...

Իրանի հետ ճիշտ աշխատանքը կարող է արդյունք տալ

Իրանի հետ ճիշտ աշխատանքը կարող է արդյունք տալ

Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին իրանական հեռուստատեսությամբ ելույթի ընթացքում անդրադառնալով արցախյան հակամարտությանն, ասել է. «Ցավոք սրտի՝ մեր հարևանների՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև պատերազմ է ընթանում։ Դա շատ ցավալի է, պատերազմը սպառնում է տարածաշրջանի անվտանգությանը և պետք է ավարտվի հնարավորինս շուտ»:

Նա նաև ընդգծել է, որ «ադրբեջանական տարածքները» պետք է վերադարձվեն Ադրբեջանին, որն «իրավունք ունի դրանք ազատագրելու», սակայն անհրաժեշտ է ապահովել Ղարաբաղում ապրող հայերի անվտանգությունը։

Ալի Խամենեին նաև խոսել է իրանական սահմանների մոտ ահաբեկիչների առկայության մասին. «Վստահելի զեկույցներ կան այդ հակամարտությունում որոշակի թվով ահաբեկիչների մասնակցության մասին։ Եթե նրանք հայտնվեն սահմանների մոտ, և վտանգ նկատվի, ապա նրանց կդիմավորեն վճռականորեն»:

«ՉԻ». Իրանի հոգևոր առաջնորդի այս հայտարարությունները համացանցում քննադատությունների տեղիք են տվել, մինչդեռ պետք է հնարավորինս զուսպ մնալ:

Իրանի փաստացի ղեկավարն ասել է այն, ինչը 1990-ականների պատերազմի ընթացքում էլ են ասել: Դա Իրանի դիրքորոշումն է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, որը փոփոխության չի ենթարկվել:

Պետք է հաշվի առնել, որ ի տարբերություն Թուրքիայի, Իրանը միշտ ընդգծված չեզոքություն է դրսևորել հայ-ադրբեջանական հակամարտության ողջ ժամանակաշրջանում, երբևիցե սահման չի փակել, ավելին, հենց Իրանի հետ ցամաքային կապն է երկար ժամանակ եղել մեր հաղորդակցության միակ հուսալի միջոցը արտաքին աշխարհի հետ: Ավելին, հենց նման չեզոքությունն է, որ ադրբեջանական որոշ քաղաքական շրջանակների այնքան դուր չի գալիս, որ պարբերաբար ակցիաներ են անում և Ադրբեջանի թշնամիների թվում՝ բացի Հայաստանից ու Ռուսաստանից, նաև Իրանին են նշում:

Թեպետ, Իրանի դիրքորոշման մեջ մի փոփոխություն, այնուամենայնիվ կա. դա իրենց սահմանների մոտ ահաբեկիչների առկայության խնդիրն է: Իրանում շատ լավ հասկանում են, որ Թուրքիայի և Իսրայելի կողմից ֆինանսավորվող, զինվող ահաբեկիչները վաղ թե ուշ զենքը կարող են ուղղել մեր հարավային հարևանի դեմ, այստեղ հեռուն գնացող հետևանքներով:

Այդ իսկ պատճառով, մենք Իրանի դիրքորոշման հենց այս պահը պետք է օգտագործենք՝ նրա հետ փորձելով հակաահաբեկչական որոշակի համագործակցություն սկսել:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   991 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ