«Կորոնավիրուս»-ին առնչվող ցանկացած չճշտված ինֆորմացիա, վիճակագրական կեղծ տվյալ կարող է խուճապ առաջացնել հանրության շրջանում` դրանից բխող անկանխատեսելի հետևանքներով:
Արտակարգ դրության իրավական ռեժիմով, ինչպես գիտենք, ԶԼՄ-ների համար որոշակի սահմանափակումներ են նախատեսված, ինչը հնարավորություն կտա կանխել վիրուսին առնչվող ապատեղեկատվության տիրաժավորումը, որը, ցավոք, շատ դեպքերում շահադիտական նպատակներով է արվում: Մասնավորապես ՀՀ-ում և ՀՀ տարածքներից դուրս վարակման առկա և նոր դեպքերի, անձանց առողջական վիճակի, վարակի աղբյուրների, առկա կամ հնարավոր վարակակիր անձանց հետ շփված այլ անձանց շրջանակի, զննում (վարակի թեստավորում) անցնող անձանց և մեկուսացվածների քանակի, ինչպես նաև խուճապի հանգեցնող կամ խուճապային իրադրություն ստեղծելու վտանգ պարունակող տեղեկությունների վերաբերյալ հրապարակումների, տեղեկատվական նյութերի, հարցազրույցների, հաղորդումների հրապարակային տարածումը, փոխանցումը, ներառյալ` ինտերնետային կայքերում և սոցիալական ցանցերում դրանց հրապարակումների ձևով, ֆիզիկական և իրավաբանական անձանց, այդ թվում` զանգվածային լրատվության միջոցների կողմից կատարվում է միայն պաշտոնական տեղեկատվությանը հղում կատարելով:
Պարզվում է, սակայն, որ որոշ փորձագետներ այնքան էլ համաձայն չեն արտակարգ դրության որոշման մեջ առկա ձևակերպումների հետ, քանի որ, դրանք, ըստ նրանց, հստակեցման կարիք ունեն: Մասնավորապես այն, թե ինչը կարող է համարվել խուճապ առաջացնող տեղեկություն: Մասնավորապես միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանը կայքերից մեկի հետ զրույցում ահա թե ինչ է ասել. «Հնարավոր է պաշտոնապես հաստատվել է 84 դեպք, լրատվամիջոցն ասում է իմ աղբյուրների համաձայն 86 է, բայց միևնույն ժամանակ հղում է կատարում պաշտոնական աղբյուրի վրա` ասելով, որ պաշտոնական աղբյուրներն ասում են 84: Նման լրատվությունը բալանսավորված է գնում, և այդ լրատվության համար չպետք է պատասխանատվության ենթարկել զուտ նրա համար, որ հրապարակվել է պաշտոնական տեսակետից տարբերվող ինֆորմացիա: Կարևորն այն է, որ արվել է բալանսավորված, հավասարակշռված, լրագրողական էթիկայի նորմերի պահպանմամբ, պատասխանատու լրատվության սկզբունքների պահպանմամբ»:
Եթե նման բան հայտարարեր որևէ դիլետանտ, իրավաբանությունից մակերեսային գիտելիքներ ունեցող մեկը` գուցե ուշադրություն չդաձնեինք, թեև վիրուսի թեմայով նույնիսկ ամենադիլետանտ հայտարարությունները կարող են անդառնալի հետևանքներ ունենալ` թյուրիմացության մեջ գցելով հանրությանը: Բայց նման անհեթեթ հայտարարություն է անում միջազգային իրավունքի մասնագետը՝ այսպիսով միտումնավոր խրախուսելով ԶԼՄ-ների անբարեխիղճ, անպատասխանատու աշխատանքը, որը առաջացնելու է վարչական պատասխանատվություն:
Հարց է առաջանում, եթե ԶԼՄ-ն վիրուսին վերաբերող տեղեկություն ունի, ապա բարեխղճությունն ու լրագրողական էթիկան ենթադրում են, որ այն պետք է ճշտել պաշտոնական աղբյուրից, որը կա՛մ կհերքի, կա՛մ կհաստատի ինֆորմացիան: Եթե շարժվելու լինենք Ղազարյանի տրամաբանությամբ, ապա կարելի է լուր գրել ու մի ճոխ թիվ ներկայացնել: Ասենք` «ըստ մեր տեղեկությունների՝ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը 500 է, սակայն ըստ պաշտոնական տեղեկության` 84»: Սա, ըստ Ղազարյանի, փաստորեն, կլինի բալանսավորված` սկզբում ԶԼՄ-ն խուճապ առաջացնող տեղեկությունն է սղացնում, հոգեխանգարմունքի հասցնում ընթերցողին, հետո գրում, որ պաշտոնական տվյալներն այլ են: Հարց է ծագում` որտեղի՞ց ԶԼՄ-ին նման տեղեկություն, եթե վիրուսակիրների թիվ ներկայացնելու համար անպայման պետք է նրանք նախ թեստավորում անցնեն, պարզվեն դրա արդյունքները, հետո նոր վիճակագրություն կազմվի: Նշանակում է` ՀՀ-ում առողջապահության նախարարությունից բացի գործում են «պոդպոլնի» կենտրոններ, որտեղ մարդկանց թեստավորում են ու, փաստորեն, այլընտրանքային տվյալներ ներկայացնում ԶԼՄ-ներին: Կատարյալ մառազմ, անհեթեթություն:
Նույն ղազարյանական տրամաբանությամբ եթե շարժվեին ԶԼՄ-ները 2008-ին հայտարարված արտակարգ դրության օրերին, ապա կարող էին այսպիսի լուր գրել. «Ըստ մեր տեղեկությունների` մարտի 1-ի դեպքերի ժամանակ զոհվել է 30-ից 50 հոգի, սակայն ըստ պաշտոնական տվյալների` 10»: Թե որտեղ կհայտնվեին նման բան գրող ԶԼՄ-ների ղեկավարներն ու լրագրողները (վարչական տուգանքը չհաշված)` հեղափոխությունից հետո անճանաչելի դարձած Արա Ղազարյանը մեզանից լավ գիտի:
Ելենա Ազատյան