...

Ջհանգիրյանի ճեպազրույցի տանջալի րոպեները

Ջհանգիրյանի ճեպազրույցի տանջալի րոպեները

ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը ՀՀ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանին առաջադրել է ԲԴԽ անդամի թեկնածուի պաշտոնում: Գագիկ Ջհանգիրյանը համաձայնվել է:

Այսօր «Իմ քայլը» խմբակցության հետ հանդիպումից հետո Ջհանգիրյանը ճեպազրույց տվեց լրագրողներին:
Որպես կանոն, խորհրդարանական ճեպազրույցներին չենք հետևում, բայց այս դեպքում զուտ մարզական հետաքրքրությունից ելնելով, հաշվի առնելով Գագիկ Ջհանգիրյանի ֆիգուրը, նրա անցած ճանապարհը, նրա անվան հետ կապված բազմաթիվ շահարկումները, լուրերը, ասեկոսեները, որոշեցինք դիտել լրագրողների հետ նրա հանդիպումը:

Ղալաթ արեցինք, որ նայեցինք: Դա տանջանք էր: Այնպիսի տպավորություն էր, որ ոչ թե Գագիկ Ջհանգիրյանն է ճեպազրույց տալիս լրագրողներին, այլ լրագրողները՝ Գագիկ Ջհանգիրյանին: Աղետալի է լրագրության վիճակը: Անզուսպ պահվածք, անհավասարակշիռ վարքագիծ, մարդուն լսելու ունակության բացակայություն, հոխորտանք, մուննաթ, ադեկվատ հարցեր տալու իսպառ բացակայություն, թեմային չտիրապետում, մասնագիտական էթիկայի զրո մակարդակ: Մենք սա տեսանք: 

Բա հարցե՞րը: Էդ ի՞նչ հարցեր էին տալիս: Հարցերի կեսը օդում կախված լուրերը մեկնաբանելու պահանջն էր: Ոչ թե խնդրանքը, այլ հենց պահանջը:

Բերենք ընդամենը մեկ օրինակ: Հարց տվողը Yerevan.Today-ից էր: Ամբողջությամբ ներկայացնում ենք այդ լրատվամիջոցի լրագրողի հարցը: Մի բառ անգամ չենք փոխում:

«Պարոն Ջհանգիրյան, դուք, համենայնդեպս, մի իշխանության, մի մարդու առաջարկով եք գալիս, դառնում ԲԴԽ անդամ, որի հրաժարականն են պահանջում երկրում շատ տարբեր ինստիտուտներ, այդ թվում՝ սփյուռքից մի քանի տասնյակ կառույցներ և պնդումներ կան, որ այն եռակողմ ակտը, որը ստորագրվել է, և որի հիմա վրա Արցախի մեծ մասը կորսվել է և դեռ շարունակվում են Հայաստանի սահմաններից կորսվել, սա դավաճանական գործողություն էր»: 

Այստեղ պաուզա տանք, որ կարողանաք շունչ քաշել: Հիշեցնում ենք, այս մեջբերումը հարց է: Ոչ թե ելույթ, այլ հարց: Բայց այն դեռ չի ավարտվել: Շունչ քաշեցի՞ք: Դե, շարունակենք մեջբերումը:

«Ի դեպ, կուզեի ձեր գնահատականն այս ակտին: Սա ի՞նչ է ձեզ համար՝ որպես իրավաբան և արդյոք դուք չե՞ք տեսնում դավաճանական գործողություն այս իշխանության արարքներում: Հետևե՞լ եք Մովսես Հակոբյանի և մնացած բոլոր պաշտոնյաների ելույթներին: Միանգամից գնահատական տվեք»: 

Այս վերջին նախադասությունն, իհարկե, սպանում է: Լրագրողը հանդես է գալիս բոցաշունչ ելույթով ու վերջում պահանջում՝ դե, գնահատական տուր: 

Սա է մեր լրագրության մակարդակը: Մարդուն առաջարկել են ԲԴԽ անդամի պաշտոնը, բայց հարցնում են եռակողմ հայտարարությունից, Մովսես Հակոբյանի ելույթից, սփյուռքի կառույցների հայտարարություններից: Մենակ ԲԴԽ-ի, դատական համակարգի հետ կապված հարցեր չեն տրվել: Ու ճեպազրույցում հիմնականում նման կարգի հարցեր էին տալիս: 

Նախկին իշխանություններին որ մեղադրում են, թե երկրի տնտեսությունը փոշիացրել են, մոնոպոլիաներ են սարքել, կոռուպցիա, բանակը չեն հզորացրել, Արցախի հարցը չեն լուծել և այլն, սա էլ պետք է նշվի, որ ժուռնալիստիկայի հերն էլ են անիծել: Հազար ներողություն, բայց բազմաթիվ շնորհալի, նորմալ լրագրողների տարիներ շարունակ ժեխ են սարքել: Զրկել են ինքնուրույն մտածելու, գործելու, լրագրողական պրոֆեսիոնալիզմը պահպանելու, լրագրողական էթիկայով առաջնորդվելու ունակություններից: Դրա համար էլ այս օրն ենք ընկել: Նման ոճի հարցեր են հնչում: Եթե դրանք կարելի է, իհարկե, հարցեր անվանել: Ու հատկապես քոչարյանական լրատվամիջոցների ներկայացուցիչները, ամեն տեղ գնում, թուք ու մուր են թափում, ու իրենցից գոհ, բավարարված, թե բա տեսա՞ք, ոնց «կզզցրինք» այս կամ այն պաշտոնյային: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   949 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ