«Ես ինքս` որպես իրավաբան, դժգոհելու տեղ չունեմ Սահմանադրական դատարանից: Եթե քաղաքական գործիչները դժգոհելու տեղ ունեն, դա իրենց գործն է: Ես չեմ զբաղվում քաղաքականությամբ, բայց որպես իրավաբան` գոհ եմ այսօրվա ՍԴ և կազմից, և իրենց գործունեությունից»,- հայտարարել է իրավաբան Արա Ղազարյանը 168.am-ի հետ զրույցում:
«ՉԻ». Պարզապես հանճարեղ է: Այսինքն՝ իրավաբանը գոհ է, որ ՍԴ անդամներն ապօրինի են պաշտոնավարում, քանի որ նրանց շեֆն իրավաբանորեն Սահմանադրության ՍԴ-ի վերաբերյալ դրույթների հերն անիծել է: Իրավաբանը գոհ է, որ ՍԴ նախագահն իր աշխատասենյակում ընդունում է Քոչարյանի փաստաբանին և հրամայում չգրանցել դա հյուրերի ցանկում: Իրավաբանը գոհ է, որ այս չափազանց կարևոր խնդիրը ՍԴ ներկա կազմը անգամ հարկ չի համարում քննարկել:
Եվ այսքանից հետո իրավաբանը հայտարարում է, թե չի զբաղվում քաղաքականությամբ: Ավելորդ համեստությունը տեղին չէ, Ղազարյանը լավ էլ զբաղվում է քաղաքականությամբ՝ անհաջող փորձեր անելով թաքնվել իրավաբանի պատմուճանի ներքո:
Այդ հարցազրույցում Ղազարյանը բազում քաղաքական գնահատականներ է տալիս, բայց ասում է՝ քաղաքականությամբ չեմ զբաղվում: Կարծես քաղաքականությամբ զբաղվելու համար պարտադիր է, որ Արմեն Ռուստամյանը մի հատ էլ իրեն հիշած լիներ, ինչպես Թովմասյանին էր հիշել:
Ղազարյանը հիշեցնում է ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվողի, ով գործունեություն է ծավալում, բայց չի ցանկանում խոստովանել և արդյունքում հարկեր վճարել: