Արդեն տեղյակ եք, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2023 թվականի նոյեմբերի 15-ի որոշմամբ համաձայնություն է տրվել, որ «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 100%-ը «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերությանը վաճառվի։
«Հետքը» պարզել է, որ ձեռք բերող ընկերության և դրա բաժնետերերի շղթայի մաս կազմող ընկերությունները 2022թ. Կիպրոսում գրանցված և ոլորտում անհայտ ընկերություններ են:
Մասնավորապես, «Ֆեդիլքո գրուպ լիմիթիդ»-ը (FEDILCO GROUP LIMITED) գրանցվել է 2022թ. ապրիլի 20-ին: Այստեղ համապատասխանաբար 75 և 25 % մասնակցությամբ բաժնեմաս ունի Կիպրոսում գրանցված երկու ընկերություն` «Նոֆալ հոլդինգ լիմիթիդ»-ը (NOFAL HOLDINGS LIMITED) և «Օրտասանո ինվեսթմենթս լիմիթիդ»-ը (ORTASANO INVESTMENTS LIMITED):
«Նոֆալ հոլդինգ լիմիթիդ»-ը գրանցվել է 2022թ. ապրիլի 18-ին և 100% բաժնեմասով պատկանում է «Վայմթեդ լիմիթիդ»-ին (WIMTHED LIMITED):
Գլուխներդ շատ չցավեցնենք, պարզ ասենք, որ հեռահաղորդակցության ոլորտի խոշորագույն ընկերություններից մեկը վաճառվում է օֆշորային ընկերությանը: Հատուկ այս գործարքի համար Կիպրոսում ձևական ընկերություններ են ստեղծել: Դրա համար, երբ իշխանություններին հարցնում են, թե ով է գնորդը, ասում են՝ գաղտնիք է: Իհարկե, գաղտնիք է: Առայժմ գաղտնիք է: Հետո, իհարկե, կպարզվի, թե ովքեր են այս գործարքի թիկունքում կանգնած, ովքեր են իրական շահառուները:
Բայց ամենահետաքրքիրն այն է, որ գործարքը իրականացնում են այն իշխանությունները, որոնք տարիներ շարունակ ճվճվում էին կոռուպցիոն գործարքների, օֆշորային մութ խարդախությունների մասին, իբր պայքարում էին դրանց դեմ:
Հիմա ներկայացնենք, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը օֆշորային գործարքների մասին ինչեր է ասել ժամանակին: Գնացինք.
***
«Կարո՞ղ եք բացահայտել տեղեկությունները հանրահայտ օֆշորային սկանդալի մասին. մամուլում հրապարակումներ եղան, որ Տիգրան Սագսյանը Նավասարդ Կճոյանի և երրորդ անձի հետ օֆշորային գոտում բացել է հաշվեհամար, որի արդյունքում Հայաստանի բանկերից մեկի կողմից տրված 10 միլիոն վարկը անհայտ վիճակում է հայտնվել: Մամուլում տեղեկություններ կան, որ այդ գործում Տիգրան Սարգսյանն անձամբ մեծ դերակատարություն է ունեցել», Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում 2012-ի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ, 01.06.2013թ.:
***
«Օֆշորի գործը մինչ այժմ կոծկվելու ճանապարհով է գնացել, և որևէ կասկած չկա, որ մինչև վերջ էլ այդպես է լինելու: Ունենալու ենք մի վիճակ, երբ արդյունքը լինելու է հակառակ հանրության համոզմունքին: Գործ ունենք կոռուպցիայի դասական օրինակի հետ: Միշտ ՀՀ իշխանություններն ասում են, որ արդյոք կոռուպցիայի մասին փաստեր ունեք: Սա այն դեպքերից է, որ ոչ միայն փաստեր կան, այլև դրանք հիմնավորված են և փաստաթղթերը հրապարակված: Հիմա ի՞նչ է ասում այդ իշխանությունը. ասում է՝ չէ, սա այն փաստը չէ, որ պիտի ունենանք, սա ուղղակի անակնկալ էր: Վատն այն է, որ նման կոռուպցիոն դեպքերն այլևս անակնկալ չեն ՀՀ քաղաքացիների համար», 17.07.2014թ.:
***
«Այսօր բազմաթիվ միջազգային կազմակերպություններ և գործընկեր պետություններ պատրաստակամություն են հայտնում, որպեսզի մեզ աջակցեն օտարերկրյա պետություններում և օֆշորային գոտիներում ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների ունեցած ակտիվները բացահայտելու, սառեցնելու և Հայաստան վերադարձնելու հարցով: Եվ մենք պետք է ամեն ինչ անենք այդ գործիքից արդյունավետ օգտվելու համար, բայց ինքներդ եք հասկանում, որ հիմա շատերը, որոնք հասկանում են, որ իրենց ժամերը հաշված են, որ իրենց տեղը բանտում է, որ իրենք պատասխան են տալու ժողովրդի առաջ, սկսել են իրենք իրենց ներկայացնել որպես քաղաքական հալածյալներ, որպես քաղաքական հետապնդումների զոհ», Նիկոլ Փաշինյանի ելույթից պաշտոնավարման 100 օրվան նվիրված հանրահավաքին, 17.08.2018թ.:
***
«Այդտեղից տպավորություն էր, որ Հայաստանի հանքերի մեծ մասը կառավարվում է մի կետից, և դա ինքնին տարօրինակ փաստ է, կարծում եմ, որ արժի մեր իրավապահ մարմինները զբաղվեն դրանով: Ու մինչև վերջին մարդուն, օֆշորի օֆշորին էլ գնալու են, գտնեն և բացահայտեն», 21.02.2019թ.:
***
«Շատ դեպքերում այն, ինչ անվանել եք ներդրումներ, ընդամենը օֆշորային պրոցեսներ են եղել, հիմա նոր ամեն ինչ, պրոցեսները պետք է զրոյից սկսել», 05.04.2019թ.:
***
«Համաձայն չեմ, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի 15 տոկոսը կառավարությանը նվիրելը մութ գործարք է: Եթե 15 տոկոսի սեփականատերը լիներ ոչ թե կառավարությունը, այլ մի օֆշորային ընկերություն, իսկ դրա սեփականատերը լիներ մեկ այլ օֆշորային ընկերություն, իսկ դրա սեփականատերը լիներ վարչապետի ընտանիքի անդամ, դա կլիներ մութ գործարք», 06.10.2021թ.:
Մանավանդ, այս վերջինն ամենաբոցն է. փաստորեն, խոստովանում է, որ «ՄՏՍ Հայաստան»-ի վաճառքը մութ գործարք է: