Քանի որ երեկվանից ամբողջ համացանցը, մեդիադաշտը ծնգլահան են անում Լիլիթ Մակունցի թեմայով, մեղք կլիներ մի անգամ էլ այս թեմային չանդրադառնալ, բայց՝ այլ տեսանկյունից:
Երևի մի 10 օր առաջ մամուլում լուրեր տարածվեցին, որ իշխանությունները ցանկանում են «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին նշանակել ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան:
Երեկ Լիլիթ Մակունցն ինքն է հաստատել, որ իրեն դեսպան նշանակելու հարցը քննարկվում է: Այսինքն, ավելի վաղ տարածված լուրերը համապատասխանում են իրականությանը:
Ու մեզ մոտ մի հարց է առաջանում. կա՞ արդյոք մի բան, որ այս իշխանությունները կարող են գաղտնի պահել: Մեր իշխանությունները կարծես տեղեկությունների արտահոսքի համաշխարհային բնօրրանը լինեն: Սա ի՞նչ իշխանություն է, եթե նույնիսկ դեսպան նշանակելու մտադրության մասին բոլորը բարեհաջող կերպով նախօրոք իմանում են:
Մեկ-մեկ այնպիսի տպավորություն է, որ մեր իշխանությունները որ մի կարևոր հարց են քննարկում, կողքից մի դյուժին լրագրող դա գրի է առնում ու անմիջապես հրապարակում:
Սա նշանակում է, որ իշխանությունները կոնֆիդենցիալ ծրագրեր, քննարկումներ ի վիճակի չեն իրականացնել: Խնդիրը Մակունցը չէ: Սա նշանակում է, որ իշխանությունների ներսում անվստահելի բազմաթիվ գործիչներ կան, որոնք պարբերաբար տեղեկատվական արտահոսք են իրականացնում: Եթե այդ անվստահելի, անհուսալի մարդիկ զուտ իշխանությունների համար անվստահելի լինեին, կասեինք, դե, դա իշխանությունների պրոբլեմն է:
Բայց սա նաև մեր պրոբլեմն է, որովհետև սա ազգային անվտանգության խնդիր է: Որովհետև մեր երկիրը ի վիճակի չէ իրականացնել պետության շահերից բխող այնպիսի գործողություններ, որոնք հասու չլինեն արտաքին աշխարհին: Լինեն դրանք կադրային նշանակումներ, ռազմավարական ծրագրեր, ռազմական և այլ գերգաղտնի փաստաթղթերի ու ծրագրերի մշակում: Ինչ անում են, անմիջապես բոլորս դրան տեղյակ ենք լինում: Չունենք հատուկ ծառայություններ, ԱԱԾ, որոնք կպարզեին արտահոսքի աղբյուրներ: Ոչ մի բան չունենք:
Դե, եթե մենք իմանում ենք իշխանությունների ծրագրերի մասին, նշանակում է, դրանց մասին իմանում են նաև մեր հարևան երկրները, Ադրբեջանը, Թուրքիան, Իրանը: Մի խոսքով՝ ամբողջ աշխարհը: Ավելին, մեզ թվում է, որ օրինակ, Ադրբեջանը, մեզանից էլ լավ գիտի, թե իշխանությունների ներսում ինչ է կատարվում: Եվ դրանից բխող քայլեր է իրականացնում:
Լրջանալու կոչ չենք անում. անհույս ա: