեր նկատմամբ իրականացրած ոճրագործությունների համար: