...

Կոնկրետ որի՞ պատվիրատուն է Նիկոլ Փաշինյանը

Կոնկրետ որի՞ պատվիրատուն է Նիկոլ Փաշինյանը

«Գելլափ Ինթերնեյշնլ Ասոցիացիան» վերջերս Հայաստանում անցկացված սոցհարցման արդյունքներ է հրապարակել։ Դրանց համաձայն՝ Նիկոլ Փաշինյանի այսպես կոչված «դրական վարկանիշը» (այն մարդկանց տոկոսը, որոնք նրա գործունեությունը գնահատում են լիովին կամ ավելի շուտ դրական) այս տարվա մայիսին եղել է ընդամենը 27,8 տոկոս, իսկ հուլիսին դարձել է 35,1 տոկոս։

Հիշեցնենք, որ հենց մայիսին սկսվեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը։ Այսինքն՝ փաստացի ստացվում է, որ Հայաստանում ընդդիմադիր շարժում է սկսվում, երկու ամիս շարունակ ակցիաներ է իրականացնում, ու այդ ամենի արդյունքում․․․ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը բարձրանում է։ Այստեղ երկու տարբերակ կա․ իշխանությունները կամ «Գելլափ Ինթերնեյշնլ Ասոցիացիայի» անցկացրած հարցմա՛ն պատվիրատուներն են, կամ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմա՛ն։ 

Միայն թե հանկարծ չփորձեք որևէ այլ բացատրություն փնտրել։ Առավել ևս՝ հանկարծ չհամարձակվեք այնպիսի ֆանտաստիկ ենթադրություն անել, թե իբր հնարավոր է՝ պատճառն այն է, որ ընդդիմադիր շարժումն այդպես էլ որևէ կոնկրետ ծրագիր չառաջարկեց։ Միանգամից չորս կողմից վրա կտան ու ընդդիմությունից կոնկրետ ծրագիր ակնկալելը կներկայացնեն որպես չտեսնված-չլսված սրբապղծություն։ Ու շատ էլ ճիշտ կանեն․ դա ի՞նչ անհեթեթություն է, ո՞վ է տեսել, որ ծանրակշիռ քաղաքական ուժերը կոնկրետ ծրագրեր ներկայացնեն։ Հայաստանը հո սովորական երկիր չի՞, որ ներքաղաքական գործընթացները սովորական հունով գնան։ Մենք առանձնահատուկ երկիր ենք, որտեղ ներքաղաքական ռազմադաշտում միմյանց են բախվում «Ծառեր տնկենք, որ սահմանն ապահով լինի» և «Բարին հաղթելու է չարին» հիրավի աշխարհացունց և սաստիկ առարկայական կոնցեպտները։

Հետո՞ ինչ, որ ոչ ծառերն են անվտանգություն ապահովում, ոչ էլ բարին է հաղթում չարին։ Մենք ի՞նչ մեղավոր ենք, դա էլ երևի հայի բախտ է։ 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2575 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ