«Հայաստան» դաշինքի պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարել է. «Եթե մենք իմանայինք, որ ԱԺ փոխնախագահ չառաջադրելով կստեղծվեր ճգնաժամ, մենք չէինք առաջադրի»:
«ՉԻ». Իսկական դաշնակն իր կյանքում երեք բան պետք է անի՝ զենքի վրա երդվի, հյուրանոց ունենա, ճգնաժամ ստեղծի:
Իշխան Սաղաթելյանը, կարելի է ասել՝ թոփ-դաշնակ է: Իդեալական: Լինելով այսքան ջահել՝ հասցրել է երեք պարտադիր պայմանները կատարել:
Ընդհանրապես, միակ բանը, որ Դաշնակցության մոտ 130 տարի լավ է ստացվել, ճգնաժամեր ստեղծելն է: Որքան վատ, այնքան՝ լավ. դա է եղել նրանց նշանաբանը:
1990-ական թվականներին, երբ Վազգեն Սարգսյանն իր զինակիցներով գնում էր Ղարաբաղ՝ ճգնաժամային իրավիճակը շտկելու, դաշնակներն այդ պահին Երևանի կենտրոնում ամեն օր միտինգ էին անում՝ ստեղծելով ներքաղաքական ճգնաժամեր:
Երբ Հայաստանի իշխանությունները կոպեկ-կոպեկ հավաքում, դրսից աներևակայելի դժվարություններով զենք էին բերում ու հասցնում Արցախ, դաշնակներն այդ պահին հարյուր հազարավոր դոլարներ էին ծախսում՝ սեփական տպարաններ բացելու, նորանոր թերթեր տպելու համար, որպեսզի հակաքարոզչությամբ արագացնեն քաղաքական ճգնաժամը:
Երբ Հայաստանի իշխանությունները դիզվառելիքն ու բենզինը մեքենաներով դրսից ներկրում էին, որ շուտ մատակարարեն Արցախում կենաց-մահու կռիվ տվող բանակին, դաշնակներն այդ պահին տասնյակ հազարավոր դոլարներով «դվիժոկներ» էին ներկրում, որ իրենց տպարաններն անխափան աշխատեն, որ քաղաքական ճգնաժամերի համար անհրաժեշտ քարոզչությունը կանգ չառնի:
Երբ Հայաստանի իշխանությունները եռամսյա հավաքների միջոցով փորձում էին համալրել Արցախում կռվող ջոկատների շարքերը, նույն պահին դաշնակները Երևանում զինված ջոկատներ էին ստեղծում՝ այդ նույն իշխանությունների դեմ ահաբեկչական գործողություններ իրականացնելու համար, որպեսզի իրենց բաղձալի ճգնաժամը վերջապես լիակատար ստացվի:
Ահա այսպես, հիմա իրենք չեն էլ թաքցնում, որ իրենց միակ նպատակը ճգնաժամ ստեղծելն է: Ոչ թե խաղաղություն, կայունություն, համերաշխություն, համագործակցություն, այլ բացառապես ճգնաժամ:
Հ.Գ. Այսօր ԱԺ աշխատակազմի ղեկավարը Panorama.am-ի ֆոտոլրագրող Լիլիան Գալստյանի մուտքը խորհրդարան արգելել է, ինչի մասին գրավոր հայտնել է կայքին: Պատճառը՝ Լիլիանը երեկ արձանագրել էր լուսանկարներով, թե ինչպես են զինվորական հագուստով անձինք արգելում լրագրողների տեղաշարժը ԱԺ շենքում:
Թվում է, թե սա թեմայի հետ կապ չունի: Ունի, որովհետև իշխանություններն ի դեմս լրագրողների են տեսնում ճգնաժամ ստեղծողների, ոչ թե՝ այդ մասին հայտարարողների: