ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը՝ լրագրողի այն հարցին, թե՝ օրինակ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանն ունա՞կ է օրենքներ մշակել, պատասխանել է. «Ես Թագուհի Ղազարյանին դեռ չեմ ճանաչում»:
«ՉԻ». Ընդհանրապես, երեք տարին ահագին ժամանակ է, որպեսզի պատգամավորները խորհրդարանում նույնիսկ պահակներին ու խոհարարներին անուններով ճանաչեն: Բայց եթե նույն խմբակցության պատգամավորները դեռ չեն հասցրել իրար ճանաչեն, ուրեմն, մի բան այն չէ:
Ասում ենք՝ կարո՞ղ է, այս մարդիկ մինչև հիմա չգիտեն, որ նույն խմբակցությունից են: Կամ էլ Թագուհի Ղազարյանը առ այսօր ԲՀԿ խմբակցության շարքերում է նստում, նրանց նիստերին մասնակցում, ու Հակոբ Ասլանյանի աչքով այս երեք տարում ոչ մի անգամ չի ընկել: Մարդ ես, հիմա կարող է, մինչև հիմա իրար ռաստ չեն եկել:
Մենք պատրաստ ենք ինքնակամ մեր ուսերին վերցնել «Իմ քայլի» պատգամավորներին իրար ծանոթացնելու առաքելությունը: Ֆեյսբուքյան մի էջ բացենք, նրանց բոլորին թեգենք, այդ էջ բերենք, տեղեկացնենք, որ իրենք նույն խմբակցությունից են: Լրիվ անվճար կանենք:
«Չորրորդ իշխանություն», թիվ 15, 2021